HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. մոտ ապագայում երկու կողմերը դժվար թե համաձայնության գան երեք առանցքային կետերի շուրջ

Մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են որոշակի պայմաններ եւ ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։

Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ այդ համաձայնությունները չեն վերաբերում առանցքային կետերին։ Ըստ նրա՝ այդ մասին նաեւ պաշտոնական մակարդակով հայտարարություններ հնչեցին։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ խոսքն առաջին հերթին քիչ կարեւոր հարցերում բառապաշարի կամ ձեւակերպումների շուրջ համաձայնությունների մասին է։

«Հետքի» հետ զրույցում քաղաքագետն ընդգծում է երկու կողմերի միջեւ առանցքային տարաձայնությունները, որոնք հայտնի են, եւ այդ մասին խոսվում է բաց տեքստով։

Առաջին տարաձայնությունը, ըստ քաղաքագետի, վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծմամը։ Երեւանը պնդում է միջազգային կոմպոնենտի առկայությունը, իսկ Բաքուն դա տեսնում է որպես զուտ ներքին գործընթաց եւ ինտեգրացիայի օրակարգ։

Երկրորդ տարաձայնությունը վերաբերում է սահմաններին եւ, մասնավորապես, այն քարտեզներին, որոնց հիման վրա պետք է իրականացվեն դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Կան նաեւ պրակտիկ խնդիրներ։ Արդյոք Ադրբեջանը համաձայնում է զորքերը հետ քաշել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Կա նաեւ անկլավների հարցը։

Երրորդ խնդիրը վերաբերում է երաշխիքների մեխանիզմին։ Երեւանը ցանկանում է, որպեսզի խաղաղության պայմանագրի իրականացման, ինչպես նաեւ վեճերի ծագման դեպքում լինեն դրանց լուծման հստակ մեխանիզմներ։ Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ միջազգային որեւէ դերակատար դժվար թե համաձայնի ստանձնել նման պարտավորություններ։ Պարզ է նաեւ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ նմանատիպ մեխանիզմների գոյությամբ, քանի որ դրանք կարղ են սահմանափակել իր գործիքակազմը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Ադրբեջանի արտգործնախարարն օրերս ասել էր, որ բանակցություններում մեկ քայլ առաջ է գրանցվել։ Այդուհանդերձ, Տ. Գրիգորյանն ասում է, որ նշված երեք առանցքային կետերի շուրջ, կարծես թե, առաջընթաց չի եղել, ինչին անդրադարձել են նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարն ու վարչապետը: Նա քիչ հավանական է համարում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել այդ տարաձայնությունների լուծմանը:

Թե ինչով է պայմանավորված նման համոզմունքը, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է․ «Օրինակ, եթե վերցնում ենք նույն բանակցային մեխանիզմի օրակարգը՝ Ստեփանակերտ-Բաքու, այն «կարմիր գիծ» է թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի համար։ Եթե Երեւանը ստորագրում է խաղաղության պայմանագիրն առանց Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի, ապա Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումն օգտագործենք՝ Բաքվին տալիս է էթնիկ զտման մանդատ։ Արցախի հետ կապված բոլոր հարցերը մնում են օդից կախված։ Այդ առումով նաեւ բավական դժվար է լինելու արդարացնել պայմանագրի ստորագրումը Հայաստանի ներսում»։

Մյուս կողմից, ըստ Գրիգորյանի, Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային մասնակցության մանդատը «կարմիր գիծ» է Բաքվի համար։ «Եթե Ադրբեջանն ընդունում է ինչ-որ միջազգային մասնակցություն Լեռնային Ղարաբաղի հարցերում, ապա վերջին 3 տարվա հետպատերազմյան գլխավոր խոսույթները զրոյանում են՝ խոսույթ այն մասին, որ հակամարտությունը ավարտված է, խոսույթ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը զուտ Ադրբեջանի ներքին գործն է։ Բացի դրանից՝ նմանատիպ համաձայնություն տալով՝ Ադրբեջանը պատրաստելու է նաեւ Ստեփանակերտի սուբյեկտայնությունը։ Այդ առումով միջնորդները փորձելու են ինչ-որ լուծումներ գտնել, որոնք կբավարարեն կողմերի նվազագույն ակնկալիքները։ Աշխատանքներ վստահաբար տարվում են, բայց դժվար եմ պատկերացնում, թե այդ ինչ լուծումներ պիտի լինեն, որոնք կբավարարեն կամ չեն հակասի Երեւանի կամ Բաքվի «կարմիր գծերին»»,- մանրամասնում է Տիգրան Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ նույն իրավիճակն է նաեւ այլ օրակարգերում։ «Հետքի» զրուցակցիը դժվար է պատկերացնում մի իրավիճակ, որ Բաքուն կհամաձայնի հետ քաշել իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից (խոսքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի օկուպացված տարածքների մասին է)։ Այդ դեպքում Բաքուն փաստացի հրաժարվելու է շատ լուրջ տակտիկական առավելությունից, ինչի համար վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրել։ «Երեւանի պարագայում ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ Հայաստանի տարածքում, խելամիտ չէ»,- ավելացնում է քաղաքագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter