HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետն անցնում է ապօրինի գույքի գործով

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ուսումնասիրություն է կատարվել նաև Արսեն Ամյանի կնոջ՝ Մերի Սարգսյանի գույքի առնչությամբ:

Նախկին պաշտոնյան և իր կինն նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե ուսումնասիրությունը որ գույքերի կամ դրամական միջոցների մասով է իրականացվել: Պատճառն այն է, որ ներկայացրած ապացույցների կամ դիրքորոշումների արդյունքում գույքերի ցանկը կարող է փոփոխվել, հետևաբար չի հրապարակվում:

Արսեն Ամյանը պետական համակարգում կարիերան սկսել է Առողջապահության նախարարությունից, որտեղ 2003-2004թթ. զբաղեցրել է իրավախորհրդատուի պաշտոնը: Այնուհետև 2004թ․-ից մինչև 2019թ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի քաղաքապետարանում:

Վերջինը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, որը զբաղեցրել է 12 տարի՝ 2007-2019թթ.:

Այժմ մասնավոր իրավաբանական ընկերությունում կոմերցիոն տնօրեն է:

Ամյանը, երբ աշխատում էր Երևանի քաղաքապետարանում, շռայլ պարգևատրումներ էր ստանում: «Հետքը» դեռևս 2019թ․-ին ուսումնասիրել էր քաղաքապետարանի վարչության պետերի Ամանորի առթիվ ստացած պարգևավճարները: Պարզել էինք, որ Ամյանի պարգևատրումը կազմել է 2 միլիոն դրամ՝ դրան գումարած 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ:

Փաստացի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետն այդ ժամանակ պարգևատրվել էր իր աշխատավարձի 576 տոկոսի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter