HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մայրը պնդում է, որ դպրոցում վիրավորել են որդուն, իր հանդեպ էլ բռնություն կիրառել, նա դիմել է ոստիկանություն

Լիանա Հունանյանն ապրում է Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Նրա դուստրը սովորում է 2-րդ դասարանում, որդին՝ 4-րդ։ Ապրիլի 19-ին որդու եւ դասընկերների միջեւ վիճաբանություն է եղել։ Մոր խոսքով՝ որդուն դասընկերները հարվածել են, նա էլ հայհոյել է դասընկերներին։ Լիանայի պատմելով՝ դասղեկ Մարգարիտ Պետրոսյանը, դասընկերների ներկայությամբ, որդուն հոգեկան հիվանդ է անվանել։ Հաջորդ օրը՝ ապրիլի 20-ին, Լիանա Հունանյանը գնացել է դպրոց՝ միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու։  Վեճի ընթացքում, կնոջ պնդմամբ, մաթեմատիկայի ուսուցիչը, որը նաև դպրոցի տնօրենի՝ Բավական Գևորգյանի ամուսինն է, քաշքշելով դուրս է հանել Լիանային դպրոցից, որից հետո դասղեկ Մարգարիտ Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի ու նրա մոր հասցեին։ Հաջորդ աշխատանքային օրերին Լիանայի որդին հրաժարվել է դպրոց գնալ, քանի որ միջադեպից հետո դասընկերները ծաղրել են նրան։ Լիանա Հունանյանը նաև ոստիկանություն է դիմել։ Նրան և որդուն կանչել են հարցաքննության։

«Ինձ եկան, ասեցին՝ արի բոքս կպնենք, ասի՝ չէ, հետո սկսեցին քաշել, խփել, իմ ուժն էլ չպատեց, ես էլ քֆուր տվեցի, հետո դասատուն ինձ ասեց՝ հոգեկան հիվանդ, դեղերդ խմի, նոր արի դպրոց։ Էն մի օրը մաման եկավ դպրոց, հետո, որ մամային քաշելով դասարանից հանել են, դասատուն ինձ ու մամայիս վատ-վատ բառեր ասեց, ասեց՝ թանկդ թաղեմ, ես էլ չուզեցի դպրոց գնամ, որ էլ ձեռ չառնեն»,- պատմում է Լիանայի որդին։

Լիանա Հունանյանը վրդովված է ոչ թե դասընկերների միջև տեղի ունեցած վեճից, այլ նրանից, որ ուսուցիչը վիրավորել է որդուն։ «Ես չեմ ժխտում, բնականաբար, զայրացած գնացել եմ դպրոց, բայց այն վերաբերմունքը, ինչ ցույց են տվել իմ ու իմ երեխայի նկատմամբ, դա աններելի է, ես հղի վիճակով, ինձ քաշքշելով դուրս են հանում, անպատվում են, ինձ դուրս հանելուց հետո տղայիս են վիրավորում, դասղեկը ամենավերջին բառերով վիրավորում է մեզ։ Իմ մայրն էլ է մանկավարժ, ես չեմ հիշում մի դեպք, որ մայրս երեխային հոգեբանական վատ վիճակի հասցնող վիրավորանք ասած լինի»,- պատմում է Լիանան։

Ըստ նրա՝ եթե իր նկատմամբ բռնություն կիրառված չլիներ, երեխային հրապարակային հոգեկան հիվանդ չանվանեին, չէր դիմի ոստիկանություն։

«Հետքը» դիմել է դպրոցի տնօրենին, Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչություն և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին միջադեպի մյուս կողմերի կարծիքները լսելու համար։

Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցը մեզ հայտնեց, որ միջադեպի մասին տեղյակ են։ Ըստ վարչության աշխատակցի՝ ծնողը չափազանցնում է, բացի այդ՝ դպրոցի տնօրինությունից փոխանցել են, որ երեխան ունի մտավոր խնդիրներ ու դժվար է ենթարկվում։

Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը նշեց, որ դեպքի մասին չգիտեն, բայց համագործակցելով կրթության վարչության հետ՝ ընթացք կտան։

Դպրոցի տնօրեն Բավական Գևորգյանը հերքեց Լիանա Հունանյանի ասածները։

-Ամեն կերպ ուզում է դպրոցի անունը պախարակել, խայտառակել, բայց դա նրա մոտ չի ստացվի:

-Ինչու՞ պիտի ծնողը նման բան ուզի։ 

-Իր երեխան ոչ ոքի հետ չի հարմարվում, անընդհատ նման պատմություններ։

Տնօրենը նշեց, որ աշակերտն ունի հոգեկան առողջության խնդիր, բայց հերքեց, թե դասղեկ Պետրոսյանը աշակերտին հոգեկան հիվանդ է անվանել։

«Ինքը՝ որպես ծնող, իր երեխայի հանդեպ ուշադիր չէ, ի՞նչ է ուզում մեզնից, ամբողջ օրը գալիս, վիճում, ինչ-որ հարցեր է ուզում պարզել, ինչպե՞ս կարելի է նման տոնով խոսել ուսուցչի հետ»,- ասաց տնօրենը։

Նրա խոսքով՝ ոչ ոք Լիանային հրմշտելով դպրոցից չի հանել, նա ինքնակամ է հեռացել, իսկ դասարանում վիճաբանություն սկսել է Լիանան՝ վիրավորելով ուսուցչին։ Տնօրենը մի քանի անգամ ընդգծեց, թե աշակերտն առողջական խնդիրներ ունի։

֊Երեխան խնդիրներ ունի։

֊Իսկ դա ի՞նչ կապ ունի՝ խնդիրներ ունի՞, թե ոչ։ 

-Կապ չունի, իհարկե, մենք պարտավոր ենք աշխատել բոլոր երեխաների հետ, նկատի ունեմ կոնֆլիկտ կարող է լինել, քանի որ հատուկ մասնագետի աշխատանքի կարիք կա։

Տնօրենը նշեց՝ տեղյակ է, որ ծնողը դիմել է ոստիկանություն, ինքն էլ, որպես դպրոցի տնօրեն, պատասխան քայլերի կդիմի։

Գլխավոր լուսանկարը՝ Գեղադիրի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter