HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Նրա խոսքով՝ Զելենսկին բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի և խորհրդարանի խոսնակ Պետերի Օրպոյի հետ, ինչպես նաև կմասնակցի Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովին։

«Ուկրաինայի ու Հյուսիսային Եվրոպայի առաջնորդների հանդիպումը կազմակերպվել է մեր պետությանը ռազմական օգնության հետագա համակարգման, Ուկրաինայի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման համար։ Դրա արդյունքում նախատեսվում է համատեղ հայտարարություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկիֆորովը։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա նաև Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի վարչապետների հետ։

Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը ևս հայտարարել է Զելենսկու այցի մասին։ Տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պաշտպանությանը ֆիննական աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերություններն ու գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը։

Նախագահների աշխատանքային ճաշին կմասնակցեն նաև վարչապետ Սաննա Մարինը ու արտաքին գործերի նախարար Պեկա Խաավիստոն։

Նինիստոն ու Զելենսկին վերջին անգամ հանդիպել էին 2023 թվականի հունվարին, երբ Ֆինլանդիայի նախագահն այցելել էր Կիև։

Արտասահմանյան վերջին այցը Զելենսկին կատարել էր Վարշավա՝ ապրիլի 5-ին։ Նրան դիմավորել էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այնուհետ Ուկրաինայի նախագահին շնորհվել էր Լեհաստանի բարձրագույն շքանշանը՝ Վարշավայի ու Կիևի հարաբերությունների խորացման համար։

Լուսանկարը՝ Vesa Moilanen/Lehtikuva via Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter