HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նիկոլ Փաշինյանը չիմացության հետեւանքով կամ միտումնավոր նույնականացնում է երկու տարբեր փաստաթղթեր

Փաշինյանն Ալիեւի հետ հայտարարում է մի բան, Հայաստանի ներսում խոսում այլ բանի մասին

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որում, մասնավորապես ասվում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում, խոսելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, Փաշինյանը հայտարարել է. «Մի քանի անգամ ասել եմ, որ մենք հղում ենք անում 1992 թ. փետրվարին Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացված փաստաթղթի վրա: Այսինքն՝ մենք հղում ենք անում մի փաստաթղթի վրա, որը ՀՀ օրենսդրության մաս է, ՀՀ օրենք է: Եվ այդ փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են ընդունող մարմինի անդամ՝ պատգամավոր»:

Փաստն այն է, որ Պրահայի հայտարարության մեջ հղում է արված 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, իսկ Փաշինյանը խոսում է մեկ այլ փաստաթղթի մասին, որին իբր իրենք հղում են անում: Նշված հռչակագիրն ու Փաշինյանը հիշատակածը տարբեր փաստաթղթեր են. առաջինը զուտ հայտարարություն է, դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ, իսկ երկրորդը՝ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված բազմակողմ համաձայնագիր:

Այլ կերպ ասած՝ վարչապետը կա՛մ չիմացության հետեւանքով, կա՛մ միտումնավոր նույնականացնում է երկու տարբեր փաստաթղթեր: Եթե Փաշինյանը կամ նրա թիմը պիտի ասեն, թե իրենք միշտ էլ նկատի են ունեցել եւ ունեն 1992-ի փետրվարին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթուղթը, ապա պետք է հարցնել, թե այդ դեպքում ինչու է վարչապետը Ալիեւի հետ համատեղ Պրահայի հայտարարության մեջ հղում տվել մեկ այլ թղթի՝ Ալմա-Աթայի հռչակագրին:

Փաստն այն է, որ ԱԺ-ում իր վերջին հայտարարությամբ Փաշինյանն առնվազն փորձում է մանիպուլացնել հանրությանը, քանզի այն թուղթը, որին ինքն ու Ադրբեջանի նախագահը հղում են տվել, չի վավերացվել ոչ միայն «այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են ընդունող մարմինի անդամ՝ պատգամավոր», այլեւ ընդհանրապես չի վավերացվել ՀՀ խորհրդարանի կողմից:

Համաձայնագիր եւ դրան կից արձանագրություն

Ամբողջ հարցն այն է, որ ԱՊՀ հիմնադրման ժամանակ՝ 1991 թ. դեկտեմբերին, ընդունվել է 3 առանցքային փաստաթուղթ՝ համաձայնագիր, արձանագրություն եւ հռչակագիր, որոնց կանդրադառնանք հերթով:  

Այսպես՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ին Բելառուսի տարածքում՝ Բելովեժյան թավուտում, Բելառուսի Գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչն ու մինիստրների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Կեբիչը, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) նախագահ Բորիս Ելցինն ու պետքարուղար Գենադի Բուրբուլիսը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկն ու վարչապետ Վիտոլդ Ֆոկինը ստորագրել են Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու մասին համաձայնագիր (СОГЛАШЕНИЕ о создании Содружества Независимых Государств): Դրանով արձանագրվում էր, որ ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ու աշխարհաքաղաքական իրողության, դադարեցնում է գոյությունը: Մյուս կողմից՝ պայմանավորվող կողմերը համաձայնության եկան նոր միություն՝ ԱՊՀ ստեղծելու մասին:

Դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը, որը բաղկացած է 14 հոդվածից, ԱՊՀ-ի «ծննդյան վկայականն» է: Որպես միջազգային փաստաթուղթ՝ այն ենթակա էր վավերացման ստորագրող երկրների խորհրդարանների կողմից: 1991 թ. դեկտեմբերի 10-ին այն վավերացրին Բելառուսի Գերագույն խորհուրդն ու Ուկրաինայի Գերագույն ռադան, իսկ ամսի 12-ին՝ Ռուսաստանի Գերագույն խորհուրդը:

Դեկտեմբերի 13-ին միջինասիական 5 հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին ԱՊՀ-ին միանալու ցանկության մասին: Դրա համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հանդիպում կազմակերպեց, որին մասնակցեցին միութենական 11 հանրապետությունների ղեկավարները՝ բացառությամբ Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի:

Քանի որ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրն արդեն փաստ էր, այսինքն՝ ստորագրված ու վավերացված էր Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից, Ալմա-Աթայի հանդիպմանը թե՛ սրանց, թե՛ մյուս 8 հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին նոր փաստաթուղթ՝ դեկտեմբերի 8-ի համաձայնագրին կից արձանագրություն (ПРОТОКОЛ к Соглашению о создании Содружества Независимых Государств, подписанному 8 декабря 1991 года в г. Минске Республикой Беларусь, Российской Федерацией (РСФСР), Украиной), որով էլ ֆիքսվում էր բոլոր 11 երկրների միանալը ԱՊՀ-ին (այս փուլում՝ ղեկավարների ստորագրության մակարդակով):

Հայաստանի կողմից դեկտեմբերի 21-ին նշված արձանագրությունը ստորագրել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի կողմից՝ այդ երկրի ղեկավար Այազ Մութալիբովը: Նկատենք, որ արձանագրության մեջ նշված է, որ այն հանդիսանում է ԱՊՀ ստեղծման համաձայնագրի բաղկացուցիչ մաս:

Հետեւաբար, պատահական չէ, որ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ. փետրվարի 18-ին վավերացրել է ԱՊՀ ստեղծման հիմնարար փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը (ոչ թե դեկտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանի ստորագրած արձանագրությունը, այլ հենց ամսի 8-ի համաձայնագիրը):

Փաշինյանը չի ասում, որ իր հիշատակած փաստաթուղթը 1992-ին ՀՀ խորհրդարանը վավերացրել է վերապահումներով

Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որի մասին Փաշինյանը ԱԺ-ում լռել է: Դա այն է, որ ՀՀ ԳԽ-ն ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թ. փետրվարին վավերացրել է վերապահումներով: Սա նշանակում է, որ ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը ՀՀ-ի համար գործում է այն վերապահումներով, որոնք ընդունել է ԳԽ-ն 1992-ի փետրվարին:

Այդ վերապահումներից կարեւոր է հատկապես հետեւյալը:

Համաձայնագրի 5-րդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը» (այս եւ հետագա ընդգծումները «Հետքինն» են): Իսկ ահա ՀՀ ԳԽ-ն համաձայնագիրը վավերացրել է հետեւյալ վերապահումով. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»:

Փաստորեն, ԳԽ-ն նախ առաջ է քաշել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ապա «գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիություն» արտահայտությունը փոխարինել «սահմանների անձեռնմխելիություն» տերմինով, այսինքն՝ շեշտադրել ընդհանրապես սահմանների անքակտելիության սկզբունքը: Նկատենք, որ այն ժամանակ՝ 1991-1992 թթ., արդեն իսկ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում թե՛ Արցախում, թե՛ Հայաստան-Ադրբեջան խորհրդային վարչական սահմանին:

«Տարածքային ամբողջականությունը ճանաչելը կամ չճանաչելը դեռեւս չի նշանակում ճանաչել պետության տիտղոսն ինչ-որ տարածքի նկատմամբ»

Մեկնաբանելով «տարածքային ամբողջականություն» տերմինը՝ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լեւոն Գեւորգյանը «Հետքին» ասել էր. «Պետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը կամ չճանաչելը դեռեւս չի նշանակում ճանաչել պետության տիտղոսն ինչ-որ տարածքի նկատմամբ: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Պետությունները չեն կարող չճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, դա ՄԱԿ-ի կանոնադրությունից է բխում: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականությունն ընդհանրապես: Դա նշանակում է, որ պետությունները մեկը մյուսի նկատմամբ պարտավորվում են ուժ չգործադրել՝ միմյանց պատկանող տարածքները նվաճելու նպատակով: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ պետությունները չեն կարող վիճարկել, թե որ տարածքն ում է պատկանում:

ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պարզորեն գրված է կոնկրետ բան՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որ ՄԱԿ-ի կանոնադրությունից էլ է բխում: Բայց ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում խոսք չի գնում խորհրդային սահմանների շարունակականության մասին: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այսինքն՝ խորհրդային սահմանների շարունակականությունը սկզբունք չէ, որը ենթադրաբար որոշում է, թե որ տարածքն ում է պատկանում։ Տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել, երբ արդեն պարզ է, թե որ տարածքն ում է պատկանում: Այս դեպքում արդեն Ա կամ Բ պետության տարածքը պաշտպանված է մյուսների նկրտումներից տարածքային ամբողջականության սկզբունքով:

…ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերն ազդեցություն չունեն արցախյան հակամարտության կարգավորման վրա: Կրկնում եմ՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում արձանագրված է, որ բոլոր պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը: Դա դեռեւս չի նշանակում, որ ԱՊՀ անդամ պետությունները հայտարարում են, թե իրենք ճանաչում են ամեն մի պետություն խորհրդային վարչական սահմանների շրջանակներում։ Այդ սահմաննները վիճարկված են բազմաթիվ վայրերում: Դե, հիմա դրա վառ օրինակը Հարավային Օսիան եւ Աբխազիան են, մյուս օրինակներն են: Այսինքն՝ բազմաթիվ են օրինակները, երբ խորհրդային սահմանները վիճարկվել են նորաստեղծ պետությունների կողմից:

ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում որեւիցե բան չկա, որ կբացառի նորաստեղծ կամ ավելի ճիշտ՝ նորանկախ պետությունների միջեւ տարածքային վեճերի հնարավորությունը: Նորանկախ, նորաստեղծ պետությունները, այո, կարող են ունենալ եւ ունեն տարածքային վեճեր: Դա նորմալ երեւույթ է:

Իսկ Արցախի հակամարտությունը, բնականաբար, մի քիչ ավելի բազմաբեւեռ է․ այստեղ կա թե՛ ինքնորոշման խնդիրը, թե՛ հարց է՝ արդյոք Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանն ընդհանրապես կարող է ինքն իրեն համարել խորհրդային պետություն, թե ոչ (1991-ին Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-1920 թթ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության եւ ոչ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը- խմբ.)»:

Ալմա-Աթայի հռչակագիրը

Վերադառնալով 1991 թ. դեկտեմբերի 21, նկատենք, որ այդ նույն օրը 11 հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին ոչ միայն ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրությունը, այլեւ հռչակագիր, որը կոչվեց Ալմա-Աթայի հռչակագիր (АЛМА-АТИНСКАЯ ДЕКЛАРАЦИЯ): Սա հայտարարություն էր ԱՊՀ-ի ստեղծման սկզբունքների ու նպատակների մասին:

Ինչպես տեսնում ենք, 1991-ի դեկտեմբերին միութենական երկրները 3 կարեւոր փաստաթուղթ ընդունեցին՝ Բելովեժյան համաձայնագիրը Բելառուս-Ռուսաստան-Ուկրաինա եռյակի կողմից, ավելի ուշ՝ դրան կից արձանագրությունը, որով եւս 8 երկիր ղեկավարների ստորագրության մակարդակով միացավ ԱՊՀ-ին, ինչպես նաեւ Ալմա-Աթայի հռչակագիրը:  

Ի տարբերություն համաձայնագրի եւ դրան կից արձանագրության՝ Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացման գործընթաց չի անցել ստորագրող երկրների կողմից, ինչը կարող ենք տեսնել ԱՊՀ երկրների կողմից վավերացված փաստաթղթերի ռեեստրում: Նման բան նախատեսված չի եղել: Պատճառն, ըստ ամենայնի, այդ փաստաթղթի բնույթն է՝ այն ոչ թե միջպետական պայմանագիր, համաձայնագիր, կոնվենցիա է, այլ համատեղ հայտարարություն: Բայց, ինչպես տեսնում ենք Պրահայի հայտարարությունից, դրանում Հայաստանն ու Ադրբեջանը հղում են անում հենց Ալմա-Աթայի հռչակագրին, որն, ի դեպ, բոլոր կողմերի ղեկավարները ստորագրել են՝ «ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» (ուշադրություն դարձրեք, որ Բելովեժյան համաձայնագրի 5-րդ հոդվածում արտահայտված այս նույն դրույթի վերաբերյալ 1992-ին ՀՀ խորհրդարանը վերապահում է արել վավերացման ժամանակ):

Ադրբեջանը չի վավերացրել ԱՊՀ ստեղծման համաձայնագիրն ու դրան կից արձանագրությունը

Ինչու՞ են Փաշինյանն ու Ալիեւը հղում անում հայտարարության, այլ ոչ թե բազմակողմ համաձայնագրի: Արդյոք պատճառն այն է, որ ՀՀ-ն 1992-ին էական վերապահումներով է վավերացրել այդ համաձայնագիրը, ինչը, վստահաբար, ձեռնտու չէ ադրբեջանցիներին: Արդյոք մեկ այլ պատճառ է այն, որ Ադրբեջանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրն (08.12.1991) ու դրան կից արձանագրությունը (21.12.1991) չի վավերացրել:

Այո, չնայած 1991-ի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրել է թե՛ ամսի 8-ի համաձայնագրին կից արձանագրությունը, թե՛ Ալմա-Աթայի հռչակագիրը, այդ երկրի խորհրդարանը հետագայում չի վավերացրել Բելովեժյան համաձայնագիրը եւ/կամ դրան կից արձանագրությունը, ինչն արել են մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը։

1992 թ․ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի խորհրդարանը որոշեց չվավերացնել ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը։ Ավելորդ չէ ասել, որ այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր թուրքամետ Աբուլֆազ Էլչիբեյը։ Սակայն մեկ տարի անց՝ 1993-ի սեպտեմբերին, Ադրբեջանը, որն արդեն գլխավորում էր նախկին ԽՍՀՄ վերնախավի կարկառուն ներկայացուցիչ Հեյդար Ալիեւը, ցանկություն հայտնեց միանալ ԱՊՀ-ին, ինչի արդյունքում 1993-ի սեպտեմբերի 24-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ այդ երկիրը միացավ ԱՊՀ-ին՝ այդպես էլ չվավերացնելով Բելովեժյան համաձայնագիրը եւ/կամ դրան կից արձանագրությունը։ Ընդ որում՝ 1993-ի սեպտեմբերի 24-ին Հեյդար Ալիեւը Մոսկվայում վերստին ստորագրեց 1991 թ․ դեկտեմբերի 21-ի արձանագրությունը, որն այն ժամանակ Մութալիբովը ստորագրել էր, բայց հետո վավերացում չէր եղել։ 1993-ի դեկտեմբերին էլ Ադրբեջանի նման ԱՊՀ-ին միացավ Վրաստանը, որը կառույցը պաշտոնապես լքեց 2009-ի օգոստոսին։

Այսպիսով՝ Փաշինյանի ու Ալիեւի համատեղ պաշտոնական հայտարարությունը Պրահայում հերքում է այն, ինչ օրերս ԱԺ-ում ասել է վարչապետը, թե իբր իրենք հղում են անում 1992-ին ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթին։ Իրականում նրանք հղում են անում մի հռչակագրի, որը երբեք էլ չի վավերացվել։ Թե որն է Պրահայի հայտարարության նման տեքստի նպատակը, գիտեն կազմողները։ Երկրորդ՝ Փաշինյանի միտքը, թե «այդ փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են ընդունող մարմինի անդամ՝ պատգամավոր» եւս մանիպուլյատիվ է, քանի որ 1992 թ․ փետրվարի 18-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը էական վերապահումներով է վավերացրել ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը, ինչի մասին Փաշինյանը լռում է։ Երրորդ՝ Փաշինյանի թիմից՝ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկ նրան չի հարցնում, թե ինչու են նա ու Ալիեւը հղում անում ինչ-որ հայտարարության եւ ոչ թե միջպետական բազմակողմ համաձայնագրի։  

Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, քարոզչությունը (պրոպագանդա) «ֆեյք նյուզի» օրինակներ են։ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած թիմը պարբերաբար աչքի են ընկնում «ֆեյք նյուզ» տարածելով։ Դրանցից մի քանիսին մեր անդրադարձները՝ ստորեւ․

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային հանրային իրավունքի՝ պատական սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքն ուշագրավ պատմական համատեքստում է ձևավորվել: Այդ սկզբունքը սահմանվել, ձևովավորվել և դրա ակադեմիական մեկնաբանությունները զարգացել են անցած դարի կեսերին սկիզբ առած ապագաղութացման շարժման արդյունքում և համատեքստում: Սկզբունքը, որ ավելի «երիտասարդ» է, քան թե Լենինի կողմից առաջ քաշված և մինչև ՄԱԿ-ի կազմավորումն արդեն հայտնի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, որի հիման վրա բազմաթիվ միջազգային համաձայնագրեր են կնքվել: Ապագաղութացման շարժումը կառավարելի դարձնելու և գաղութարար պետություների շահերը կարգավորելու նպատակով առաջ է քաշվել պետական սահմանների և տարածքների ամբողջության սկզբունքը, որը, բովանդակային առումով, չի կարող մրցակցության կամ հակասության մեջ լինել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ՝ դրանց նպատակային և պատմական տարբերությունների պատճառով: Տգետի համար դրանք տարբերելն անհավանական բաներ են, և քանի որ ինքը չի հասկանում, նպատակահարմար է գտնում իր չհասկացածը հրամցնել որպես մանիպուլացիա. ամբողջ աշխարհը հաստատել է Ադրբեջանի սահմանների այն ուրվագիծը, որ մենք տեսնում ենք օրինակ՝ CNN-ի եղանակի տեսության հաղորդումների ժամանակ, ուրեմն 30 տարի մենք բոլորս զբաղվել ենք անիմաստ մարզանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter