HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը. Շառլ Միշելի հայտարարությունը

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ 

Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն։ Շառլ Միշելը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։

«Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են մշակել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը»,- նշել է Միշելը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը չունի գաղտնի օրակարգ։ «Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։

«Ես գնահատում եմ նրանց ջանքերը։ Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Միշելը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Բրյուսելում։ Այն կկայանա հուլիս ամսին։ Թե կոնկրետ որ օրը, Միշելը չի մանրամասնել։ Բացի այդ, Միշելը նշել է, որ կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել բրյուսելյան ձևաչափով՝ «այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա»։

Խոսելով երկու երկրների միջև սահմանազատման մասին՝ Միշելը նշել է, որ կողմերը դիտարկել են սահմանային խնդիրների շուրջ իրավիճակն ու քննարկել հաջորդ քայլերը՝ երկու երկրների սահմանների սահմանազատման ուղղությամբ։ «Այս կոնտեքստում առաջնորդները համաձայնել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման մասին»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Շառլ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանը կորոշվի բանակցությունների արդյունքում։

Անդրադառնալով պահվող անձանց ազատ արձակման թեմային՝ Շառլ Միշելը նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։ Թե կոնկրետ որ պահվող անձանց մասին է խոսքը, Միշելը չի մանրամասնել։

Միշելն անդրադարձել է նաև Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին։ «Մենք շարունակում ենք մտքերի փոխանակումը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի շուրջ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել մշակել դրական օրակարգ՝ այդ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես նաև բարձրացրել եմ Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության անհրաժեշտության հարցը»,- հայտարարել է ԵԽ նախագահը։

Դեռ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ, այսպես էր մեկնաբանել Ալմաթիի հռչակագիրը։ «1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ»,- ասել էր Փաշինյանը։

Ալմաթիի հռչակագրի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝

Նիկոլ Փաշինյանը չիմացության հետեւանքով կամ միտումնավոր նույնականացնում է երկու տարբեր փաստաթղթեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter