
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Ողջունելով նորանշանակ հրամանատարին՝ ընդգծել եմ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:
Երկուստեք կարևորել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Նրան եմ փոխանցել ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր»,- ասված է նախագահի գրառման մեջ:
Մեկնաբանել