Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Մայիսի 11-ին ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։
Այսօր ավելի վաղ, Արցախի Առողջապահության նախարարությունից «Հետքին» հայտնել էին, որ ապրիլի 29-ից դադարել է Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ։
«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար:
Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:
Խիստ կարևոր է, որ օր առաջ վերականգնվեն Կարմիր խաչի կողմից իրականացվող՝ հիվանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց ադրբեջանցիների կողմից որևէ խոչընդոտի և հսկողական միջամտության: Դա անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության համար»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը
Մեկնաբանել