HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քարտ բլանշ թշնամուն, կամ երբ պաշտոն են զբաղեցնում ոչ կոմպետենտ անձինք

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի դեմ շարունակական ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը շարունակում է մեր օդային տարածքով թռիչքներ կատարել Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատասխան չունի այն հարցին, թե ինչու Հայաստանը չի արգելում թշնամական վարքագիծ դրսեւորող պետության օդանավերի մուտքը հայկական երկինք:

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL» ընկերությունն այս տարվա հոկտեմբերի 6-ից ազատ օգտագործում է հայկական օդային տարածքը՝ Բաքվից Նախիջեւան եւ հետադարձ թռիչքներ կատարելու համար:

Այդ թռիչքները շարունակվել են նույնիսկ նոյեմբերի 14-16-ին, երբ ադրբեջանցիներն ակնհայտ պատերազմական գործողություններ սանձազերծեցին Հայաստանի դեմ ՀՀ սուվերեն տարածքում:

Ու հիմա ՀՀ կառավարությունը բերանը ջուր է առել եւ չի ասում, թե ինչու այն ժամանակ եւ հետո Հայաստանը հակաքայլ չի արել:

Ադրբեջանցիները հայկական օդային տարածք վախենում էին մտնել 2014 թ. նոյեմբերից, երբ Արցախի տարածքում խոցեցին ուսումնամարզական թռիչք կատարող, չզինված «Մի-24» ռազմական ուղղաթիռը: Սա 1994-ի զինադադարից հետո առաջին դեպքն էր, երբ հակամարտող կողմերից մեկը մյուսի օդանավն էր խոցում: Գիտակցելով հայկական կողմի հնարավոր հակաքայլերի ծանր հետեւանքները՝ ադրբեջանցիները Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքները 7 տարի շարունակ կատարում էին բացառապես Իրանի տարածքով (այդպիսիք շարունակվում են նաեւ հիմա): Սակայն 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ներկա իշխանությունների թողտվությամբ նրանք կրկին տարանցում են Հայաստանի երկինքը, ինչը, իրենց իսկ խոստովանությամբ, ավելի շահավետ է, քան Իրանի տարբերակը: Նկատենք, որ օրվա մեջ «AZAL»-ը Հայաստանի միջոցով 3 անգամ է Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթ կատարում՝ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան:  

Քաղավիացիայի կոմիտեն հոկտեմբերին հայտարարել էր, թե ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ, ըստ ընթացակարգերի, քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որեւէ թույլտվություն չի պահանջվում:

Սակայն ինչպես գրել ենք, այս հայտարարությունը մանիպուլյատիվ էր, քանի որ գործող կարգի համաձայն՝ քաղաքացիական օդանավերը ՀՀ տարածքով տարանցիկ թռիչքներն իրականացնում են՝ հիմք ընդունելով ՀՀ օդային տարածքի կազմակերպման միավորի (համատեղ ռազմաքաղաքացիական մարմին է, որն զբաղվում է օդային տարածքի կազմակերպման ամենօրյա գործունեության պլանավորմամբ, համակարգմամբ եւ օդային տարածքի ժամանակավոր հատկացումների իրականացմամբ) եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների (այս դեպքում՝ ՔԱԿ-ին ենթակա «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ) հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները: Սա նշանակում է, որ ադրբեջանական ավիաընկերությունը կոնտակտի մեջ է մտնում հայկական պատասխանատու մարմինների հետ, եւ վերջին խոսքը հենց հայկական կողմինն է:

Այս ֆոնին ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին հարցրել էինք, թե, հաշվի առնելով թշնամու ագրեսիվ պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ նոյեմբերին, կոմիտեն արդյոք չի պատրաստվում արգելել դրա քաղաքացիական օդանավերի մուտքը մեր երկինք:

Այդուհանդերձ, ակնկալում էինք, որ ՔԱԿ-ը նորից հղում կանի Չիկագոյի կոնվենցիային, ինչպես արել էր նախորդ անգամ, երբ փորձելով հիմնավորել թուրքական օդանավերի դեմ հայելային արգելք չդնելը (Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքը իր երկինք), նշել էր, որ ըստ կոնվենցիայի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

«Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, բացառիկ հանգամանքներում, արտակարգ իրավիճակի պայմաններում կամ հասարակական անվտանգության ապահովման նպատակով, իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել թռիչքներն իր ողջ տարածքի կամ դրա մի մասի վրա՝ պայմանով, որ այդպիսի սահմանափակումը կամ արգելքը կկիրառվի բոլոր այլ Պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելության»:

Չիկագոյի կոնվենցիա, հոդված 9

Բայց եթե Թուրքիան պաշտոնապես չի ծանուցել մեր օդանավերի հանդեպ մտցրած արգելքի մասին՝ խախտելով գործող ընթացակարգերը, եւ ըստ էության, խտրական մոտեցում է դրսեւորել ու դրսեւորում, ինչն արգելվում է կոնվենցիայով, ապա հայկական կողմը քաղաքական կամք ունենալու պարագայում կարող էր տուրք չտալ կոնվենցիայի դրույթներին եւ առնվազն հայելային հակամիջոց կիրառել, ինչը չի արել:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ ՔԱԿ նախագահին հարցրել էինք, թե արդյոք «AZAL»-ի թռիչքները չարգելափակելու վերաբերյալ կա քաղաքական որոշում ՀՀ իշխանությունների կողմից։ Երկրորդ՝ ի՞նչն է կաշկանդում կոմիտեին, ինչի՞ց է վերջինս խուսափում։ Երրորդ՝ ագրեսոր պետության օդանավերի առաջ օդային տարածք փակելը ՔԱԿ-ի համոզմամբ արդյոք նշանակում է խտրական մոտեցում (նկատի ենք ունեցել Չիկագոյի կոնվենցիային հավանական հղում անելը)։ Չորրորդ՝ ինչու՞ հայելային մեթոդով կոմիտեն չի արգելում թուրքական օդանավերի մուտքը ՀՀ օդային տարածք, եթե Թուրքիան չի հիմնավորել հայկական օդանավերի մուտքն արգելելու իր քայլը. հայելային քաղաքականությունն արդյոք խտրական մոտեցում է կոմիտեի կամ ՀՀ իշխանությունների համոզմամբ։  

Տ. Ռեւազյանին ուղղված ահա այս հարցերին ՔԱԿ գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը տվել է մի պատասխան, որը, կարելի է ասել, պատասխանատվության սլաքներն ուղղում է այլ կողմ:

Զալինյանի փոխանցմամբ՝ ՔԱԿ-ն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է քաղավիացիայի տեխնիկական կարգավորման գործառույթներ, ասել է թե՝ արգելող-չարգելողը կոմիտեն չէ: Միաժամանակ կոմիտեի պաշտոնյան հիշատակել է «Ավիացիայի մասին» օրենքի այն դրույթը, որը սահմանում է. «ՀՀ-ում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է համապատասխան նախարարությունը»: Ժամանակին դա էկոնոմիկայի նախարարությունն էր, ներկայում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների: Այսինքն՝ ՔԱԿ-ն ակնարկում է, որ ինքը զուտ տեխնիկական մարմին է, իսկ մեր նշած հարցերի մասով որոշումներ կայացնողը ՏԿԵ նախարարությունն է, որն, ի դեպ, ՔԱԿ-ի վերադասն է:

Այս պատասխանից հետո նույն հարցերն ուղարկեցինք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, բայց պատասխանել է փոխնախարար Արմեն Սիմոնյանը, որը համակարգում է քաղավիացիայի ոլորտը: Պատասխան բառն այստեղ վերապահումով կարող ենք օգտագործել, քանի որ Սիմոնյանն ուղղակի խուսանավելու անհաջող փորձ է արել՝ միաժամանակ ցույց տալով, որ չի տիրապետում այն ոլորտին, որի ղեկավարն է: Ըստ պաշտոնական կենսագրության՝ մինչեւ 2019 թ. փոխնախարար դառնալը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Արմեն Սիմոնյանը որեւէ առնչություն չի ունեցել տրանսպորտի, մասնավորապես՝ օդային տրանսպորտի ու ավիացիայի հետ:

Դե, եթե կենսաֆիզիկոսն է քաղավիացիայի ոլորտ համակարգում, հայկական ավիացիայի վիճակն էլ այսպիսին պիտի լինի: ՔԱԿ նախագահին ուղղված կոնկրետ հարցերը տվել էինք ՏԿԵ նախարարին:

  1. Հաշվի առնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ պատերազմական գործողությունները Հայաստանի դեմ՝ ՏԿԵՆ-ը չի պատրաստվում արդյոք արգելել դրա քաղաքացիական օդանավերի մուտքը մեր երկինք։ Նման թռիչքներ եղել են նաեւ նոյեմբերի 14-16-ը, երբ Ադրբեջանը պատերազմ էր վարում ՀՀ-ի դեմ՝ ՀՀ տարածքում
  2. Եթե չեք պատրաստվում արգելել, ապա ինչու՞։ Արդյոք այդ մասով կա քաղաքական որոշում ՀՀ իշխանությունների կողմից։ Ի՞նչն է կաշկանդում հայկական կողմին, ինչի՞ց եք խուսափում։
  3. Ագրեսոր պետության օդանավերի առաջ օդային տարածք փակելը ՏԿԵՆ-ի եւ ՀՀ կառավարության համոզմամբ արդյոք նշանակում է խտրական մոտեցում (նկատի ունեմ Չիկագոյի կոնվենցիայի դրույթները)։ Եթե այո, ապա ինչպե՞ս կհիմնավորեք։
  4. Ինչու՞ հայելային մեթոդով հայկական կողմը չի արգելում թուրքական օդանավերի մուտքը ՀՀ օդային տարածք, եթե Թուրքիան չի հիմնավորել հայկական օդանավերի մուտքն արգելելու իր քայլը։ Հայելային քաղաքականությունն արդյոք խտրական մոտեցում է ՀՀ իշխանությունների համոզմամբ։

Քաղավիացիայի ոլորտը համակարգող եւ այդ ոլորտի քաղաքականությունը որոշող նախարարության պաշտոնյան ոչ ավել, ոչ պակաս իր պատասխանում հղում է տվել ՔԱԿ-ի ֆեյսբուքյան գրառմանը՝ նշելով, թե կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ: Սա այն գրառումն է, որը, ինչպես վերեւում նշեցինք, մանիպուլյատիվ է (հավելենք, որ կոմիտեն այն օրի է, որ արդեն մի քանի տարի մի նորմալ պաշտոնական կայք էլ չունի եւ պաշտոնական լրահոսը տարածում է սոցցանցով): «Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- ՔԱԿ-ի գրառման մի նախադասությունը «copy-paste» է արել փոխնախարարը:  

Այդ դեպքում մի հարց քաղավիացիայի ոլորտը համակարգող կենսաֆիզիկոս Արմեն Սիմոնյանին. եթե օդանավ շահագործողն է ընտրում իր անցնելիք օդային մայրուղին, ինչը նորություն չէ, եւ այս պարագայում ադրբեջանական «AZAL»-ը 7 տարի անց նորից ընտրել է Հայաստանի տարածքով Բաքվից Նախիջեւան թռչելու տարբերակը, ապա ո՞րն է այս պարագայում ավիացիան տեխնիկական ու քաղաքական առումով կարգավորող-կազմակերպող հայկական իշխանությունների դերը: Սեփական երկնքին նայելն ու «AZAL»-ի օդանավերին ձեռքով անե՞լը: Դատելով բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանից՝ ոլորտի պատասխանատուները, որոնք չունեն լրատվամիջոցին ու հանրությանը հուզող պարզ հարցերի պատասխանները, հենց այդպես էլ անում են:

Շարունակելով մանեւրումները՝ Սիմոնյանը մեջբերել է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի օդային տարածքի շահագործման վերաբերյալ ՔԱԿ-ի տրամադրած տեղեկատվությունը, ինչից պարզ է դառնում, որ կոնկրետ ՏԿԵՆ-ին ուղղված հարցերին պատասխանելու փոխարեն փոխնախարարը դիմել է կոմիտեին՝ անցած դեպքերի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: «Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը, Հայաստանի օդային տարածքը փակ է եղել ադրբեջանական օդանավերի համար, իսկ նախքան պատերազմական գործողությունների սկսվելը հայաստանյան գրանցումով ավիաընկերությունները, որոնք դիմել են Թուրքիայի տարածքով թռիչքներ իրականացնելու համար, մերժում են ստացել»:

Վերջ, սա է այն, ինչ ՔԱԿ-ի օգնությամբ կարող է ասել փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Իսկ տակավին վերջերս թշնամու ռազմական ագրեսիայի ու այդ ընթացքում հայկական երկինքը «հերկող» ադրբեջանական օդանավերի մասին նա ասելիք չունի: Գուցե ազնիվ կլիներ, եթե Սիմոնյանը խոստովաներ, որ կա «AZAL»-ի ինքնաթիռների դիմաց օդային սահմանները որեւէ պարագայում չփակելու քաղաքական որոշում, բայց դա կայացրել է մի հոգի՝ «խաղաղության դարաշրջան» բացելու առաջամարտիկ վարչապետը (որի օդանավն, ի դեպ, Ադրբեջանի երկինք չի մտնում, չնայած այն պաշտոնապես փակ չէ ՀՀ օդանավերի համար, ինչպես որ մերը նրանց համար), իսկ մյուսներին հանձնարարված է վերը նշվածի պես անհաջող խուսանավումներ անել տհաճ հարցերից:

Տարբեր միջոցներով ՀՀ ազգային-պետական շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու համար քաղաքական կամք ու համարձակություն չունեցող եւ փոխարենը միջազգային ինչ-որ փաստաթղթեր մեջբերող որոշ հայ պաշտոնյաներ կոնկրետ այս դեպքում լավ կանեին կարդային նույն Չիկագոյի կոնվենցիայի 89-րդ հոդվածը:

«Պատերազմի դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում պատերազմի ազդեցությունը կրող Պայմանավորվող պետության գործողությունների ազատությունը, անկախ նրանից, պատերազմող է այդ Պետությունը, թե չեզոք: Նույն սկզբունքը կիրառվում է այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որն իր մոտ արտակարգ իրավիճակ է հայտարարում եւ այդ մասին տեղեկացնում է Խորհրդին»:

Չիկագոյի կոնվենցիա, հոդված 89

Այս դրույթը կիրառելի էր թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ թշնամու մայիսյան ու նոյեմբերյան ռազմական ագրեսիաների ժամանակ, թե՛ դրանց միջակայքում եւ թե՛ հիմա, քանի որ Հայաստանը գտնվում է չավարտված պատերազմի մեջ եւ նույնիսկ կնքված հրադադարի պայմաններում հենց Ադրբեջանի շարունակական գործողությունների հետեւանքով ամեն օր կրում է պատերազմի ազդեցությունը:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյան, Գնել Սանոսյան, Արմեն Սիմոնյան, Տաթեւիկ Ռեւազյան

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն
Վերնագրի երկրորդ մասը՝ «երբ պաշտոն են զբաղեցնում ոչ կոմպետենտ մարդիկ», բնութագրական է ՔՊ-ական իշխանության բոլոր ոլորտներին: Իսկ ամենատխուրն այն է, որ ՔՊ-ական թիմի անփորձ պաշտոնյաները չկարողանալով դրական ցուցանիշներ ցույց տալ իրենց վստահված ոլորտներում, աշխատանքից հեռացվելու փոխարեն, նշանակվում են մեկ այլ բնագավառում բարձր պաշտոնի և մինչև նոր գործին ծանոթանալը, դանդաղեցնում են տվյալ գերատեսչության աշխատանքը, իսկ որակական առումով՝ այն դարձնում անարդյունավետ: Եվ երբ ԱԺ-ում անցկացվող՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ քննադատական խոսք է ասվում որևէ ոլորտի վատ աշխատանքի մասին, իշխող թիմը մանիպուլյատիվ հնարքով պատճառը բացատրում է նախկինների կողմից իրականացրած թալանով: Դրանից հետո Խորհրդարանական ընդդիմությունը մի քիչ աղմկում է և հարցը փակվում է: Եվ քանի տարի է այս մանկական կարուսելը պտտվում ու պտտվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter