HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Financial Times. ԵՄ-ից ՌԴ-ով տարանցման ժամանակ 1 մլրդ դոլարի ապրանք է «անհետացել». դրա մի մասը պետք է հասներ Հայաստան

Եվրոպական միության երկրներում արտադրված և 2022 թվականին Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան ուղարկված առնվազն 1 մլրդ դոլարի ապրանք «անհետացել» է Ռուսաստանի տարածքով տարանցման ժամանակ։

Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը՝ վերլուծելով միջազգային առևտրի բաց տվյալները։ Հոդվածագիրները դա «ուրվականների առևտուր» են անվանել։ 

2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո արևմտյան երկրները, ի աջակցություն Ուկրաինայի, մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ դադարեցնում են մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան։ 

Հոդվածում նշվում է, որ վերջնական հասցեատերերին չհասած ապրանքների արտահանումը Ռուսաստան պատժամիջոցների հետեւանքով արգելված է եղել։ Դրանք հիմնականում  երկակի օգտագործման են և չէին կարող ուղիղ արտահանվել Ռուսաստան։ Այդ երկիր կարող էին հասնել միայն տարանցիկ ճանապարհով։ Իրականում, Ռուսաստանում «անհետացած» այդ ապրանքների ծավալը, ըստ հոդվածագիրների, կարող է ավելի մեծ լինել։

Երկակի նշանակության ապրանքները կարող են օգտագործվել ռազմական կամ հետախուզական ծառայություններում, ինչի պատճառով էլ դրանց արտահանումը խիստ վերահսկվում է։

Ռուսաստանին հաջողվել է շրջանցել այդ պատժամիջոցները Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի ընկերությունների միջոցով։ Հոդվածի հեղինակները շեշտում են, որ նշված երեք երկրները Ռուսաստանի ներկայիս տնտեսական գործընկերներից են։ 

Հոդվածում ընկերությունների անուններ չեն նշվում։ 

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցները շրջանցելու համար տարբեր երկրների մի շարք ընկերությունների նկատմամբ  պարբերաբար պատժամիջոցներ են սահմանում։ 

Հայաստանում գրանցված «Տակո» ընկերությունը վերջին մեկ տարում երկու անգամ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պնդում է, որ ընկերությունը, անտեսելով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները, շրջանցել է դրանք և ամերիկյան տարբեր տեխնիկական մասեր մատակարարել Ռուսաստան։

Օրերս Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հայտարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։ 

Ավելին, հայտարարվել է, որ 35 ընկերություն տարբեր երկրներից կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։ Շոշափվում է նաև Հայաստանի անունը, սակայն թե որ ընկերության կամ ընկերությունների մասին է խոսքը, դեռևս չի հայտարարվել։

Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած 2022 թվականի առաջին կիսամյակի, ինչպես նաև՝ Միավորված ազգերի կազմակերպության բազայի (UN Comtrade Database) տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան են արտահանվել աննախադեպ ծավալի տեխնիկա, սարքավորումներ, սխեմաներ, ավտոմեքենաներ և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter