HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ռուդիկ Ոսկանյան. «Երբեք չեմ ափսոսացել, որ ընտրել եմ դերձակի մասնագիտությունը»

-Իսկ ձեր կինը չէր խանդու՞մ, որ այլ կանանց չափսերն էիք վերցնում,- խորամանկ ժպտում եմ:

-Բայց ինչի՞ պիտի խանդեր,- վարպետ Ռուդիկն ուսերն է թոթվում:

-Դե, զգեստ կարելու համար բացի գոտկատեղից՝ կրծքի ու կոնքի չափսերն էլ պիտի վերցնես, չէ՞,- նկատում եմ ես:

-Եթե կուզես իմանալ, զգեստ կարելու համար 12-ից 14 չափ պիտի վերցնես, մենակ կուրծքն ու կոնքը չէ,- ծիծաղելով պատասխանում է կյանքը կես դարից ավելի դերձակությանը նվիրած զրուցակիցս:

Մեր խոսակցությանը խոհանոցից հետևող տիկին Զինան սուրճը դնում է սեղանին: 

-Օ՜յ, աղջիկ ջան, մենք խանդոտ չենք, ոչ մի անգամ մեկս մյուսիս չենք խանդել: Ես էլ սաղ կյանքս բուժքույր եմ աշխատել, հիմի ի՞նչ, ինքն էլ հիվանդ սրսկելուն պիտի խանդե՞ր,- տիկին Զինան ժպտում է,-խանդել չկա, որովհետև ես միշտ իր կողքին եմ եղել, օգնել եմ: Իհարկե, զավեշտալի դեպքեր եղել են: Ռուդիկ դու կպատմե՞ս, թե՞ ես պատմեմ:

-Տարբերություն չկա, դու պատմի,- վարպետ Ռուդիկը խոսքի իրավունքը զիջում է կնոջը:

-Մի գեր օրիորդ էր եկել, որ Ռուդիկը տաբատ կարի: Էդ էն թվերին էր, որ շալվար հագնող կանանց մատների վրա կհաշվեիր Լենինականում: Ռուդիկը չափսերն է վերցնում, ես էլ կողքը կանգնած եմ: Հիմա, որ ոտքի չափ պիտի վերցնի, Ռուդիկը նեղվեց, թե՝ լավ կլիներ շալվարով գայիք: Էս աղջիկը հարցրեց՝ ինչի՞: Ռուդիկն էլ՝ թե, որ ոտքի չափսերը ճիշտ վերցնեմ: Էս աղջիկն էլ մեկից յուբկի փեշերը վեր քաշեց, թե՝ պրոբլեմ չկա, վերցրեք: 

Ծիծաղում ենք: Պատկերացնում եմ, եթե նման դրվագ արձանագրվեր անցած դարի սկզբին, Ալեքպոլում, ուր նամուս, համեստություն հասկացություններն ավելին էին, քան պարզապես բառերը: 

Տարբեր արհեստավորներով հարուստ Ալեքպոլը դժվար է պատկերացնել առանց դերձակների համքարության: Ալեքսանդրապոլի բնակչության հագուստը 19-րդ դարի վերջին երկու տիպի էր՝ ավանդական-ասիական և նորաձև-եվրոպական: Ըստ այդմ էլ դերձակները բաժանվում էին երկու խմբի՝ ավանդական հագուստներ կարողները միայն հայեր էին և կոչվում էին «թարզի», իսկ եվրոպական հագուստներ կարողները այլազգի էին՝ հրեաներ, լեհեր, ռուսներ, որոնք Ալեքպոլ էին հասել Ռուսաստանից և հայտնի էին «պարտնոյ» անունով: Ալեքսանդրապոլի հայտնի  դերձակներն էին՝ թարզի Մանվելը, թարզի Մեխակը (Ավետիսյան), թարզի Փիլոսը, թարզի Աղաբեկը (Պարոնիկյան), Խայաթ Զահրիյան (աշուղ Խայաթ), դրագուն Կարոն, եվրոպական հագուստներ կարող Ֆանտազի Արտաշն ու Ստամպոլցով Գևորը (Ստամբոլցյան Գևորգ): Պատմությունը մեզ է հասցրել նաև կին դերձակների անուններ՝ Սիրանուշ և Հեղինե: 

Ֆանտազի Արտաշին նվիրված հատված կա Պադվալի Վաղոն գրքում. «Դերձակ Արտաշը շոր պատվիրողներին հաջորդ օրն է կանչում: Այդ գիշեր երազում տեսնում է կարելիք շորի ձևը, առավոտ վաղ, հազիվ մի գավաթ ղայֆա խմելով, շտապով գործի է անցնում, քանի դեռ երազը չի խամրել: Ու կարում է, կարում ու զարմանում իր պայծառ ուղեղի վրա: Քաղքցիք արտելը կոչեցին Ֆանտազիա, տիրոջը՝ Ֆանտազի Արտաշ»:

75-ամյա Ռուդիկ Ոսկանյանը ծնունդով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է: Նրա կինը՝ Զոյա Սիմոնյանը, ևս լոռեցի է՝ Կաթնաղբյուր գյուղից: Լենինական են եկել ամուսնությունից տասն օր հետո: Տիկին Զոյան մասնագիտությամբ բուժքույր էր, վարպետ Ռուդիկը՝ կարի տեխնոլոգ: Երկուսի համար էլ կար աշխատանք հայրաքաղաքում: Եկան և արդեն կես դարից ավելի է՝ ապրում են Լենինական-Գյումրիում:

-Այսինքն՝ գյումրեցի չեք, լոռեցի եք,- նկատում եմ ես՝ դիմելով վարպետ Ռուդիկին:

-Գյումրեցի չե՞մ,- մտախոհ կրկնում է զրուցակիցս,- ողջ գիտակցական կյանքս էս քաղաքում եմ անցկացրել, ո՞նց գյումրեցի չեմ: 50 տարուց ավելի էս հողի վրա եմ ապրում ու աշխատում, կյանքիս 90 տոկոսն ստեղ է անցել: Ես համ լոռեցի եմ, համ գյումրեցի:

25 տարեկանում, որպես տեխնոլոգ-ձևարար, վարպետ Ռուդիկն աշխատանքի է անցնում Լենինականի Չկալովի անվան գործարանում: Պատմում է, որ մեկ արտադրամսում 200-250 մարդ էր աշխատում: Լենինականի կարի գործարանում՝ 5 հազար, տրիկոտաժի գործարանում 6 հազար մարդ էր աշխատում այդ տարիներին: Հիմնականում մանկական հագուստ էին կարում, մինչեւ 36 չափսի, որ առաքվում էր ՍՍՀՄ մյուս հանրապետություններ: «Ես երբեք չեմ դժգոհել: Էդ տարիքում բավական պատասխանատու գործ էի անում ու լավ էլ վարձատրվում էի՝ 120-150 ռուբլի աշխատավարձ էի ստանում: Մենք որ տեղափոխվեցինք Լենինական, վարձով ենք ապրել, մեկ տարի հետո էս տունն առել եմ: Պետական գործին զուգահեռ տանը անհատական պատվերներ էլ էի կարում: Էն տարիներին մի տաբատ կարելը 10 ռուբլի էր: Սովետի 10 ռուբլին կարգին փող էր, դրանով ասենք կարելի էր 4-5 կգ միս առնել, հիմիկվա մեր փողով 24.000 դրամ է պետք»,- նկատում է վարպետ Ռուդիկը: 

Արդյո՞ք այդ տարիներին հագուստ պատվիրողները շատ էին: «Շա՜տ,- պնդում է տիկին Զոյան,- իսկական շոր հագնողը չէր առնում, կարել էր տալիս»: Խորհրդային տարիներին Լենինականը զարգացած արդյունաբերական քաղաք էր, խոսքը թեթև արդյունաբերության մասին է: Հազարավոր մարդիկ աշխատում էին կարի և տեքստիլ կոմբինատներում, մանվածքային ֆաբրիկայում: Վարպետ Ռուդիկը հիշում է, որ կտորը բերում էին Իվանովո քաղաքից, որը համարվում էր աղջիկների քաղաք: Այնտեղ տեքստիլ կոմբինատների աշխատակիցների 90 տոկոսը կանայք էին: Այդ քաղաքից էին բերում նաև աշխատակցուհիների Լենինականի տեքստիլ կոմբինատի համար:

Կարի տեխնոլոգի աշխատանքը պահանջում էր մեծ ուշադրություն՝ արտադրությունում խոտանից խուսափելու համար, թեպետ առանց դրա չէր լինում: «Էդ խոտանի պատճառով ամիս է եղել 3 անգամ գործուղման եմ գնացել,- ասում է վարպետ Ռուդիկը,- մեր գործարանում կարում էին 15 հանրապետությունների մանկահասակ բնակչության հագուստի 70 տոկոսը: Որ խոտան էր լինում, պիտի գնայինք, տեղում ստանայինք բերեինք, հետո ջոկեինք, ուղղեինք, բայց դե հիմնականում էդ խմբաքանակը վաճառքի չէր գնում, ուղարկում էին Կուբա, կամ ուրիշ հետամնաց երկրներ»:

Գծել, ձևել, կարել՝ կես դարից ավելի, վարպետ Ռուդիկի օրը սկսվում ու ավարտվում է տարատեսակ գույների ու որակի կտորներից ամբողջական հագուստ ստանալու փնտրտուքներով: Գործարանում ինքը վերահսկող, ուղղություն ցույց տվող էր։ Իսկական հեքիաթը՝ երևակայության մեջ ծնվող պատկերներին կյանք տալը, սկսվում էր տան երկրորդ հարկի փոքրիկ արհեստանոցում: Խորհրդային տարիներին դժվարությամբ, բայց հնարավոր էր ձեռք բերել եվրոպական նորաձևությանը վերաբերող ամսագրեր՝ հիմնականում գերմանական, օրինակ OTTO, Burda style և այլն: Ամսագրերում առկա գծագրերը հնարավորություն էին տալիս հմուտ դերձակին իրականացնելու մոդայիկ հաճախորդների երազանքները:

«Երբեք չեմ ափսոսացել, որ ընտրել եմ դերձակի մասնագիտությունը: Գործարանում իմ աշխատանքի հիմնական բնույթը հսկելն էր, կարում էի տանը, հետո աշխատել եմ «Կռուգի» ատելյեում՝ Պապաշի մոտ: Շենքը հիմի էլ կա, Շառլ Ազնավուրի հրապարակի մոտ է: Երբեք չեմ կարողացել անտարբեր անցնել մոտից: Եղել է, որ ավտոյով գնացել եմ, կանգնել եմ, նայել, անցած օրերը հիշել,- խոստովանում է վարպետ Ռուդիկը,- 90-ականներին ես «գոֆռեի» գործ արեցի: Գիտես չէ՞ որն է գոֆռեն՝ ծալերով յուբկեքը պլիսից, ֆոռմեկս չեմ թափել, հիմա էլ կարող եմ անել: Ուրեմն երկրաշարժից առաջ գործարանում մի հատ Վաղիկ ունեինք, ինքը գոֆռե ջարդում էր, դուռը փակում էր, որ ուրիշ մարդ չտեսներ, հանկարծ սովորեր: Հետո էնպես եղավ, որ ես 1954թ-ի հրատարակության գիրք ճարեցի՝ գոֆռեի տեխնոլոգիան լրիվ մեջն էր, ինքնուրույն ֆորմեքը սարքեցի: Վաղիկի հետ մոտիկ էինք, մի օր եկավ մեր տուն, նյութերի հոտից ջոկեց: Հարցրեց՝ էս ի՞նչ հոտ է, ասի խաշ եմ եփում, վերջը գլխի ընկավ: Էն ժամանակ էդ յուբկեքը շատ խադավոյ էին, ուզում էին, օրական մինչեւ տաս հատ պատվեր ունեինք, լավ էր վաճառվում, բայց ինձնից էդպես էլ վաճառող դուրս չեկավ: Ես ամեն ինչ կանեմ, բացի վաճառելուց»:

Սեփական աշխատանքով ու աշխատասիրությամբ ամուսինները կարողացան երեք զավակ մեծացնել, բարձրագույն կրթություն տալ, ամուսնացնել: Տիկին Զոյան, որ մինչև հիմա էլ ամուսնու կարած զգեստներն ու կոստյումներն է գերադասում հագնել, պատմում է, որ իրենց ընտանիքի անգամ փոքրիկ անդամներն էին այդ առումով ուշադրության կենտրոնում: «Շատ տարիներ անց, երեխաներիս դաստիարակը մի օր խոստովանեց, որ ամեն երկուշաբթի անհամբեր սպասում էին, թե ինչ նոր զգեստներով պիտի երեխաներին մանկապարտեզ տանեմ, բնականաբար Ռուդիկի կարած,- տիկնոջ ձայնում հպարտություն եմ զգում,- մեծ տղաս՝ Արաս, պոլիտեխնիկումում էր սովորում, Ռուդիկը շատ մոդայիկ մի շալվար կարեց, հաջորդ օրը ողջ պոլիտեխնիկը մեր տանն էր՝ տղաները նույն շալվարից էին ուզում»:

Երեք զավակ և յոթ թոռ ունեն Ոսկանյանները, սակայն նրանցից միայն մեկը՝ ավագ որդին է առնչվում հոր մասնագիտության հետ: Ռուդիկ Ոսկանյանը Գյումրու դրամատիկ թատրոնի երկարամյա դերձակն է՝ շուրջ 41 տարի: «Հետք»-ի՝ թատրոնի զգեստապահարանի մասին պատմող հոդվածում, փոքր անդրադարձ եղել է վարպետ Ռուդիկին: «Ես իհարկե անչափ զգացված եմ, որ թոշակի գնալուց հետո էլ շարունակում եմ աշխատել, որ էնքան են ինձ գնահատում թատրոնում, ընդամենը տաս օր թողեցին անաշխատանք, բայց միշտ մտածում եմ՝ ինչ է լինելու ինձնից հետո, ախր փոխարինող դերձակ է պետք,- վարպետ Ռուդիկը հոգոց է հանում,- թատրոնն ուրիշ աշխարհ է, գալ ու միանգամից մտնել աշխատանքի՝ անհնար է, պիտի քիչ-քիչ վարժվես»:

Շատ ճանաչված դերասանների ու ռեժիսորների հետ է աշխատել վարպետ Ռուդիկը: Ասում է՝ մեկ-երկու հագուստից հետո չափսերն անգիր էր հիշում: Խորեն Աբրահամյանից՝ Լենինականի թատրոնի գլխավոր ռեժիսոր աշխատած տարիներին, անձնական հագուստի պատվերներ շատ է ստացել: «Մի օր սև վիլյուրից կտոր բերեց, որ պիջակ կարեմ, աստառի համար կանաչ գույնի կտոր էր որոշել Խորիկը: Ես որ ժուռնալներից կարում էի, շատ տարօրինակ չհամարեցի իրա որոշումը: Դե ինքը Ամերիկայում եղած ժամանակ երևի տեսել էր էդ նորաձևությունը,- պատմում է վարպետ Ռուդիկը,- մի խոսքով, կարեցի, թատրոնի տնօրեն Մարիամ Գևորգյանը տեսավ, ասում է՝ էս ինչ անճաշակություն ես արել ախր Ռուդիկ, ոնց կարող ես սև կտորի հետ կանաչ աստառ դնես: Վերջը Խորիկն եկավ՝ թե էս իմ անձնական պիջակն է, ես եմ ուզել: Բայց որքան գիտեմ, ինքն էդ պիջակով ներկայացում էլ է խաղացել, վայթեմ նկարվել էլ է»:

Տիկին Զոյայի հաշվարկով՝ ամուսինն այս տարիների ընթացքում, միայն թատրոնում աշխատած տարիներին 5 հազար կտորից ավելի բեմական հագուստ է կարել, անհատական պատվերները չի հաշվել: «Հիմա անհատական հագուստ կարելու պատվերները քչացել են, բայց էլի կան,- ասում է վարպետ Ռուդիկը,- խանութներում տեսականին շատացել է, բայց որակ չկա՝ ոչ կարի, ոչ՝ կտորի: Խորհրդային տարիներին ասում էին՝ ընտրություն չկա, պետությունն ինչ կարում է, էն էլ հագնում էին մարդիկ: Դրսից ապրանք ստանում էին, փոքր քանակն ունիվերմագ կոչվածներում արագ սպառվում էր, մնացածը հայտնվում էր սպեկուլյանտների ձեռքին, նույնն էլ կոշիկը: Հիմի ամեն ինչ կա, որակ չկա: Ես 40 տարվա կոստյում ունեմ, որ տեսնես, կասես հենց նոր է կարվել, որովհետև կտորն է որակյալ, թելն է որակյալ, կարն էլ կարի նման է: Մեկ էլ ափսոսում եմ, որ քանի գնում, տղամարդ դերձակները պակասում են քաղաքում, մեր արհեստը մեռնում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter