HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Տվյալների արտահոսքի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանելը «Հայբիզնեսբանկը» համարում է բանկային գաղտնիք

«Հայբիզնեսբանկը», տվյալների արտահոսքի վերաբերյալ «Հետքի» ուղարկած գրությանը, որում հարցրել էինք, թե ինչու՞ է Մարիամ Խաչատրյանը ստացել այլ անձանց հասցեագրված 422 նամակ, ինչի՞ հետ կարող է դա կապ ունենալ, պատասխանել է, որ իրավասու չէ որևէ մեկնաբանություն տալ։ Բանկը հղում է արել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին՝ երրորդ անձանց հաճախորդի մասին տեղեկություններ հաղորդելու ու բանկային գաղտնիքի հրապարակումն արգելելու հիմնավորմամբ։

Այս տարվա մայիսի 8-ին գրել էինք, որ Մարիամ Խաչատրյան անուն-ազգանունով քաղաքացին հայաստանյան 4 բանկից այլ անձանց հասցեագրված նամակներ է ստանում, որոնց մեջ անձնական տվյալներ են։

Նրա էլեկտրոնային հասցեին տևական ժամանակ ուղարկվում էին բանկի ներքին հաղորդագրությունները, ծանուցումները, տարբեր մարդկանց բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվություններ։ Բանկային գործարքներում նաև երևում են պաշտոնյաների և տարբեր պետական կառույցների անուններ։ Մարիամ Խաչատրյանի էլեկտրոնային հասցեն անհասկանալի եղանակով կցվել էր բանկի աշխատակիցների էլ. հասցեներին։

Մի քանի ամիս բանկից հաղորդագրություններ ստանալուց հետո, երբ Մարիամը հասկացել է, որ իր հասցեին նամակների հոսքը չի դադարում, գրել է «Հայբիզնեսբանկին», նրան ընդամենը պատասխանել են «ok»։

Մարիամի և բանկի աշխատակցի նամակագրությունը ներկայացնում ենք ստորև.

Մարիամի գրած նամակը հայերեն թարգմանությամբ՝

(Բարև Ձեզ, ինձ սխալմամբ հաղորդագրություններ են ուղարկվում։ Խնդրում եմ՝ ջնջեք իմ էլ. հասցեն ձեր ընդհանուր նամակագրությունից։ Ես ոչ մի կապ չունեմ ձեր բանկի հետ և երբեք ձեզ մոտ չեմ աշխատել։)

«Հայբիզնեսբանկը» մեր հարցին՝ արդյոք եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ բանկի հաճախորդների տվյալներն ուղարկվել են այլ մարդկանց, պատաասխանել է, որ չեն ունեցել հաճախորդների կողմից նման բողոքներ։

3 հարց էլ բանկին ուղղել էինք հաճախորդների տվյալների անվտանգության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով՝ արդյոք բանկի հաճախորդների տվյալները չե՞ն հայտնվի զեղծարարների ձեռքում, որքանո՞վ է պաշտպանված բանկի հաճախորդների տվյալների անվտանգությունը, ո՞վ է պատասխանատու հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության համար։ Այս 3 հարցին «Հայբիզնեսբանկը» մեկ պատասխան է տվել՝ հայտնելով, որ ներկայում բանկի անվտանգության համակարգը թույլ է տալիս ամենաբարձր մակարդակով ապահովել անձնական տվյալների պահպանությունը։ Բանկ ուղարկված մեր հարցմանը պատասխանել է կորպորատիվ հաղորդակցությունների վարչության նախագահ Գևորգ Թառումյանը։

Նշենք նաև, որ հարցումն ուղարկելուց հետո բանկի Հաղորդակցությունների կառավարման վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցուհի Մերի Հայրապետյանը «Հետք»-ին հայտնել էր, որ բանկը շատ անհանգստացած է կատարվածի համար, և փորձում են պարզել, թե ինչպես է կատարվել բանկից տվյալների արտահոսքը։ Նրանք ցանկացել են հանդիպել Մարիամ Խաչատրյանի հետ։ Նա հրաժարվել է, բայց պատրաստակամություն է հայտնել էլեկտրոնային եղանակով տրամադրել բոլոր հաղորդագրությունները, որոնք բանկից ուղարկվել են իրեն։ Մերի Հայրապետյանը մեզ հայտնել էր, որ իրենց բազայում չկան այդ նամակները, արդեն արխիվացվել են, քանի որ դեպքից անցել է 2-ից ավելի տարի։ Մարիամ Խաչատրյանի հետ էլփոստով բանկից դեռևս չեն կապվել։ Հոդվածում հրապարակված սքրինշոթերը Մերի Հայրապետյանի խնդրանքով տրամադրել ենք նաև բանկին։

Գլխավոր լուսանկարը՝ «Հայբիզնեսբանկի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter