HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը» խրախուսեց փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներին

Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին՝ մայիսի 2-ին, «Հետքը» փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների մրցանակաբաշխություն էր կազմակերպել՝ խրախուսելու նրանց աշխատանքը եւ ընդգծելու փաստերի ստուգման կարեւորությունը:

Փաստերի ստուգումն ամբողջ աշխարհում լրագրության զարգացող ուղղություններից է վերջին տարիներին: Այն համարվում է ապատեղեկատվության դեմ պայքարի կարեւոր գործիք: Հայաստանում գնալով ավելի շատ է խոսվում փաստերի ստուգման անհրաժեշտության մասին, մի շարք խմբագրություններ փաստերի ստուգմամբ զբաղվող խմբեր ունեն եւ կանոնավոր կերպով բացահայտում են քաղաքական, հանրային գործիչների արած կեղծ պնդումները, սոցիալական ցանցերում եւ այլ լրատվամիջոցներում շրջանառվող կեղծ տեղեկությունները:

Մրցանակաբաշխությունը, որ կայացավ Հետք Մեդիա Գործարանում, կրում էր «Փաստացի-2022» անվանումը, քանի որ նախապես հայտարարվել էր 2022 թ. ընթացքում հրապարակված լրագրողական նյութերի մրցույթ, ընդ որում՝ պարտադիր պայման էր, որ նյութերում փաստեր ստուգված լինեն: 2021-ին «Հետքն» այս անվանումով (InFact/Փաստացի) հարթակ է ստեղծել «Ֆեյսբուքում», որը միավորում է Հայաստանի փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներին, մասնագետներին, այս ոլորտով հետաքրքրվող այլ անձանց:

Հարթակի գործունեությանն աջակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Նիդերլանդների եւ Շվեյցարիայի դեսպանությունները:

Մրցանակաբաշխության հյուրերից ԵՄ պատվիրակության Քաղաքական մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը մրցանակաբաշխության բացմանն ասաց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում անկախ մեդիային, քանի որ անկախ մեդիան նախապայման է դինամիկ քաղաքացիական հասարակության համար: «Մեր ժամանակաշրջանում մարդիկ կարող են ընտրել այն ինֆորմացիան, որին նախապատվություն են տալիս, սոցիալական մեդիայի պայմաններում բոլորն իրենց լրագրող են զգում: Այն ժամանակ, երբ ապատեղեկատվությունը ծաղկում է ապրում, շատ ավելի կարեւոր է փաստերի ստուգմամբ լրագրությունը: Իբրեւ լրագրողներ դուք շատ ազդեցիկ եք, բայց միեւնույն ժամանակ՝ խոցելի, տարբեր լոբբիստական խմբեր կարող են ձեզ թիրախավորել: Ուստի պետք է խրախուսել լավ, որակյալ տեղեկատվությունը, որը հիմնարար է ժողովրդավարության համար»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը եւս ընդգծեց լրագրողների դերը հայկական դեմոկրատիայի կայացման մեջ, ինչով էլ պայմանավորեց դեսպանության աջակցությունը Հայաստանի մեդիային:

Մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերից մասնագիտական ժյուրին ընտրել է 3 հրապարակում.

1-ին տեղ 

Հովհաննես Նազարեթյան (civilnet.am), «Ջերմուկի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը՝ ըստ արբանյակային լուսանկարների»

2-րդ տեղ 

Աննա Սահակյան (infocom.am), «Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է»

3-րդ տեղ

Միլենա Խաչիկյան (infocom.am), «Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ»

Տրվեցին նաեւ խրախուսական մրցանակներ՝

Էդվարդ Արզումանյան (hetq.am), «Ուր եւ ինչպես անհետացավ «Վանաձոր Քիմպրոմ»-ի 94 տոննա ամոնիակը»

Արշալույս Բարսեղյան, Կարինե Ղազարյան (media.am), «Ղրիմը Ղարաբաղ չէ․ ինչպես է քարոզչությունը նույնականացնում երկու տարբեր հակամարտությունները»

Անժելա Ստեփանյան (alttv.am), «Արտեզյան ավազանը անհետանում է»

Առաջին տեղը զբաղեցրած Հովհաննես Նազարեթյանին մրցանակը հանձնելիս «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասաց, որ կեղծ լուրերը մարդկության պես հին են, դրանք եղել են, կան եւ կլինեն, եւ հնարավոր չէ ամբողջությամբ պայքարել ապատեղեկատվության դեմ, միակ միջոցը որակյալ մեդիան հզորացնելն է:

Մրցանակաբաշխությանը հետեւեց պանելային քննարկում հայաստանյան մեդիայում փաստերի ստուգման դերի եւ մարտահրավերների մասին:

«Փաստացի-2022» մրցանակաբաշխությունն անցկացվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հետքը», եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ տեսակետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter