HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նախկին պատգամավորի եղբայրը ավտոլվացման կետի անվան տակ Shell-ի բենզալցակայան է կառուցում

Երևանի Թբիլիսյան խճուղում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանը, բրիտանանիդերլանդական հայտնի Shell ընկերության բենզալցակայան է կառուցում՝ առանց շինարարական համապատասխան թույլտվության, քանի որ այդ տարածքի համար նախատեսված շինթույլտվությունը տրվել է ավտոլվացման կետի կառուցման համար։


Նախապատմություն

Հայաստանում Shell ընկերության բենզալցակայանների գործարկման մասին հայտնի դարձավ 2022 թվականի մայիսին, երբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր, թե Shell-ը Հայաստանում կսկսի իր գործունեությունը 2022-ի աշնանը։ Նույն տարվա նոյեմբերի 16-ին Քերոբյանը հանդիպել է Shell ընկերության ղեկավար կազմի հետ, այդ հանդիպմանը բացի արտասահմանցի պաշտոնյաներից ներկա է եղել նաև Տիգրան Հարությունյանը։

2023-ի փետրվարին Վահան Քերոբյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ արդեն մարտ ամսին Shell-ը կբացի 3 բենզալցակայան։ Ապրիլի 21-ին էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ Shell-ի կառուցվող բենզալցակայաններից՝ նշելով, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։ Այնուամենայնիվ, բենզալցակայաններից և ոչ մեկը դեռևս չի գործարկվել։

Բենզալցակայան՝ ավտոլվացման կետի փոխարեն

Shell-ի բենզալցակայաններից մեկն էլ կառուցվում է Երևանի Թբիլիսյան խճուղի 29/11 հասցեում։ «Հետքը» պարզել է, որ այդ տարածքում Երևանի քաղաքապետարանը շինարարության թույլտվություն տվել է ավտոլվացման կետի կառուցման համար, ոչ թե բենզալցակայանի։ Այդ մասին նշված էր նաև շինհրապարակում փակցված ցուցանակի վրա, և ըստ ցուցանակում նշված տվյալների՝ կառուցապատող Տիգրան Հարությունյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ստացել է շինարարական թույլտվություն ավտոլվացման կետի կառուցման համար։ 

Մենք Երևանի քաղաքապետարանից ստացել ենք այդ շինթույլտվության պատճենը, որը թվագրված է 2022 թվականի սեպտեմբերի 13-ով, և որը տրամադրել է այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շինհարապարակի ցուցանակի վրա նշված 2021-ը վրիպակ է եղել։

Այցելելով այդ տարածք՝ տեսանք, որ այնտեղ արդեն իսկ կառուցված է բենզալցակայանի ծածկն ու հարակից շինությունը։ Ծածկի տանիքի գույներից պարզ էր, որ կառուցվող բենզալցակայանը Shell ընկերությանն է, և այնտեղ ավտոլվացման կետի նմանվող ոչինչ չկար։ Այսինքն՝ ավտոլվացման կետի համար տրված շինթույլտվությունով կառուցվում էր բենզալցակայան։ 

Ինչպես արդեն նշեցինք, տարածքի կառուցապատողը Տիգրան Հարությունյանն է, որը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին։ Տիգրան Հարությունյանը հիմնադրել և ղեկավարում է Հայաստանի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը «Միկշին» ՍՊԸ-ն, որին պատկանում է նաև Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կառուցվող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնային համալիրը։

Բրիտանանիդերլանդական Shell ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը 2019 թվականի մայիսի 29-ին հիմնադրել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» տնօրեն Էդգար Մկրտչյանը։ 2019թ․ օգոստոսին «Ռոյալ Օյլի» 80 տոկոս բաժնեմասը փոխանցվել է հենց «Սիլ կոնցեռնին», իսկ 20 տոկոսը՝ «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Արդեն 2020-ի փետրվարին ընկերության 100 բաժնեմասի սեփականատեր է դարձել «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ն, իսկ նույն տարվա հուլիսին Տիգրան Հարությունյանը ձեռք է բերել «Ռոյալ Օյլի» 80 տոկոս բաժնեմասը, որը մինչև օրս պատկանում է նրան, իսկ 20 տոկոսը մնացել է «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ին, որի սեփականատերն էլ Դավիթ Ավագյանն է։

Shell-ի ներկայացուցիչը հայտնում է, որ դիմել են նախագծի փոփոխության համար

Թբիլիսյան խճուղում կառուցվող բենզալցակայանի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք «Միկշին» ընկերության կայքում նշված հեռախոսահամարով և խնդրեցինք Տիգրան Հարությունյանին փոխանցել մեր հարցերը։ Քիչ ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Գևորգ Հարությունյանը, որը ներկայացավ որպես Shell ընկերության հայաստանյան ներկայացուցչության ծրագրի ղեկավար։

Գևորգ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են քաղաքապետարան նախագծում փոփոխություններ անելու նպատակով, իսկ դրանց հաստատվելուց հետո ևս մեկ դիմում կներկայացնեն շինության նպատակային նշանակությունը փոխելու համար։ 

«Եթե փաստերով խոսենք, ապա իրեն կարող ենք բենզալցակայան ներկայացնել այն ժամանակ, երբ որ ունենանք այդ շինության համար ավարտական ակտ։ Այս պահի դրությամբ մենք ունենք միայն անավարտ կառույց, որը շատ նման է բենզալցակայանի, որի համար դիմել ենք նախագծային փոփոխության և դրանից հետո նորից դիմելու ենք։ Եթե մեր ներկայացրած դիմումները չհաստատվեն, ապա կվերադառնանք նախկին նախագծին, որը սկզբում հաստատվել է, և կորոշենք՝ շահագործե՞լ այդ կառույցը, թե՝ ոչ։ Սակայն հիմա պնդել, որ այդտեղ ավտոլվացման կետի փոխարեն բենզալցակայան է կառուցվել, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն դեռևս ավարտական տեսքի չի բերվել»,- նշեց Գևորգ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 5 տարվա պլանով նախատեսում են կառուցել Shell-ի մոտ 20 բենզալցակայան մայրաքաղաք Երևանում և մարզկենտրոններում։ Բացի Թբիլիսյան խճուղուց Shell-ի բենզալցակայան է կառուցվել նաև Արտաշատի խճղուում, որը դեռևս չի գործում։ Հարցին, թե երբ են նախատեսում գործարկել բենզալցակայանները, նա հստակ ժամկետներ չնշեց՝ ասելով, թե հույս ունեն՝ մոտ ժամանակներում։ Գևորգ Հարությունյանի խոսքով՝ Shell-ի Հայաստան մուտքը դժվարին ճանապարհ է անցել, և իրենք մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Shell-ը իր ներկայացուցչությունն ունենա Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում։

Հավելենք նաև, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները այցելել են Թբիլիսյան խճուղում շինարարության տարածք։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ աշխատակիցները նախագծային շեղումներ չեն հայտնաբերել և առայժմ չեն կարող վարչարարություն իրականացնել, սակայն կմիջամտեն, եթե այդ տարածքում բենզալցակայան շահագործվի առանց համապատասխան թույլտվության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter