ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է
Նոյեմբերի 16-ի Ժամը 17։00-ի դրությամբ՝ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով նաև, որ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող գերեվարվել է։
«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ զինված ուժերի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Մեկնաբանել