
Ալիևը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումն անվանել է «Ադրբեջանի սուվերեն իրավունք»
Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումը «Ադրբեջանի սուվերեն իրավունքն է»։ Այդ մասին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ-անցագրային կետի տեղադրումը՝ Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը-խմբ.) ճանապարհի սկզբին, համարվում է երկրի սուվերեն իրավունքը և նրա տարածքային ամբողջականության ապահովման արտահայտումը»,- Ալիևի խոսքը ներկայացրել է նրա մամուլի ծառայությունը։
Ալիևը Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Նրա խոսքով՝ Հայաստանը «թույլ չի տալիս ստեղծել Նախիջևանի հետ միջանցք, չի հանում իր զորքերն Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահները, և Լաչինի միջանցքն օգտագործել է Ղարաբաղ զենքի, սպառազինության և ռազմական նշանակության մյուս միջոցների տեղափոխման համար»։
Իր հերթին ֆրանսիացի նախարարը նշել է, որ Ֆրանսիան խաղաղություն է ցանկանում, ինչպես նաև՝ Ադրբեջանում ու ողջ Հարավային Կովկասում տնտեսական ու սոցիալական զարգացում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Բաքվից Կատրին Կոլոնան կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ են նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել