
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարից 202 մլն դրամ, անշարժ գույք և ավտոմեքենա բռնագանձելու պահանջ է ներկայացվել
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի դեմ գույքի և բռնագանձման պահանջ է ներկայացրել: Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքը, «Toyota Camry 3.5» մակնիշի ավտոմեքենան և մոտ 202 մլն դրամ:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով նշված գույքերը պատկանում են Ռուսլան Բաղդասարյանին: Դատախազության փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով է պատկանում Ռ. Բաղդասարյանին, իսկ անշարժ գույքն ուսումնասիրության ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, հետևաբար ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:
Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար։
Դատախազությունը պահանջել է նաև Ռուսլան Բաղդասարյանից բռնագանձել շուրջ 202 մլն 600 հազ. դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2009-2020թթ. փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում, եթե անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով գույքը փոխանցել է այլ անձի, ապա օրենքի տեսանկյունից այդ գույքը ևս պատկանում է սկզբնական սեփականատիրոջը:
Ռուսլան Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Անանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չեն ընդունում դատախազության պահանջը և այդ գործով հաշտության եզրեր չկան:
«Կա միայն մեկ տարբերակ՝ հրաժարվեն հայցից»,- ասաց Հ. Անանյանը:
Փաստաբանի խոսքերով՝ հանրությունը տեղեկացված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի տրամաբանության ու մեթոդիկայի մասին: Անանյանի դիտարկմամբ՝ թյուր ընկալում կա, որ օրենքը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից և պաշտոնավարման ժամանակահատվածում պետությանը թալանելու դեպքերին: Մինչդեռ օրենքի տրամաբանությունն այդպիսին չէ:
«Մարդը պաշտոն է զբաղեցրել 2012թ․-ին, սակայն գնում ասում են՝ 1991թ.-ից ինչ առել ես՝ պիտի բռնագանձվի հօգուտ պետության: Գրեթե բոլոր դեպքերում ուսումնասիրությունը սկսում են 1991թ.-ից»,- ասում է Հրանտ Անանյանը:
Նշենք, որ Ռուսլան Բաղդասարյանին վերաբերող ուսումնասիրությունը սկսել են 1998թ-ից, թեև նա պաշտոն զբաղեցրել է 2012թ-ից:
Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանին առնչվող գործի վերաբերյալ ոստիկանությունը 2019թ. նոյեմբերին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018թ. ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 մլն 720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է»:
Ռուսլան Բաղդասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում:
Մեկնաբանել