HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Բարև, ես եմ»․ Դովլաթյանի ֆիլմը՝ Կաննի փառատոնի «դասականներ» շարքում 

Կաննի 19-րդ կինոփառատոնում (1966թ․) «Բարև, ես եմ» ֆիլմի պրեմիերայից հետո կինոյի հայտնի տեսաբան ժորժ Սադուլը գրել է․ «Ում հետաքրքրում են նորագույն ֆիլմերը, պետք է հիշեն Ֆրունզե Դովլաթյան անունը»։

Այս ֆիլմը կինոյում մեծ ճանապարհ բացեց ոչ միայն ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի, այլև դերասաններ Արմեն Ջիգարխանյանի, Նատալյա Ֆատեևայի համար: Իրենց առաջին դերն էին խաղում ապագա մեծանուն դերասանուհիներ Մարգարիտա Տերեխովան և Գալյա Նովենցը։ Ալբերտ Յավուրյանի օպերատորական լուծումներով, Մարտին Վարդազարյանի երաժշտական ձևավորմամբ՝ «Բարև, ես եմ» ֆիլմը ճանաչելի դարձրեց հայ կինոն միջազգային հարթակներում։

Առնոլդ Աղաբաբովի սցենարով նկարահանված ֆիլմը պատմում է երիտասարդ գիտնական Արտյոմ Մանվելյանի մասին։ Գլխավոր հերոսի նախատիպը միջուկային ֆիզիկոս, Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Արտեմ Ալիխանյանն է։

Ֆիլմը երիտասարդ գիտնական Արտյոմի (դերակատար Արմեն Ջիգարխանյան) և Լյուսյայի (դերակատար Նատալյա Ֆատեևա) սիրո մասին է։ Արտյոմի և Օլեգի (դերակատար Ռոլան Բիկով) ընկերության, պատերազմի կորուստների, գիտական գործունեության, սիրո և կարոտի մասին է։ 

Ֆիլմը մասնակցել է 1966թ․ Կաննի կինոփառատոնին, ներկայացվել է «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։

2023թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ վերականգնված «Բարև ես եմ» ֆիլմը կվերադառնա Կանն։ Այն ընդգրկվել է Կաննի  կինոփառատոնի «դասականներ» բաժնում։ Մայիսի 16-27-ը տեղի ունեցող Կաննի կինոփառատոնի դասականներ բաժնում՝ կինոյի լեգենդներ Ժան Լյուկ Գոդարի, Ման Ռեյի, Յասուձիրո Օձուի, Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերի շարքում կցուցադրվի նաև Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter