HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունները ժամանել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ այսօր՝ մայիսի 1-ին նախատեսված են մի շարք բանակցություններ, այդ թվում՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով մակարդակով։

Վաշինգտոնի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 17:00-ին) տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ ԱԳՆ մամուլի խոսնակն արդեն իսկ լուսանկար է հրապարակել հանդիպումից։ Լուսանկարից պարզ է դառնում, որ հայկական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանն ու Վահան Կոստանյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և այլք։

Դրանից անմիջապես հետո մեկնարկել է Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին էլ հաջորդել են եռակողմ բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև։

Ավելի վաղ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այլ մանրամասներ չէր ներկայացրել։

Ավելի վաղ, ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները կարող են մի քանի օր տևել։ Ըստ այդ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը երկու երկրների ԱԳ նախարարների հետ փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։

Ավելին, Turan-ը գրել էր, որ եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Վաշինգտոնում, ապա առաջիկա օրերին եվրոպական երկրներից մեկում կարող են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում կնքվի խաղաղության պայմանագիրը»։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ, Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ընդ որում, Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ըստ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության, Բլինքենը հայտարարել էր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և իր մտահոգությունը հայտնել Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղակայման վերաբերյալ։ Ադրբեջանական կողմն էլ պնդել էր, թե իրենք «գործել են Ադրբեջանի սուվերեն իրավունքներից ու միջազգային փաստաթղթերից ելնելով»։

Լուսանկարը՝ արխիվային/Ջեյհուն Բայրամովի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter