HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանի զինված ուժերը 139 քառակուսի կիլոմետրի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում են․ ԳՇ պետ

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այսօր այցելել է նաև Ջերմուկ քաղաք, որին հարակից տարածքներից 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են։ Այցի ընթացքում Կատրին Կոլոնային ուղեկցել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Էդվարդ Ասրյանը։ Վերջինս Ֆրանսիայի արտգործնախարարին է ներկայացրել Ջերմուկի և այլ ուղղություններով ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի ուղղությամբ օկուպացրել են 60 քկմ մակերեսով տարածք, ճակատով՝ մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ 8 կիլոմետր։ Ըստ Ասրյանի՝ թշնամու զինված ուժերը նպատակ են ունեցել դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա և տնտեսական մեծ հարվածներ հասցնել Հայաստանի Հանրապետությանը։

Վկայակոչելով Ադրբեջանի զինված ուժերի 2021 թվականի գործողությունները՝ ԳՇ պետը նշեց, որ թշնամին ցանկացել է փափուկ ուժի կիրառմամբ ինչ-որ խնդիրներ լուծել, իսկ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը ռազմական ագրեսիա է եղել ՀՀ-ի նկատմամբ։ Հրետանային միջոցների և ԱԹՍ-ների կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև տնտեսական և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ասրյանի խոսքով՝ Ջերմուկի ճոպանուղին զգալի վնասներ է կրել և մինչև այժմ չի գործում։ 

Էդվարդ Ասրյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով՝ օկուպացվել է 139 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածք։ 

Գլխավոր շտաբի պետը նաև ճեպազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ի այցը լուսաբանած լրագրողների հետ։ Ասրյանը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատել, սակայն նշել է, որ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը։ 

«Տեղի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը գտնվում են հակառակորդի հետ շփման պայմաններում։ Մենք ունենք ստեղծված մեր առաջնագիծը, կատարելագործում ենք մեր դիրքային համակարգը։ Օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում առավելություն ստանալու նպատակով։ Մյուս հատվածներում զինված ուժերը իրենց առջև դրած խնդիրը կատարում են»,- ասել է Գլխավոր շտաբի պետը։

Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը սահմանային հատվածներում։ Ասրյանի գնահատմամբ՝ ՀՀ զինված ուժերի և դիտորդական առաքելության համատեղ աշխատանքի արդյունքներով՝ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են։

Մեկնաբանություններ (1)

Հայ մարդ
Դու ԳՇ պետ ե՞ս, թե վիճակագրական կոմիտեի աշխատող: Առաջինը քո մեղքն է, որ թշնամին օկուպացրել է մեր տարածքները: Նվնվացող մարդ ես դու և ոչ թե արժանապատիվ սպա: Դրա համար էլ Նիկոլը քո նման խեղճին է նշանակել ԳՇ պետ, որ շարքային զինվորն էլ քեզ լսելով ավելի ընկճվի: Դու մեր բանակը սպառազինելու, սահմանները կահավորելու և զինվորներին ոգևորելու գործով պետք է զբաղվես, ոչ թե ժուռնալիստի նման հարցազրույցներ տաս: Եթե մեջդ մի փոքր ազնվություն կա և սպայի պատիվ ունես, ապա հրաժարական տուր և մի դարձիր Հայոց հողերը թշնամուն զիջելու դերակատար: Այս պայմաններում ԳՇ պետի պաշտոնում Նժդեհի կամ Մոնթեի նման ոգեղեն ու վճռական մարդ է պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter