HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան․ «Սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված»

Այս պահի դրությամբ Հայաստանի արևելյան սահմանին իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ հարձակումը սկսել են նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին։ Նրա խոսքով՝ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Փաշինյանը տեղեկացրեց, որ հայկական կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ հետագայում կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2021թ․ մայիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, ինչը տեղի է ունեցել միջազգային հանրության լռության պայմաններում։ Վարչապետը կոչ արեց միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։

«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ։ Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։

Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ-ն հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, ինչպես նաև գերեվարվել է ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող։

Մեկնաբանություններ (1)

Souren Paguntz
Stupid. We have seen false promises before. Incompetent PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter