HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Կոնվերս Բանկում» վստահ են, որ բանկային գործառնությունների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներով

«Կոնվերս Բանկում բանկային գործառնությունների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներով, ինչի շնորհիվ մեզ առնչվող արտահոսքի կամ զեղծարարությունների դեպքեր չեն գրանցվել»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին «Կոնվերս Բանկից»:

Մայիսի 8-ին «Հետքը» գրել էր, որ Մարիամ Խաչատրյան անուն, ազգանունով քաղաքացին 4 խոշոր բանկերից այլ անձանց հասցեագրված նամակներ է ստանում, դրանցից 16-ը նա ստացել էր «Կոնվերս Բանկի» [email protected] էլեկտրոնային հասցեից 2020-2021 թվականների ընթացքում։

Մարիամ Խաչատրյանը մեզ էր ուղարկել բանկից ստացած հաղորդագրությունների մի քանի օրինակ՝ փակելով անձնական տվյալ հանդիսացող դաշտերը։ Բանկից ստացված հաղորդագրությունները  հիմնականում հաշիվների քաղվածքներ են, որտեղ երևում են հաճախորդի անունը, ազգանունը, նախորդ ամսվա ընթացքում արած ամբողջ շրջանառությունը, հաշվեհամարը։ Նամակներ կան, որոնք ծանուցում են հաճախորդի մոբայլ հավելվածի գաղտնաբառի փոփոխման, վարկերի վճարման և բանկում եղած թարմացումների մասին։

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, բանկը կարծում է, որ այսկերպ վտանգված չէ հաճախորդների ֆինանսական միջոցների անվտանգությունը։

«Հարկ ենք համարում նշել, որ Բանկի կողմից հաճախորդներին ուղարկվող էլեկտրոնային նամակները չեն պարունակում տվյալներ, որոնք կարող են հասանելիություն ապահովել հաճախորդի հաշիվներին և ֆինանսական միջոցներին»,- ասվում է բանկի պատասխան նամակում։

Մարիամ Խաչատրյանը, սակայն, այսպես չի կարծում, հիշում է, որ զանգահարել է բանկ, զգուշացրել, որ այլ անձանց հասցեագրված նամակներ է ստանում, որից հետո նամակների հոսքն իր էլեկտրոնային հասցեին դադարել է, բայց վերջինս խնդրի լուծումը դրանում չի տեսնում, Մարիամը կարծում է, որ բանկի աշխատակիցներն ավելի ուշադիր պետք է լինեն մարդկանց անձնական տվյալների նկատմամբ։ «Կոնվերս Բանկը» մեկնաբանել է, թե ինչպես է պատահել, որ Մարիամը ստացել է այլ անձանց հասցեագրված նամակներ։ Բանկի պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Բանկի հաճախորդ դառնալու գործընթացում յուրաքանչյուր ոք հետադարձ կապ ապահովելու համար բանկին տրամադրում է իր անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեն:

Նախորդ տարեսկզբին Բանկ է դիմել Մարիամ Խաչատրյան անուն-ազգանունով հաճախորդ՝ խնդրելով ստուգել և,անհրաժեշտության դեպքում, վերախմբագրել իր էլեկտրոնային հասցեն:

Պարզվել է, որ նախորդիվ նա վրիպակ է թույլ տվել և մեկ նիշի տարբերությամբ լրացրել էլեկտրոնային հասցեն, ինչի պատճառով ծանուցումներն ուղարկվել են նույն անուն-ազգանունը և նմանատիպ էլ. հասցե ունեցող անձի:

Մասնավորապես, Կոնվերս Բանկի հաճախորդ Մարիամ Խաչատրյանն իր տվյալներում լրացրել է Ձեր նշած էլ. փոստի հասցեն՝ առանց «.» (կետ) նշանի, բայց քանի որ Google-ի Gmail էլ. փոստի հասցեների դեպքում «.» նշանով, թե առանց այդ նշանի, միևնույն հասցեն է համարվում, հաճախորդին ուղարկված (իր իսկ կողմից Բանկին տրամադրված էլ. հասցեին) ծանուցումները ստացել է Ձեր նշած քաղաքացին: Վերախմբագրման արդյունքում վրիպակը հեռացվել է, ինչից հետո Ձեր նշած անձն այլևս Կոնվերս Բանկից էլեկտրոնային նամակ չի ստացել»,- նշված էր «Կոնվերս Բանկի» պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter