HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմադիրները կարծում են՝ եթե որևէ փաստաթուղթ ստորագրվի, խաղաղությունը չի երաշխավորվելու

Մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպում։ Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին փետրվարին Մյունխենում։ Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարը վերահաստատել էր հայկական կողմի նպատակամղվածությունը՝ հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումից, արդյոք հնարավո՞ր է առաջիկայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այն կարո՞ղ է երաշխավորել երկարաժամկետ խաղաղություն. այս և այլ հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։

«Փաշինյանը և ԱԳՆ-ն շարունակում են Հայաստանը դարձնել աշխարհի խոշոր երկրների հակամարտությունների առարկա». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է՝ նախորդ երկու տարիներին եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած բանակցությունները կործանարար, վտանգավոր հետևանքներ են ունեցել Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար։ 

«Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների և ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, և վտանգավոր ու հակահայ հայտարարությունները՝ Փաշինյան-Ալիև գալիք հանդիպումից պետք է շատ լուրջ անհանգստանալ, մնացածն արդեն պարզ կլինի հանդիպման արդյունքներով»,- ասում է պատգամավորը։

Խոսելով հնարավոր խաղաղության պայմանագրի մասին՝ պատգամավորն ասում է, որ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմանագիրն իրականում պատերազմի պայմանագիր է. «Այն միտումներով, որով Հայաստանի իշխանությունը պատրաստվում է որևէ փաստաթուղթ ստորագրել, չի երաշխավորելու խաղաղություն, այլ հիմք է դնելու հերթական կապիտուլյացիայի։ Եվ պետք է հիշենք, որ Ադրբեջանի սանձարձակ, ֆաշիստական գործողություններն Արցախի Հանրապետության տարածքում, սահմանային հենակետի տեղադրումը փորձում էին արդարացնել Պրահայում ստորագրված համատեղ հայտարարությամբ, որտեղ ուղղակի Հայաստանն Արցախի իրավունքների, ապագա կարգավիճակի հարցից ընդհանրապես ձերբազատվել էր և խոսում էր լոկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ չհասկանալով նույնիսկ այդ ձևակերպման միջազգային իրավական բնույթը»։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ խաղաղությունը կարող է երաշխավորել միայն արժանապատիվ համագործակցությունը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների կողմից որևէ կերպ չի արտահայտվում։

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության գալ Արցախի հարցի շուրջ՝ պատգամավորը նշում է՝ Արցախի հարցում համաձայնություն չի եղել 30 տարիների ընթացքում, բայց դա երբեք չի նշանակել, որ դրան հետևում է պատերազմը։

Նրա խոսքով՝ առայժմ չկա հստակ տվյալ, որ իշխանության վարած բանակցություններում Արցախի կարգավիճակն ինչ-որ կերպ արտահայտվում է։ «Ամենածայրահեղ կամ մաքսիմալ ակնկալիքը, որ այս իշխանությունն ունի, միջազգային մակարդակով Արցախի և Բաքվի միջև բանակցություններ վարելու հնարավորությունն է»։

Պատգամավորը, խոսելով Փաշինյանի՝ Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն ստեղծելու մասին, ասաց. «Նման փաստահավաք առաքելություն ՀՀ տարածքում կա, որի արդյունքը, տեսնում ենք, որ որևէ կերպ չի արտահայտվում։ Ցավոք սրտի, Փաշինյանը և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում են Հայաստանը դարձնել աշխարհի խոշոր երկրների հակամարտությունների առարկա»։

Մանուկյանը նշում է՝ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահ զորքեր, և բոլորն էլ պատկերացնում են, թե ռուս խաղաղապահների առկայությամբ միջազգային այլ ձևաչափով փաստահավաք խմբի՝ Արցախ հրավիրելը ինչ հետևանքներ կարող է ունենալ։

«Ստեփանակերտ-Բաքու քաղաքական բանակցությունների ձևաչափը որևէ լավ տեղ չի բերելու». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշում է՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպման հապճեպությունը հարցեր է առաջացնում, և ըստ պատգամավորի, այս շաբաթ երկու կարևոր իրադարձություն կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ Թուրքիայում կայանալիք ընտրությունները և այս հանդիպումը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման և երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Մամիջանյանն ասում է. «Այս պահին, երբ աշխարհակարգը, որպես այդպիսին, փլվում է, և նորը նույնիսկ սաղմնային փուլում ձևավորված չէ, և տեսանելի էլ չեն դրա շրջանակները, որևէ երկարաժամկետ պարտավորության մասին աշխարհի ցանկացած ծայրում խոսք բացել կարող է բացարձակապես քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներից անտեղյակ և տգետ մարդը։ Բանակցային գործընթացի այս ձևաչափը մեզ համար անընկալելի է, այսպես կոչված նոու-հաու-ն, որն իրականում ադրբեջանական նախապայման է եղել, հայ-ադրբեջանական հարաբերությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից զատելու, տարանջատելու գաղափար է»։

Ընդդիմադիր պատգամավորը չի համարում, որ այս ձևաչափով կարող է որևէ հայանպաստ և երկարաժամկետ լուծում լինել։

«Ես համարում եմ, որ հայ-ադրբեջանական բանակցային ցանկացած ֆորմատ պիտի հիմնված լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից մեր համար միակ գոյություն ունեցող շրջանակը հիմնարար սկզբունքներն են։ Ցանկացած բան, որը դրանից դուրս է, վաղ թե ուշ աղետ է դառնալու մեր երկրի և Արցախի համար, կոնկրետ այս պարագայում՝ արդեն իսկ դարձել է։ Արցախի հարցում համաձայնության գալ էն տեսքով, որով իրենք (իշխանություն- հեղ.) հիմա բանակցում են, նշանակում է Արցախի կորուստ։ Պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, իրենք ամենատարբեր խողովակներով հայտարարում են, որ Հայաստանն անելիք չունի էդտեղ, Ստեփանակերտ-Բաքու բանակցություն պետք է տեղի ունենա։ Այնինչ պաշտոնական Բաքուն նոյեմբերի 9-ից մի քանի օր անց հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է բացարձակապես իրենց, այսպես կոչված, «ինտեգրացիայի ձևաչափով», որն անընդունելի օրակարգ է հայկական կողմերի համար։ Հետևաբար, Ստեփանակերտ-Բաքու քաղաքական բանակցությունների ձևաչափը որևէ լավ տեղ չի բերելու»,- ասում է նա։

Անդրադառնալով Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն տեղակայելու Փաշինյանի առաջարկին՝ պատգամավորը նշում է՝ պետք է կոնկրետացվի, թե ինչի մասին է խոսքը.

«Ինչպիսի՞ առաքելություն, ի՞նչ մանդատով, ո՞ր կողմից օժտված, ի՞նչ գոչծառույթ է իրականացնելու, ի՞նչ հետևանք է ունենալու իր արձանագրումները, եթե դա լինելու է անատամ առաքելություն, դա մի պատմություն է, եթե դա լինելու է «դլյա գալըչկի», եթե ունենալու է որոշակի մանդատ և լիազորություն, դա այլ պատմություն է»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter