
Արցախի ղեկավարությունը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ քիչ առաջ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները:
«Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է. իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը. - Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով, - Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, - Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են: Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,- գրել է պետնախարար Ներսիսյանը:
Մեկնաբանել