HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին

Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը և պարբերական բախումները մտահոգություն են առաջացնում։ Այդ մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

TRT World-ում հրապարակված իր հոդվածում թուրք նախարարը հայտարարել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղության պայմանագրին հասնելու փորձերում հաջողության բացակայության մասին։

«Իրավիճակն անկայուն է, և մեր հույսը խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման մասով աստիճանաբար հալվում է<...>։ Չնայած հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն աճում է, ինչպես ձգձգվում է պայմանագրի մշակումը»,- գրել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հուլուսի Աքարը նշել է, որ միջանցքը «սպառնալիք չի ներկայացնում որևէ այլ երկրի համար և կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը, կայունությանը և զարգացմանը»։

Աքարը դարձյալ այն պնդումն է առաջ քաշել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ 

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հոդվածը, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը։ Թուրք նախարարն իր հոդվածում այն անվանում է «1915 թվականի իրադարձություններ»՝ միաժամանակ պնդելով, որ հայերից զատ, «սպանվել են նաև մուսուլմաններ»։ Ընդ որում, Աքարը պնդում է, որ իր դոկտորական ատենախոսությունը պատրաստելիս բավականին ուսումնասիրել է այս թեման։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter