
Մեկ շաբաթվա մեջ երկրորդ զինված հարձակումը Սերբիայում. կա 8 զոհ
Սերբիայի Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հրաձգություն է եղել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է novosti.rs-ը։
7 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 4-ի ուշ գիշերը։ Ինչպես հայտնել են պարբերականի աղբյուրները, ենթադրյալ հրաձիգը սկզբում հրաժարվել է հանձնվել։ Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։
Ավելի ուշ, novosti.rs-ը հայտնել է, որ սերբական Դուբոնա գյուղում հրաձգություն իրականացրած անձը ձերբակալվել է։ Ոստիկանները նրան բռնել են Կրագուևաց քաղաքից ոչ շատ հեռու։ Նա թաքնվելիս է եղել բարեկամներից մեկի մոտ։
Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել է դպրոցի բակում։ Թերթը գրում է, որ կասկածյալը Մլադենովացի 21-ամյա բնակիչ է։ Նա վիճել է մի քանի մարդու հետ, որից հետո գնացել տուն, վերադարձել ինքնաձիգով, կրակել ոստիկանին և իր քրոջը, իսկ այնուհետ հարազատ գյուղում շարունակել հրաձգությունը։
Ekipe Hitne pomoći intervenišu nakon pucnjave u Mladenovcu.https://t.co/qfaofwl2bf pic.twitter.com/fUW1wWQtOG
— Insajder TV (@Insajder_net) May 4, 2023
Սա այս շաբաթվա ընթացքում Սերբիայում նման երկրորդ դեպքն է։ Մայիսի 3-ին Բելգրադի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկում յոթերորդ դասարանցին դպրոցում սպանել էր 9 մարդու, այդ թվում 1 պահակի և 8 երեխայի։ Մայիսի 5-7-ը Սերբիայում հայտարարված է սուգ։ novosti.rs-ի տվյալներով՝ դպրոցականը եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նշվում է, որ նա գերազանցիկ է եղել, իսկ ծնողները՝ բուժաշխատողներ։
Այս երկու զինված հարձակումների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Սերբիայի նախագահին։
Լուսանկարը՝ Vladimir Zivojinovic/The New York Times
Մեկնաբանել