HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Բեռլին։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը։

Ինչպես գրում է պարբերականը, Գերմանիայում նախագահ Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ավելի ուշ, Ախենում կկայանա նաև Կառլ Մեծի մրցանակի հանձման արարողությունը, որը Զելենսկուն և ուկրաինական ժողովրդին շնորհվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ընդ որում, Զելենսկին ու Շոլցը միասին կմեկնեն Ախեն։

Գերմանիայում Վլադիմիր Զելենսկին վերջին անգամ եղել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր առաջ։ 2022 թվականի փետրվարին նախագահ Զելենսկին Մյունխենում մասնակցում էր Անվտանգության միջազգային համաժողովին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել կարճ հայտարարություններով և պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Ուկրաինայի նախագահին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան ստացել է բավարար սպառազինություն՝ հակահարձակման մեկնարկի համար։ Այդ հարցին Զելենսկին կարճ պատասխանել է. «Եվս մի քանի այց և վերջ»։

Նա շնորհակալություն է հայտնել Օլաֆ Շոլցին ռազմական օգնության համար։ Հիշեցնենք, Գերմանիան նախօրեին հայտարարել էր պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային օգնության ամենախոշոր փաթեթի մասին։ «Գերմանիան այսօր գտնվում է երկրորդ հորիզոնականում (ըստ սպառազինության մատակարարման-խմբ.)։ Ես բաց կասեմ։ Մենք կանենք ամեն ինչ, որ Գերմանիային դուրս բերենք օգնության առաջին հորիզոնական»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան աշխատում է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման ուղղությամբ։ «Եվ Եվրոպայի մայրաքաղաքներ իմ այցերը մասամբ ուղղված են հենց դրան։ Ես կարծում եմ, որ մենք կհաջողենք։ Ես այսօր կդիմեմ նաև գերմանական կողմին, որպեսզի աջակցեն Ուկրաինային այդ կոալիցիայում։ Մեզ համար դա կարևոր է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ 

Գերմանիան դարձել է Եվրոպայի 9-րդ երկիրը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է 2023 թվականի սկզբից ի վեր։ Մինչ այդ նա եղել էր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում (երկու անգամ), Ֆինլանդիայում, Նիդերլանդներում, Իտալիայում և Վատիկանում։ 2022 թվականի վերջին Զելենսկին այցելել էր ԱՄՆ ու Լեհաստան։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter