HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի 25 տարվա ազատազրկման պատիժը, մասնակի գումարվելով, դարձել է 11 տարի 6 ամիս

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ադրբեջանի քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս 15 օր ազատազրկման: Ադրբեջանցի մյուս զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի մասով, որը մեղադրվում է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին սպանելու մեջ, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2023թ. ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են: Վերջիններս ապրիլի 10-ին ապօրինաբար հատել էին Հայաստանի պետական սահմանը:

Սյունիքի մարզում գործը քննվել է դռնփակ՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ագշին Գաբիլի Բաբիրովը ծնվել է 2004թ. հուլիսի 10-ին, Ադրբեջանի Բաքու քաղաքում: Ազգությամբ ադրբեջանցի է,  Ադրբեջանի քաղաքացի: Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի 7 հոդվածներով 8 դրվագ հանցագործություններ կատարելու մեջ: Մասնավորապես՝

  1. Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը
  2. Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը
  3. Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը
  4. Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով
  5. Բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հանցափորձ (2 դրվագ)
  6. Գողությունը, որը կատարվել է տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից
  7. Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Նշանակված պատիժներով ազատազրկումը եղել է 25 տարի, սակայն դատարանը մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին Ազգային ժողովում հայտարարում էր, թե Ադրբեջանի բանակի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, թե փոշմանել է և ցանկանում է վերադառնալ»,- հայտարարել էր վարչապետը:

Սակայն օրեր անց երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովը հայտնաբերվել էր Սյունիքի մարզի բնակիչների կողմից՝ Հայաստանի տարածքում:

Լուսանկարում՝ Հուսեյն Ախունդովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter