
Նեթանյահուի պնդմամբ՝ Իսրայելը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» ողջ վերնախավին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով Գազայի հատվածում իսրայելական գործողության արդյունքները, հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին հաջողվել է ոչնչացնել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ողջ վերնախավին։ Նրա խոսքերը փոխանցում է The Times of Israel-ը։
«Կատարումը հրաշալի էր։ Լիակատար հանկարծակիությամբ և շարունակական նախաձեռնությամբ մենք Գազայում ոչնչացրինք «Իսլամական ջիհադի» ողջ վերնախավին, ավերեցինք «Իսլամական ջիհադի» 17 հրամանատարական կենտրոն, ոչնչացրինք տասնյակ ահաբեկիչների, հարվածներ հասցրինք հրթիռների պահեստներին, ոչնչացրինք հակատանկային ջոկատներ և այլն»,- ասել է այդ երկրի վարչապետը։
Իսրայելը մայիսի 9-ին հայտարարել էր Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության մեկնարկը՝ ի պատասխան իր տարածքների հրթիռակոծության։ Նշվում էր, որ մարտական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակին հաջողվել է սպանել «Իսլամական ջիհադի» հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Գալիին։
Նախօրեին Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» անդադար մարտերից 5 օր անց Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել էին հրադադարի շուրջ։ Դրանից մի քանի ժամ անց արձակվել էր ևս մի քանի հրթիռ, սակայն մարտական գործողությունները դադարել էին։
Լուսանկարը՝ Yonatan Sindel/Pool/AFP/Getty Images
Մեկնաբանել