HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջափակման մեջ գտնվող 4 գյուղերում սննդի եւ դեղորայքի պակաս կա

Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ հսկիչ անցակետ տեղադրելու հետեւանքով Արցախի 4 համայնքներ՝ Եղցահող, Լիսագոր, Հին Շեն եւ Մեծ Շեն, հայտնվել են շրջափակման մեջ թե՛ Հայաստանի հետ սահմանից, թե՛ Շուշիի կողմից։ Մինչեւ ապրիլի 23-ը Շուշիի շրջանի այս գյուղերը կապ ունեին Գորիսի հետ։

Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Վլադիմիր Կասյանը, որը 1994-1996, 1998-2007 եւ 2012-2020 թթ. եղել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար ու ծնունդով հենց Հին Շենից է, ասում է, որ մինչեւ ապրիլի 23-ը գյուղացիները գնում-գալիս էին Գորիս, առեւտուր էին անում։ Իսկ անցակետի տեղադրումից հետո այդ կապն էլ է կտրվել, ու հիմա համայնքերը փաստացի կապ չունեն ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ Գորիսի հետ։

Արցախցի պատգամավորը պատմում է, որ անցակետի տեղադրման ժամանակ Լիսագորի համայնքապետն ու տասից ավելի գյուղացիներ գտնվում էին Գորիսում։ Մեկ շաբաթից ավելի նրանք ստիպված էին մնալ այնտեղ, քանի որ գյուղ վերադառնալու հնարավորություն չկար։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել գյուղ վերադառնալու համար, եւ հայերին վստահեցրել էին, որ վերադառնալիս ադրբեջանցիները չեն կանգնեցնելու։ Սակայն պայմանավորվածությունը խախտվել էր, ավելին՝ ադրբեջանցիները քարոզչական նպատակներով նկարահանել ու տարածել էին, թե ինչպես են հայերն անձնագրային ստուգում անցնում անցակետում։

Դա եղել է միակ շարժը, ինչից հետո մինչ օրս ելումուտ չկա գյուղերից։

Քանի որ նշված 4 համայնքները կապ ունեին Գորիսի հետ, նախապես չեն մտածել սնունդ պահեստավորելու մասին։ Սրա հետեւանքով ներկայում արդեն սննդի ու դեղորայքի պակաս է նկատվում այս գյուղերում։

Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ այս պահին 4 համայնքներում առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ալյուր, շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն, ձավարեղեն եւ այլն, ու դեղամիջոցների պակաս կա։ Բացի դրանից՝ անասնակերի խնդիր է առաջացել, որը Հայաստանից էին ներկրում։

«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ 4 համայնքներում 385 բնակիչ կա։ Քանի որ հողահանդակները քիչ են, բնակիչները հացահատիկ չեն աճեցնում, ալյուրի ներկրումն էլ Հայաստանից էր կատարվում։

Հովհաննիսյանի խոսքով՝ պահանջված ապրանքների, դեղերի ցուցակն արդեն ներկայացրել են Արցախի կառավարությանը։

Վլադիմիր Կասյանն ասում է, որ նշված 4 համայնքներում հիվանդ մարդիկ կան, որոնք բուժօգնության կարիք ունեն։ Մեր զրույցից հետո նա պատրաստվում էր այդ հարցով հանդիպել պետնախարարի Գուրգեն Ներսիսյանին։

Անդրադառնալով անցակետը հանելու հավանականությանը՝ արցախցի պատգամավորն ասում է․ «Հնարավոր է, հնարավոր չէ՝ այդ անցակետը պարտադիր պետք է հանեն։ Եթե մտածում են, որ էդպես ժողովրդին նեղացնելով կամ շանտաժով կարող է ժողովուրդը դուրս գա, էդպիսի բան չկա, կարող է մարդիկ լինեն, հուսահատված են, բայց մեր ժողովուրդը մինչեւ վերջ մնալու է»։

Վ. Կասյանի փոխանցմամբ՝ տեղեկություններ ունի, որ ՌԴ զորախմբի նորանշանակ հրամանատարն այժմ գտնվում է Բաքվում, իսկ թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերի, հայտնի կդառնա առաջիկայում։ Պատգամավորի խոսքով՝ այժմ սպասողական վիճակ է։

Լուսանկարում՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը Հակարիի կամրջի մոտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter