
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանը մասամբ հասել է իր նպատակներին, բայց ոչ ամբողջությամբ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել բոսնիական ATV հեռուստաընկերությանը։ Զրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինա ռուսական ներխուժումը։
Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է, որ նպատակներին, որոնք Ռուսաստանը դրել է իր առաջ, սկսելով «հատուկ ռազմական գործողությունը», պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց «մասամբ հասել է», սակայն չեն լուծվել «Դոնբասի բնակիչների պաշտպանության» բոլոր խնդիրները։
Պեսկովն այսպես է մեկնաբանել Ուկրաինայում ռուսական զորքերի զինվորական նշանակալի հաջողությունների բացակայությունը. «Դուք կասեք, ինչո՞ւ են ռուսաստանցիները դանդաղ գործում։ Որովհետև ռուսաստանցիները չեն պատերազմում, մենք չենք պատերազմում։ Պատերազմ վարելը դա լրիվ այլ գործ է, դա ենթակառուցվածքների տոտալ ոչնչացում է, դա քաղաքների ամբողջական ոչնչացում է։ Մենք դա չենք անում»,- հայտարարել է Պեսկովը։
Խոսելով Բախմուտի համար մարտերի մասին, որը ռուսական ուժերը, այդ թվում «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության վարձկանները, փորձում են գրավել արդեն մի քանի ամիս, Պեսկովը հայտարարել է. «Այնտեղ իրոք շատ էմոցիոնալ իրավիճակ է։ Այնտեղ շատ ծանր հարձակողական գործողություններ են վարվում։ Դա շատ ուժեղ պաշտպանական շրջան է»։
Պեսկովն ուղիղ չի անդրադարձել ՌԴ ՊՆ-ի ու վագներականների առաջնորդ Եվգենի Պրիգոժինի միջև առկա կոնֆլիկտին՝ միայն նշելով, որ «էմոցիաներն այնտեղ իհարկե առատ են»։ Պրիգոժինը ՌԴ ԶՈւ ղեկավար կազմին մեղադրում է սպառազինության չմատակարարման մեջ։
«Ես ազգանուն չեմ տա, բայց կասեմ, որ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում և ինչ հայտարարություններ են անում, խոսքը Ռուսաստանի զինված ուժերի մասին է։ Դրանք բոլորը ռուսական ուժեր են։ Այդ ուժերը հետապնդում են միևնույն նպատակը»,- հավելել է Պեսկովը։
Լուսանկարը՝ РИА Новости / POOL
Մեկնաբանել