HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. հանրային պահանջ՝ միջազգային կառույցներին եւ պետությունների ղեկավարներին

Ապրիլի 28-ին Արցախում մեկնարկել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաք: Հայկ Հարությունյանը ստորագրահավաքը նախաձեռնող երիտասարդներից մեկն է: Պատերազմից հետո թողել է համալսարանում կրթությունը և սկսել է զբաղվել փաստագրական լուսանկարչությամբ: Ասում է՝ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար են սկսել այս նախաձեռնությունը: 

«Եթե ներկա պահին մենք կարողանանք հավաքել 60 հազար ստորագրություն կամ նույնիսկ ավելի շատ, ստացվելու է, որ Արցախի ժողովուրդը իր կառավարությունից դուրս անձամբ է արտահայտում իր կամքը: Դա փուչիկի նման կառավարության կոչ չի լինի, դա Արցախում ապրող ամեն մի մարդու ձայնն է լինելու: Մենք հույս ունենք, որ այս ամենը մի արդյունք տալու է: Ստորագրությունների թղթերը հավաքելու ենք և ուղարկելու միջազգային ատյաններ: Եթե Հայաստանում Եվրամիության դեսպանը  ինչ-որ կայք է բացում ու տեսնում այսքան ստորագրություն, ուրիշ ձև է ընկալվում, իսկ երբ 100 000 ստորագրությունն արկղերում իր առջև դրված է լինում՝ լրիվ ուրիշ ձև: Այդպես դեռ ոչ ոք նրանց ինչ-որ բան հասցնող չի եղել: Եվ ինչո՞ւ չփորձել, հնարավոր է՝ մի բան ստացվի: Սա հաստատ ձեռքերը թափ տալուց ու տանը նստելուց ավելի լավ է»,- ասում է Հայկը: 

Ստորագրահավաք կազմակերպելու պատճառը Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումն է, որն, ըստ Հայկի, ամենավերջին գիծն է: 

«Եթե ակտիվիստները կարող էին մի օր պարզապես հավաքվել ու գնալ, ապա անցակետն այդքան էլ հեշտ չէ այնտեղից քանդելը: Հասկացանք, որ սա այն ամենաճակատագրական պահն է: Մենք հավաքվել ենք, քննարկել, որ հասկանանք՝ ինչ պետք է անենք: Մեզ հետ եղել են դասախոսներ ԱրՊՀ-ից, Մեսրոպ Մաշտոց համալսարանից, ուսուցիչներ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանից»՝ մեզ ուղղություն տալու համար: Ընդգրկված են եղել «Ֆրոնտ Արցախ» երիտասարդական կազմակերպությունը, «Բեկոր» երիտասարդական ակումբը, որտեղ բավական մեծ թվով երիտասարդներ ունենք: Կազմակերպությունները, տեսնելով իրենց երիտասարդների ներգրավվածությունը, սկսել են օգնել մեզ»,- պատմում է Հայկը: 

Նրա խոսքով՝ Արցախը հիմա պատերազմ սկսելու ռեսուրսներ չունի: 

«Երբ պահը գա՝ նորից պատերազմ լինի, բոլորս էլ վերցնելու ենք զենքը՝ գնանք կռվելու: Եթե ես կազմակերպում ու մասնակցում եմ այս ստորագրահավաքին, դա չի նշանակում, որ իմ ռադիոսարքն ու սաղավարտը գիշերը կողքիս դրված չեն լինում: Ես արդեն տարուց ավելի է՝ այդպես եմ քնում: Ամեն առավոտ սպասում եմ, որ նորից պատերազմ է սկսելու: Այսինքն, մեկը մյուսին չի խանգարում: Եթե մենք անում ենք սա, դեռևս չի նշանակում, որ ավելի վատ ելքերի չենք պատրաստվում»,- նշում է նա: 

Ստեփանակերտ քաղաքում ստորագրահավաքի չորս կետեր են տեղադրել: Ստորագրահավաքն իրականացվում է նաև Մարտունի ու Ասկերան քաղաքներում: Աշխատանքներն ավարտվելու են մայիսի 8-ին: Մինչ այդ նախատեսում են օրական 8-10 հազար ստորագրություն հավաքել: 

«Ուզում ենք 80 հազար ստորագրություն հավաքել: Երեկ մարդիկ այդքան էլ տեղյակ չէին, այսօր գրեթե չեն հարցնում՝ ինչի համար է, արդեն գիտեն ու միանգամից ստորագրում են: Հավաքված ստորագրությունններն ուղարկելու ենք Երևան՝ տարբեր երկրների դեսպանատներ, միջազգային կառույցներ: Միայն այն, որ նրանք դա տեսնելու են, իմանալու են ու հնարավոր է նաև ինչ-որ ձև արձագանքելու են, արդեն մեծ օգուտ է մեզ համար»,- ասում է Հայկը: 

Վալերի Հարությունյանը 72 տարեկան է: Ստեփանակերտի հիվանդանոցում աշխատում է որպես վիրաբույժ: Ասում է՝ ստորագրահավաքին չի մասնակցում: «Ես չեմ ստորագրում, որովհետև ես վաղուց եմ ստորագրել: Մեր սերնդին այդ հարցը չպետք է տան՝ ուզու՞մ ենք Ադրբեջանի կազմում լինել, թե՝ չէ: Չէ՞ որ մենք 98 տոկոսով ենք կատարել այդ ընտրությունը»,- ասում է Վալերի Հարությունյանը: Նրա խոսքով՝ ներկայիս երիտասարդությունը պետք է խուսափի իր սերնդի սխալները կատարելուց և ավելի կոշտ լինի իշխանությունների նկատմամբ ու չլռի նրանց սխալների մասին: 

Էդիկ Բալայանը 63 տարեկան է: Մինչև շրջափակումն աշխատում էր Իվանյանում՝ որպես շինարար: Շինանյութ չլինելու պատճառով ներկա պահին չի աշխատում։ Ասում է՝ անկախ նրանից՝ օգուտ կտա՞, թե՝ չէ, մասնակցում է ստորագրահավաքին: 

«Լավ կլինի, եթե սա ինչ-որ օգուտ տա: Եթե սա էլ է պետք՝ սա էլ կանենք: Ավելի շատ օգուտն այն կլինի, եթե փոխենք մեր իշխանությունը։ Այնքան են սպասել, որ թուրքն է եկել ու անցակետ դրել: Բայց մինչև հիմա նոր ճանապարհը չեն կառուցել»,- ասում է Էդիկ Բալայանը: 

Արցախցիների դիմում-պահանջի ամբողջական տեքստը ստորև.

Պահանջում ենք դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած՝ հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ  պետություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի

Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ հայտարարության (այսուհետ՝ Եռակողմ հայտարարություն) ստորագրումից  ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել ու շարունակում է  անպատիժ խախտել այդ փաստաթղթի  մի շարք դրույթներ՝ սպանելով Արցախի Հանրապետության բնակիչներին, բռնազավթելով նոր տարածքներ, կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող խաղաղ բնակիչների վրա,  2022թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախը, իսկ ապրիլի  23-ին հսկիչ անցակետ դնելով  Բերձորի (Լաչինի) միջանցքում՝ամբողջությամբ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Արցախում  ներկայումս  ոչ միայն լուրջ  հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն  իր գործողություններով  բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ ցեղասպանական քաղաքականություն:

Եռակողմ հայտարարության  ստորագրումից ի վեր Ադրբեջանը կոպտորեն խախտել է հետևյալ կետերը. 

  • Առաջին կետի համաձայն՝ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում և պետք է  պահպանվեր ամբողջական հրադադարի  ռեժիմը:

Սակայն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումների արդյունքում Արցախի  Հանրապետության Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ և Քարագլուխ բնակավայրերը Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանական զինված ուժերը բռնազավթեցին նաև այլ տարածքներ:

  • Փաստաթղթի 6-րդ կետով՝ «Լաչինի միջանցքը» (5 կմ լայնությամբ), ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և գտնվելու էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: 

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել է «Լաչինի միջանցքը», իսկ ապրիլի 23-ից միակողմանիորեն հսկիչ անցակետ տեղադրել այնտեղ՝  120 հազար արցախահայությանը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաների պահելով պատանդի վիճակում։

  • Փաստաթղթի 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
  • Փաստաթղթի 8-րդ կետով իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է այս երկու կետերի իրականացմանը Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին իսկ օրվանից:

Ավելին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին և 2023թ-ի փետրվարի 22-ին կայացրել է երկու միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից անհապաղ վերացնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Նման միջանկյալ որոշումներ կայացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020-2022թթ-ին։ 

Սակայն Ադրբեջանը մինչև օրս չի կատարում այս երկու դատական ատյանների որոշումները, թեև դրանք անհապաղ կատարման ակտեր են։ 

Մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, սույն դիմում-պահանջով վերոնշյալ երկրների ղեկավարների և ողջ միջազգային հանրության ուշադրությունն ենք  հրավիրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության իրականացման, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա, և պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելով  այդ փաստաթղթի կետերի, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք, Արցախի ողջ բնակչության անունից,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

  • Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
  • Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
  • Միջանցքի անհապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,
  • Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում: 

Եթե այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, մենք ստիպված ենք  լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու մեր իրավունքը, մեր երեխաների ապագան պաշտպանելու համար:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում

Մեկնաբանություններ (1)

Zovinar Garabedyan
Long live young people of Artsakh, and down with Aliev and Pash8nyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter