HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 52.5%-ը ՌԴ քաղաքացիներ են

Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում՝ հունվար-մարտին, արտասահմանից Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ։ 2022 թվականի նույն ամիսների համեմատ նրանց թիվն աճել է 202 489-ով կամ 81.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների կեսից ավելին ՌԴ քաղաքացիներն են։ Մասնավորպես, 2023 թվականի հունվար-մարտին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 237 040 ՌԴ քաղաքացի։ Դա կազմում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 52.5%-ը։ Ընդ որում՝ 2022 թվականի հունվար-մարտի համեմատ նրանց թիվը 2.2 անգամ աճել է։

2022 թվականի մարտի վերջերից և ապրիլի սկզբից ռուսաստանցիների նկատելի հոսք գրանցվեց դեպի Հայաստան։ Դրանից մեկ ամիս առաջ սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմը։ Այսինքն՝ այս տարվա կտրուկ աճը դեռևս բազային էֆեկտի հաշվին է, քանի որ նախորդ տարվա առաջին երեք ամիսներին ռուսաստանցիների մեծածավալ հոսքը դեռևս չէր սկսվել։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների առաջին հնգյակում են նաև՝

  • Արտասահմանում ապրող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցողները՝ 74 186 զբոսաշրջիկ կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 16.4%-ը
  • Վրաստանի քաղաքացիները՝ 53 707 զբոսաշրջիկ, տեսակարար կշիռը՝ 11.9%։ Ընդ որում Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 2.2 անգամ աճել է նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ։ 
  • Իրանի քաղաքացիները՝ 25 458 զբոսաշրջիկ, տեսակարար կշիռը՝ 5.6%
  • Ուկրաինայի քաղաքացիները՝ 5 705 զբոսաշրջիկ, տեսակարար կշիռը՝ 1.3%

Ինչ վերաբերում է Հայաստանից արտասահման մեկնած զբոսաշրջիկներին, ապա՝ 2023 թվականի հունվար-մարտին նրանց թիվը կազմել է 327 141, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.3 անգամ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հաաստան է ժամանել 1 665 658 զբոսաշրջիկ: 2021 թվականի համեմատ այս թիվն աճել է 90.2%-ով: Նրանց գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնց հաշվին էլ գրանցվել էր զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter