HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Վերելակ դեպի կառափնարան»․ Լուի Մալի ֆիլմի ցուցադրումը Երևանում

«Նրա համառ ինքնաքննադատությունը թաքցնում է փխրուն երեխայի ըմբոստությունը։ Բարդ, կարծրատիպեր կոտրող, մելամաղձոտ ու անհագ հետաքրքրասիրությամբ լի մարդ Լուի Մալը դարձավ ռեժիսոր, որպեսզի հաշտվի աշխարհի հետ»։

ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լուի Մալը աշխատել է ինչպես ֆրանսիական, այնպես էլ Հոլիվուդյան կինոյում։ Նրա տարբեր ժանրերում արված ֆիլմերը արժանացել են «Սեզար»,  BAFTA, «Օսկար» մրցանակների։ Մալն այն չորս ռեժիսորներից մեկն է, ով երկու անգամ արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: Նկարահանել է վավերագրական ֆիլմեր, դրամաներ, թրիլլերներ։

Լուի Մալը ծնվել է 1932թ․-ին Ֆրանսիայում, մեծահարուստ ընտանիքում։ Նա ընտանիքի յոթ զավակներից հինգերորդն էր։ Ծնողների կամքին հակառակ Լուին չի շարունակում ընտանեկան գործը (նրանց էր պատկանում Եվրոպայում ամենամեծ շաքարավազի գործարաններից մեկը) և որոշում է ռեժիսոր դառնալ։ Քաղաքական հետազոտությունների ազգային ինստիտուտը ավարտելուց հետո՝ 1953թ․-ին, նա ընդունվում է Փարիզի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտ։ Կինոյում առաջին մեծ փորձը կապված է հայտնի օվկիանոսագետ Ժակ Իֆ Կուստոյի արշավախբում երկամյա ստորջրյա ճամփորդության հետ։

Արշավի ընթացքում նկարահանվում է վավերագրական ֆիլմ, որի օպերատորը և համառեժիսորը Լուի Մալն էր։ Ժակ Կուստոյի հետ համատեղ նկարահանված «Լուռ աշխարհը» ստորջրյա վավերագրական ֆիլմը 1956թ․-ին արժանանում է «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակներին՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։

1956թ․ին 24-ամյա Լուի Մալը ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի օգնականն էր «Մահվան դատապարտվածը փախել է» ֆիլմում։

26 տարեկանում նա նկարում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Վերելակ դեպի կառափնարան»-ը  (ֆր․՝  Ascenseur pour l'échafaud) Նոել Կալեֆի համանուն վեպի հիման վրա։ Այն ֆրանսիական քրեական թրիլլեր է՝ գլխավոր դերերում՝ Ժաննա Մորո և Մորիս Ռոնե։ Ֆիլմը սիրահար զույգի մասին է, որոնց ծրագրած սպանությունը բացահայտվում է տղամարդու վերելակի մեջ մնալու պատճառով։ Ֆիլմը համարվում է ֆրանսիական կինոնուարի դասական օրինակ։ Ֆիլմի հաջողության գրավականներից է նաև նրա  երաժշտական ձևավոևումը։ Սաունդթրեքի հեղինակը և կատարողը 20-րդ դարի լեգենդար ջազմեն, շեփորահար Մայլս Դևիսը։ Սաունդթրեքի  թողարկումը ազդումը է նույնիսկ ամբողջ  «cool jazz» (հանգիստ ջազ)  երաժշտական ուղղության հանրաճանաչման վրա։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը/Ֆրանսիական ինստիտուտը  «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ՝ Ազգային գրադարանում կազմակերպում են  ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ։ Երկու շաբաթը մեկ «Սինե-ակումբը» հանդիսատեսին է ներկայացնում ֆրանսիական կինոյի լայն համայնապատկեր՝ 1930-ականներից մինչև մեր օրեր:

Մայիսի 30-ին՝ 19:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կցուցադրվի Լուի Մալի «Վերելակ դեպի կառափնարան» ֆիլմը` (1958թ․) hայերեն և անգլերեն ենթագրերով։

Գլխավոր լուսանկարը՝  vpro cinema

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter