HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2021-ին թշնամին ՀՀ տարածքից օկուպացրել է նվազագույնը 50 քկմ տարածք

2022 թ. սեպտեմբերի 13-ի օրվա մեկնարկից Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա սանձազերծեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, եւ ռազմական գործողությունները շարունակվեցին մինչեւ ամսի 14-ի ուշ երեկո, երբ հայտնի դարձավ հրադադարի հաստատման մասին:

Առայժմ շատ բան հայտնի չէ հայկական կողմի մարդկային եւ տարածքային կորուստների մասին: Վարչապետ Փաշինյանն ամսի 14-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ զոհվածների թիվ նշեց 105-ը: Բացի դրանից՝ նա հայտարարեց հետեւյալը. «Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եւս 10 քկմ օկուպացրել են մեր երկրից»:

Իրականում 2021 թ. մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2021 թ. նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ, թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է ավելի մեծ տարածք, քան նշել է Փաշինյանը:

«Հետքն» արդեն գրել է այն մասին, որ 2021-ի մայիսյան օկուպացիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս խոշորացված համայնքի Նորաբակ-Ծարասար հատվածում թշնամու վերահսկողության տակ է անցել 32,1 քկմ տարածք: Այս թվի մեջ ներառված չէ Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանական օկուպացիան:

Իսկ ահա Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում թշնամին զավթել է 12,8 քկմ տարածք:

Այս թվերը հաշվարկել ենք առցանց քարտեզների միջոցով՝ հիմք ընդունելով ադրբեջանական առաջապահ դիրքերի թիկունքում հայտնված ՀՀ սուվերեն տարածքի տեղամասերը (մանրամասները տես ստորեւ՝ քարտեզում): Բայց հասկանալի է, որ սա միայն նրանց թիկունքում հայտնված հողերն են, այնինչ քանի որ թշնամին զբաղեցրել է ռազմավարական նշանակության կարեւոր բարձունքներ, դիտարկում եւ վերահսկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվող տեղամասերն են:

Մանրամասների համար սեղմեք նշանների վրա

Սակայն հավելենք, որ Սյունիքի մարզում թշնամին 2021 թ. մայիսին առաջացել է ոչ միայն Սեւ լճի, այլեւ Ծիծեռնաքար-Իշխանասար ուղղությամբ: Քարտեզով չափումը թույլ է տալիս ասել, որ այս ուղղությամբ անցյալ տարվա գարնանը թշնամին օկուպացրել է 1,6 քկմ:  

Բայց 2021 թ. նոյեմբերին ադրբեջանցիները հերթական ագրեսիայով եւս մի քանի հայկական դիրք գրավեցին այս հատվածում: Ներքեւի նկարում մանուշակագույնով ներկայացված են դրանցից 4-ը: Արդյունքում այս հատվածում թշնամին օկուպացիայի ծավալները 1,6-ից հասցրել է 5,4 քկմ-ի:

Թե Ծիծեռնաքար-Իշխանասար ուղղությամբ հայկական կողմը 2021 թ. նոյեմբերին ընդհանուր քանի դիրք է կորցրել, հայտնի չէ: Բայց հիշեցնենք, որ այս ուղղությամբ 3 դիրք կորցնելու վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, կալանավորվել էին հայ զինծառայողներ:

Այդուհանդերձ, 2021 թ. նոյեմբերի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քկմ ինքնիշխան տարածք, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում նշեց. «Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել» (նկատի ուներ 41 քկմ-ի օկուպացիան): Իրականում, սակայն, ինչպես տեսանք վերեւում, նոյեմբերին թշնամին մեծացրել է օկուպացիայի ծավալները:

2021-ի նոյեմբերի 23-ի ասուլիսում Փաշինյանն ասաց. «2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քկմ՝ 40-45 քկմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք»: Իսկ 2022 թ. մայիսի 29-ին, արձագանքելով ադրբեջանցիների հերթական սադրանքին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք»:

Եթե իրար ենք գումարում Վարդենիսի (չհաշված Կութի տեղամասը), Սեւ լճի ու Ծիծեռնաքար-Իշխանասար հատվածում մեր կողմից քարտեզով հաշվարկված տվյալները, պարզ է դառնում, որ 2021 թ. մայիս-նոյեմբերին ադրբեջանական օկուպացիայի տակ է անցել նվազագույնը 50,3 քկմ տարածք: Սրան պետք է հավելենք ադրբեջանական հետագա ներխուժումները Կապանի Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի ուղղությամբ, որոնք արձանագրել են լրատվամիջոցներն, ու ստիպված ընդունել է ՀՀ ՊՆ-ն:

Ի մի բերելով՝ կարող ենք ֆիքսել, որ 44-օրյա պատերազմից հետո ու մինչեւ վերջին ռազմական ագրեսիան Ադրբեջանն արդեն իսկ Հայաստանից օկուպացրել էր առնվազն 50 քկմ: Իսկ Փաշինյանի ասածը, որ օրերս կորցրել ենք եւս 10 քկմ, ճշգրտման կարիք ունի՝ հաշվի առնելով նրա հայտարարությունների եւ իրականության միջեւ առկա անհամապատասխանության նախկին փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter