HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՔԱԿ-ն ու ԱԽՔ-ը մանիպուլացնում են մեր երկնքով ադրբեջանական թռիչքների թեման

2014-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները «Իգլա» համալիրով խոցեցին Արցախ-Ադրբեջան շփման գծի արցախյան հատվածի երկայնքով ուսումնամարզական թռիչք կատարող, չզինված «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որն ընկավ չեզոք գոտում՝ Աղդամի շրջանի Չեմենլի բնակավայրի ուղղությամբ: Սա 1994-ի զինադադարից հետո առաջին նման դեպքն էր, երբ հակամարտության կողմերից մեկը մյուսի օդանավն էր խոցում: Զոհվեցին անձնակազմի բոլոր 3 անդամները՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: Ադրբեջանցիները հատուկ հսկողություն էին սահմանել ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել հայ զինվորականների մարմինների տարհանումը: Չնայած թշնամու ջանքերին՝ նոյեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հատուկ գործողության միջոցով զոհվածներից մեկի (Ա. Սահակյանի) աճյունը, մյուս երկուսի մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր տարհանվել են:

Այս դեպքից 4 օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ը Հայաստանի տարածքով իրականացրել էր Բաքու-Նախիջեւան-Բաքու հերթական չվերթը, սակայն դա վերջինն էր լինելու, քանի որ սեփական ագրեսիվ ակտից հետո ադրբեջանցիները մտավախություն ունեին, որ հայկական կողմը կպատասխանի նույնկերպ՝ կխոցի ադրբեջանական ինքնաթիռը, եթե այն մտնի Հայաստանի տարածք: Այս դեպքից անցավ 7 տարի, եւ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, «AZAL»-ը կրկին Բաքվից Նախիջեւան թռավ Հայաստանի տարածքով, ինչը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում:     

Թեման երեկվանից լայնորեն քննարկվում է հայկական լրատվամիջոցներում ու սոցցանցերի հայկական տիրույթում: Բարձրացած մեծ աղմուկից հետո ՀՀ իշխանությունը խրամատավորվեց պաշտպանական դիրքերում: Երեկ գրել էինք, որ դեռ դժվար է հասկանալ, թե ինչ է տալու Փաշինյանի կառավարության այս քայլը մեզ: Շեշտել էինք, որ առանց իշխանության բարձր օղակների համաձայնության, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ին չէր թույլատրի մեր երկնքով թռիչք կատարել՝ անկախ այն հանգամանքից, որ, ինչպես կոմիտեն է ասում, երբեւէ արգելք չէր էլ սահմանվել: Նույնը նշել էինք Հայաստանի երկնքով անցնող թուրքական օդանավերի առաջ օդը չփակելու առնչությամբ:

Մեր հրապարակումից 1 ժամ անց ՔԱԿ-ը հայտարարեց. «ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ, ըստ ընթացակարգերի, քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որեւէ թույլտվություն չի պահանջվում»:

Կոմիտեն իր այս հայտարարությամբ, ըստ էության, փորձում է մոլորեցնել հասարակությանը: Կառավարության 2003 թ. որոշման մեջ ասվում է, որ «ՀՀ օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման՝ հիմք ընդունելով միայն օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները»:

Այսինքն՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները տարանցիկ թռիչքի թույլտվություն որպես այդպիսին չեն տալիս, սակայն ավիափոխադրողը (կոնկրետ այս դեպքում` ադրբեջանական «AZAL»-ը) մինչեւ չվերթ իրականացնելը պետք է հաղորդակցվի ՀՀ օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ, փոխանցի թռիչքի մասին որոշակի ինֆորմացիա, ինչից հետո հնարավորություն կստանա (կամ չի ստանա) օգտվել մեր երկնքից: Օդային երթեւեկության սպասարկման մարմինը ՔԱԿ-ին ենթակա «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն է, որը մեր երկրի տարածքում աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունն է, իսկ օդային տարածքի կազմակերպման միավորը համատեղ ռազմաքաղաքացիական մարմին է, որը տեղաբաշխվում է շրջանային կարգավարական կենտրոնի հետ համատեղ կամ նրա հարեւանությամբ (մեր երկրում միակ շրջանային կարգավարական կենտրոնը գործում է «Զվարթնոց» օդանավակայանում) եւ զբաղվում է օդային տարածքի կազմակերպման ամենօրյա գործունեության պլանավորմամբ, համակարգմամբ եւ օդային տարածքի ժամանակավոր հատկացումների իրականացմամբ: Այսպիսով՝ անկախ նրանից, թե «Հայաէրոնավիգացիայի» ու օդային տարածքի կազմակերպման միավորի կողմից «AZAL»-ին տրվածը թույլտվություն է, համաձայնություն, թե այլ բան, փաստ է, որ կողմերի միջեւ հաղորդակցության արդյունքում ավիաընկերությունը ստացել է համապատասխան իրավունք՝ օգտագործել Հայաստանի օդային տարածքը:

Այսքանից հետո ասել, թե ՀՀ ավիացիոն իշխանությունները մեր երկնքով տարանցիկ թռիչքի թույլտվություն չեն տալիս (այդ թվում՝ «AZAL»-ին), մանիպուլյացիա է:

Է՛լ ավելի ակնառու է ՔԱԿ-ի ձեւակերպումը, թե «այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ եւ հակառակ ուղղությամբ ու շարունակում են իրականացվել»: Կոմիտեն չի ասում, թե հայկական ավիաընկերություններից այդ որ մեկն է թռել ու թռչում Ադրբեջանի երկնքով: Իսկ իրականում՝ ոչ մեկը, որովհետեւ ՔԱԿ-ն այստեղ խոսում է ոչ թե հայկական, այլ ուրիշ պետությունների փոխադրողների մասին, բայց շատ անհաջող ձեւով փորձում է թաքցնել այդ հանգամանքը: Դեռ օգոստոսին կոմիտեն «Հետքին» հայտնել էր, որ հայկական օդանավերը չեն օգտագործում Ադրբեջանի օդային տարածքը, քանի որ դրա ուղղությամբ թռիչքների պահանջարկ չկա (այո, մերոնք միայն հյուսիս ու հարավ են թռչում՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան): Այս պարագայում ինչու՞ է կոմիտեն մանիպուլացնում, աղավաղում իրականությունն ու փաստերը: 

ՔԱԿ-ի ասածը գրեթե նույնությամբ շարադրել է անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում (մեջբերում ենք բառացի). «Երեւանը եւս ամբողջ այս ընթացքում, ժամանակահատվածում Երեւանի «Զվարթնոցից» թռիչքներ, օրինակ, դեպի Աստանա կամ դեպի արեւելյան Ռուսաստան օգտագործել է Ադրբեջանի տարածքը: Այսինքն՝ ինֆորմացիան մի մասով ներկայացվել ա, բայց ամբողջական չի ներկայացվել, որպեսզի եւս մեկ անգամ քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահեն»:

Գրիգորյանը, ինչպես եւ ՔԱԿ-ը, չի կարող ասել, թե ինչ հայկական օդանավեր են թռչում Ադրբեջանի տարածքով: Եվ թող ոչ մեկ չասի, թե խոսքը հայկական օդանավերի մասին չէ, այլ ընդհանրապես՝ Հայաստանից Ադրբեջանի երկինք մտնելու (կամ հակառակը): Խոսքը հենց հայկական ու ադրբեջանական փոխադրողների կողմից միմյանց երկինքն օգտագործելու մասին է, քննարկումներն էլ հենց ադրբեջանական փոխադրողին Հայաստանի տարածքով տարանցիկ չվերթ կատարելու հնարավորություն տալու շուրջ են: Ոչ մեկ չի քննարկում, թե, օրինակ, ղազախական «SCAT» ավիաընկերությունը ինչու է Հայաստանից իր երկիր մեկնում Ադրբեջանի երկնքով (տես ստորեւ՝ նկարում), որովհետեւ խնդիրը դա չէ:

Թե՛ ՔԱԿ-ը, թե՛ ԱԽՔ-ը սա լավ գիտեն, բայց պարզ է նաեւ նրանց ապակողմնորոշող հայտարարությունների շարժառիթը:

Վերջում բերենք մի քանի օրինակ, թե ինչպես է կառավարական բորտը, որի մեջ եղել է վարչապետ Փաշինյանը, Երեւանի «Զվարթնոցից» տակավին վերջերս Ղրղզստան ու Տաջիկստան թռել ու վերադարձել՝ շրջանցելով Ադրբեջանի երկինքը:

Սրանք պարզ ապացույց են նրա, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ջատագով Փաշինյանն ինքը չի օգտվում կամ գոնե առայժմ չի կարող օգտվել Ադրբեջանի երկնքից: Եվ ավելի լավ կլինի, եթե ՔԱԿ-ն ու ԱԽՔ-ը ասեն, թե ինչու է կառավարական օդանավը շրջանցում ադրբեջանական երկինքը. Ադրբեջանը մերժե՞լ է տարանցիկ չվերթ կատարելու՝ հայկական կողմի հարցումը, ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիան է արել, թե՞ հայկական կողմը Բաքվի ավիացիոն իշխանություններին չի էլ դիմել՝ ուղղակի գերադասելով երկար, բայց անվտանգ երթուղին:

Առաջին լուսանկարում՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը

Մեկնաբանություններ (2)

Хачик
կառավարական օդանավը կարող է շրջանցել ադրբեջանական երկինքը, իսկ Փաշինյանը՝ չպատվաստվել կորոնայի դեմ։ Չէ՞ որ օրենքները բացառապես գրվում էն ի շահ գրողների․․․
Nune H
Because Armenia’s government is run by stupids.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter