HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ադրբեջանագետը Փաշինյան-Ալիև հանդիպումից որևէ դրական արդյունք չի ակնկալում

«Բանակցային գործընթացից ու քննարկումներից ես որևէ դրական արդյունք չեմ կարող ակնկալել՝ անկախ նրանից, թե որտեղ են անցկացվում դրանք՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ մեծագույն խնդիր է բանակցային գործընթացում Հայաստանի կողմից բովանդակության, տեսլականի և բանակցային մարտավարության բացակայությունը։ Ադրբեջանագետի կարծիքով՝ հայկական կողմը հստակ հասկացել է Ադրբեջանի տակտիկան, այն է՝ անընդհատ առաջ մղել նոր պահանջներ՝ փորձելով հասնել Հայաստանի կողմից նոր զիջումների։ «Ընդ որում, երբ Ադրբեջանը չի հաջողում բանակցային գործընթացում, դիմում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը»,- ասաց նա։

Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ուժի և սպառնալիքի բացառման դրույթը և այդ մասին բարձրաձայնումը։ «Որովհետև ակնհայտ է, որ այնտեղ քննարկվում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու և հայերին որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու դրույթները»,- ասաց ադրբեջանագետը։

Խոսելով միջնորդ երկրների մասին՝ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ նրանք փոխում են խոսույթը և հակամարտության դրույթները՝ ելնելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից։

«Ի՞նչ է դա նշանակում, որ իրենք արդարացնու՞մ են ագրեսիվ գործողությունները՝ որպես խնդիրների լուծման ձև»,- հարց է բարձրացնում ադրբեջանագետը, ապա հավելում, որ նույն համատեքստում, երբ Հայաստանի իշխանություններն են նշաձողեր իջեցնում, փոխում իրենց և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրերը, որով եկել են իշխանության 2021-ին և այդ տրամաբանությամբ գնում բանակցությունների, այս պարագայում ոչ մի դրական արդյունք ակնկալել հնարավոր չէ։

«Երբ ասում ես, որ Արցախը պատրաստ ես ճանաչել Ադրբեջանի մաս, այդ ֆոնին Ալիևը, օրինակ՝ խոսում է Սյունիքի նկատմամբ իր հավակնություններից»,- քննադատելով իշխանությունների գործելաոճը՝ ասաց Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա համոզմամբ՝ այսպիսով Հայաստանի իշխանությունները գրգռում են Ալիևի ախորժակը։

Ադրբեջանագետը նկատեց, որ Արևմուտքի կողմից կա ձգտում՝ հասնելու որևէ համաձայնության կամ որևէ թղթի ստորագրման, բայց դրա ներքո չկա գործընթաց, այն բացակայում է և հակասում քննարկումներին։ 5 ամիս շարունակ 120 հազար մարդ Արցախում հայտնվել է պատանդի կարգավիճակում, եղել են միջազգային կոչեր, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշում, սակայն Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, ամբողջությամբ արհամարհում է դատարանի որոշումը։ Տաթևիկ Հայրապետյանն ասում է, որ վերջին շրջանում Ալիևն անգամ պարզ ասում է այդ մասին, որ իրենց համար բանաձևերն ու դեկլարացիաներն արժեք չունեն և իրենց համար կարևոր են հողի վրայի իրողությունները։ Ադրբեջանը խախտում է նաև հրադադարի բոլոր կետերը և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։

«Հիմա, օրինակ՝ մի նոր թուղթ են ստորագրում՝ ավելի վատթար, երբ Արցախն ամբողջությամբ ճանաչվում է Ադրբեջանի մաս, և իբրև հակամարտությունը դրանով «լուծվում է», և 120 հազար մարդ հայտնվում է կամ ցեղասպանվելու, կամ բռնի տեղահանման վտանգի առաջ։ Հետո ի՞նչ, ո՞վ է հանդես գալու այդ ամբողջի դեմ։ Ոչ ոք »,- ասում է Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ եթե ինչ-որ մեկն ուզում է, որ իր միջնորդական ջանքերն արդյունք տան և տարածաշրջանում իսկապես հանդես գա որպես խաղաղության երաշխավոր, պետք է ցույց տա, որ ինքն ունի լծակ՝ Ադրբեջանին ճնշելու։ «Քանի դեռ ոչ մի կողմ դա ցույց չի տալիս, ինձ համար բանակցային գործընթացը չի կարող որևէ հաջող արդյունք ունենալ»,- ասաց նա։

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում, որ կստորագրվի այն։ Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղից պատրաստ է Հայաստանը հրաժարվել՝ 29 հազ․ 800 քառ․ կիլոմետրը պաշտպանելու նպատակով, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը վերջին 3 տարվա ընթացում ՀՀ-ից օկուպացրել է 14-15 հազար հեկտար տարածք։ Եվ Ադրբեջանը հստակ ասում է, որ այդ տարածքներից դուրս չի գալու։

«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ եթե հայկական կողմը գնում ու հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, և դրա դիմաց Ադրբեջանն ասում է, որ որևէ կերպ չի պատրաստվում ոչ մի տարածքից դուրս գալ, ընդհակառակը՝ մի բան էլ Ալիևը օկուպացված Շուշիում խոսում է Զանգեզուրի մասին, որքանո՞վ կարող է այս կամ այն թուղթը խաղաղություն բերել, եթե անգամ ստորագրվի մայիսի 14-ին կայանալիք հանդիպմանը։ Այդ թուղթը դառնալու է մահակ՝ մեր դեմ հնարավոր գործողությունների համար»,- ասաց նա։

Ադրբեջանագետը նշեց, որ ռուսական կողմն էլ իր հերթին առավել շահավետ առաջարկ էր արել, որ կարգավիճակի հարցը հետաձգվի և խաղաղապահների մանդատը երկարաձգվի, սակայն նրանք ևս ճնշում չգործադրեցին, որ Ադրբեջանն այս առաջարկն ընդունի։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ բոլոր կողմերը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան, ունեն ազդեցության հնարավոր բոլոր լծակները՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու, սակայն ոչ մեկը ոչինչ չի անում։ «Բոլորը պարտադրում են Հայաստանին գնալ զիջումների, իսկ հայկական կողմն էլ, ցավոք սրտի, հանձինս Փաշինյանի և նրա քաղաքական թիմի՝ ունի շատ անկամ, թույլ և անբովանդակ բանակցողներ, որոնք իրավիճակն առավել բարդացնում են Հայաստանի համար»,- ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter