HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչի միջոցով վերջին անգամ ապրիլի 20-ին է դեղորայք ուղարկվել Արցախ

Ապրիլի 29-ից դադարել է Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ, դեղորայք նույնպես չի մատակարարվում: 

Արցախի Առողջապահության նախարարության հանրային կապերի պատասխանատու Մայա Ազատյանի խոսքով՝ այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: «Հիվանդների տեղափոխում այս պահին չի իրականացվում, որի պատճառով գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում»,- ասում է Մայա Ազատյանը: 

Դեղորայքի ներկրման դադարեցման հետեւանքով Արցախի Առողջապահության նախարարության ենթակա բոլոր  բուժհաստատություններում դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:

Նախարարությունը հայտնում է, որ պատճառը ադրբեջանական կողմի հարուցած հերթական խոչընդոտն է. Շուշիի մոտ՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրերի և մեքենաների ստուգում իրականացնել, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Կարմիր խաչի տեղեկացմամբ՝ կոմիտեն է կայացրել հիվանդների տեղափոխումը և դեղորայքի մատակարարումը դադարեցնելու մասին որոշումը։ 

«Մեր որոշման մասին պատկան մարմիններին տեղյակ ենք պահել։ Այս պահին բանակցությունների փուլում ենք բոլոր որոշում կայացնող կողմերի հետ։ Մենք պետք է  հասկանանք, թե ստեղծված իրավիճակում ինչ պայմանների շուրջ են կողմերը համաձայնելու, որի ներքո Կարմիր Խաչը կարողանալու է շարունակել իր գործը՝ որպես չեզոք միջնորդ։ Ադրբեջանական կողմը չի արգելել հիվանդների տեղափոխումը, դա մեր որոշումն էր, քանի որ որպես չեզոք միջնորդ մարդկանց տեղափոխելով՝ մեզ վրա ենք վերցնում նրանց անվտանգությունը։ Որպեսզի կարողանանք այն երաշխավորել, պետք է վստահ լինենք, որ առկա են համաձայնեցված պայմաններ, որոնք ընդունելի են բոլորի համար։ Միայն այդ պարագայում կարող ենք վերսկսել մեր գործունեությունը»,- ասում է Կարմիր Խաչի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջոցով վերջին անգամ դեղորայք տեղափոխվել է ապրիլի 20-ին։  

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ապրանքների մատակարարումը տեղի է ունենում բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, սահմանափակ քանակով: 

Առաջին անհրաժեշտության ապրանքներն ու սննդամթերքը մատակարարվում են ռուս խաղաղապահների միջոցով։ Մեծ դժվարությամբ ու սահմանափակ քանակով բերվում է նաև անասնակեր ու գյուղատնտեսության համար որոշակի պարագաներ: Հումանիտար բեռները բերվում են նույն ճանապարհով՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետով: 

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» հեռացել են Լաչինի միջանցքից (Շուշի-Քարին տակ խաչմերուկ), սակայն այնտեղ հիմա կանգնած են Ադրբեջանի ոստիկանության ու Ներքին զորքերի զինված զինծառայողները, որի հետևանքով։  Արցախում երկկողմանի շրջափակման մեջ են Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները։ Տեղի բնակիչները կտրված են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից: Ապրիլի 23-ին Հակարի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո միայն մեկ անգամ է հնարավոր եղել ռուս խաղաղապահների միջոցով սննդամթերք ու դեղորայք տեղափոխել այս համայնքներ:

Առաջին անհրաժեշտության ապրանքները մարդիկ ստանում են կտրոնային համակարգով։ Ֆիզիկական անձինք ամսվա ընթացքում ստանում են 10-20 լիտր վառելիք։ 

Պետնախարարի աշխատակազմից միաժամանակ տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով առաջիկայում Արցախում անցնելու են հովհարային անջատումների նոր ռեժիմի:

Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter