
Պատերազմի ականատեսի փորագրանկարները. Օտտո Դիքս
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918թթ․) երիտասարդ արվեստագետներից շատերը ռազմաճակատ էին մեկնում կամավոր: Նրանց թվում էր նաև գերմանացի ավանգարդիստ նկարիչ Օտտո Դիքսը։
«Ես այնքան ռեալիստ եմ, որ պետք է ամեն ինչ իմ աչքերով տեսնեմ, որպեսզի հաստատեմ, որ դա այդպես է։ Ես պետք է ինքս վերապրեմ կյանքի բոլոր սարսափները, անհուն խորքերը. դրա համար ես մեկնեցի պատերազմ»,-ասում էր Օտտո Դիքսը։
Ռազմաճակատի սարսափները Դիքսին հետապնդել են ամբողջ կյանքի ընթացքում։ Նկարիչն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ռազմաճակատի թեժ կետերում, մասնակցել է ամենաարյունալի մարտերից մեկին՝ Սոմմ գետի ճակատամարտին։
Դիքսը 500-ից ավելի գծանկարներ է ստեղծել պատերազմի ընթացքում։
«Առնետներ, փշալարեր, արկեր, ռումբեր, դիակներ, արյուն, մկներ, կատուներ, գազ, հրետանի, կեղտ, փամփուշտ, ականանետ, կրակ, պողպատ»,- ահա թե ինչ էր պատերազմը Օտտո Դիքսի համար։
Պատերազմի ընթացքում արված արձանագրումները, անձնական հուշերը, ապրումները հիմք են ծառայել 1920-1924թթ․-ին պատերազմական թեմայով Der Krieg (պատերազմ) օֆորտների (մետաղի վրա փորագրության տեսակ) շարքի ստեղծաման համար։ Այս փորագրանկարները պատկերում են պետերազմի տեսարաններ, դրվագներ, մղձավաջներ, հետպատերազմական հասարակության ենթաշերտեր՝ խեղվածներ, մուրացկաններ, մարմնավաճառներ։
«Վերջին անգամ տեսել են Կլեր-սյուր-Սոմեբ սարալանջում», «Սնունդ բերողները Պիլկեմի մոտակայքում», «Լենսը ռմբակոծվում է», «Վիրավորների տեղափոխումը Հուտուլստ անտառներում», «Երկրորդ ջոկատին այս գիշեր կփոխարինեն», «Ֆորտ Վոյի քնածները». Դիքսի օֆորտների վերնագրերը, հստակ վայրերն ու տարեթվերը փաստագրական նյութի արժեք են տալիս շարքին։
1924թ․-ին օֆորտների շարքի հրատարակիչն այն տարածում էր խաղաղասիրական՝ «Այլևս երբեք թող պատերազմ չլինի» կարգախոսով, սակայն Դիքսը չէր հավատում, որ փորագրանկարները կարող են որևէ ազդեցություն ունենալ ապագա պատերազմների վրա:
Առաջին համաշխարհայինի արհավիրքները պատկերող «Պատերազմ» օֆորտների շարքի հրատարակությունից երկու տասնամայակ չանցած՝ աշխարհը ցնցեց երկրորդ համաշխարհային պատերազմը։
Առաջին համաշխարհային պատերազմից վերադառնալուց հետո՝ 1918թ․-ին, Դիքսը մտերմանում է նկարիչ Գեորգ Գրոսի հետ և տարվում է դադաիզմով, սկսում է դասավանդել Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում։
1924թ․-ի պատերազմական թեմայով օֆորտների շարքից հետո, Դիքսը համախոհների հետ սկսում է «Նոր իրեղենություն» (Neue Sachlichkeit) շարժումը։ Այն կորսյալ սերնդի արվեստագետների նախաձեռությունն էր, ովքեր իրականությունն ուզում էին պատկերել՝ առանց պատրանքների, սառը դատողությամբ։
«Նոր իրեղենություն»-ը սոցիալական և քաղաքական կյանքի գրոտեսկային քննադատությունն էր:
«Մենք ուզում ենք իրերը տեսնել ամբողջովին մերկ, պարզ, գրեթե առանց արվեստի: Դրա համար մենք հորինեցինք «Նոր իրեղենությունը» (Neue Sachlichkeit)»,-ասում էր Օտտո Դիքսը։
1930-ական թվականներին, երբ Գերմանիայում իշխանության եկան նացիոնալ-սոցիալիստները, սկսվեց մեծ գրաքննություն, Դիքսի նկարները հայտարարվեցին դեգեներատիվ արվեստ (Entartete Kunst), որոշ գործեր ոչնչացվեցին, մնացածն էլ արգելեցին ցուցադրել։
Օտտո Դիքսի ստեղծագործությունների առանցքն երկու մեծագույն աղետների՝ պատերազմների միջև ընկած դարաշրջանի վավերագրումն էր:
Կյանքի վերջին տարիներին Օտտո Դիքսը նկարել է կրոնական թեմաներով։ Նա մահացել է 1969թ․-ին 77 տարեկան հասակում գերմանիայի Սինգեն քաղաքում։
Օտտո Դիքսը խոստովանել է, որ ողջ կյանքի ընթացքում ունեցել է չորս մուսա՝ բնությունը, Նիցշեն, Գյոթեն և Աստվածաշունչը։
2023 թ․-ի մայիսի 3-ից 28-ը Գեղագիտության ազգային կենտրոնում բաց է Օտտո Դիքսի 1920-1924թթ․-ին արված փորագրանկարների լայնածավալ ցուցահանդեսը։ Այն իրականացվում է Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտը (ifa), Երևանում Գյոթե կենտրոնի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ։
Օտտո Դիքսի պատերազմի շարքի լուսանկարները՝ MoMA թանգարանի կայքից
Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի
Մեկնաբանել