HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների նկատմամբ, եթե Ռուսաստանի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման դեպքում վրացական ավիաընկերությունները սկսեն սպասարկել ռուսական ինքնաթիռներին, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Այդ մասին վրացական Accent news պարբերականին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Արևմտյան մի շարք երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, արգելել են ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրենց օդային տարածքով։ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման պարագայում, դա կհարուցի մեր մտահոգությունը, և հնարավոր կդարձնի վրացական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք կսպասարկեն ներկրման ու արտահանման վերահսկողության տակ գտնվող (ռուսական) ինքնաթիռները»,- ասված է Պետքարտուղարության պատասխանում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Արևմուտքը դատապարտում է ՌԴ «կոշտ ռեժիմի» գործողությունները և կարծում, որ «հիմա ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման համար»։ «Վրացի ժողովրդին պետք է, որ Պուտինը հանի զորքերը Վրաստանի տարածքից, որոնք բռնազավթված են Ռուսաստանի կողմից (ի նկատի ունի Աբխազիան և Հարավային Օսիան, խմբ.), այլ ոչ թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հավելել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամանագրեր էր ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ, որը 2019 թվականին ընդհատվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, նախատեսվում է վիզային ռեժիմի չեղարկում Վրաստանի քաղաքացիների համար։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դա անընդունելի է, «քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և բռնազավթում վրացական տարածքները»։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ վրացական կողմը պատրաստ է թույլատրել ռուսական այն ավիաընկերությունների ու ինքնաթիռների ուղիղ թռիչքները, որոնք չեն գտնվում պատժամիջոցների տակ, սակայն ռուսական ավիափոխադրողները դեռ այդպիսի դիմում չեն ներկայացրել։

Լուսանկարը՝ spottair.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter