
Ո՞ր մեկին հավատալ. պաշտոնական հայտարարությունները հակասական են ու կասկածելի
Իշխանական պրոպագանդան եւ ինֆորմացիոն վակուումը
44 օր տեւած մարտական գործողությունների ընթացքում իշխանական քարոզչամեքենան շարունակ տարածում էր «հաղթելու ենք» կարգախոսը ու կոչ անում հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին: Սրա հետեւանքով հասարակության՝ մեդիագրագիտությունից հեռու եւ նույնիսկ մոտիկ մի ստվար հատված՝ քարոզչամեքենայի կողմից մատուցվող մեծ չափաբաժնով հաճելի ստերով տարված, սվիններով էր ընդունում նույնիսկ պատերազմի լուսաբանման տարիների փորձ ունեցող անկախ լրագրողների հրապարակումներն ու խոսքերը ճշմարտության մասին եւ վերջիններիս գամում անարգանքի սյունին: Սակայն այդ մարդկանց աչքի առաջ քարոզչական բոլոր թեզերն ու կարգախոսները պայթեցին հաշված ժամերի ընթացքում, երբ «հաղթելու ենք»-ը դարձավ «պարտվեցինք»:
Բումերանգի էֆեկտով այդուհետ խարազանման առարկա դարձավ գործադիր իշխանությունը՝ կառավարությունը: Վերջինիս՝ «հետեւեք միայն պաշտոնական լրահոսին» կոչը հետահայաց արժանացավ ծաղրանքի այն նույն զանգվածի կողմից, որը շաբաթներ առաջ իշխանական որոշ խոսնակներից ճշմարտության կուռքեր էր կերտել: Բայց հետո եկավ այդ կուռքերին «ոչնչացնելու» ժամանակը:
Վարկաբեկված իշխանական քարոզչամեքենան ստիպված եղավ անջատել շարժիչը, ինչից անմիջապես հետո առաջացավ ինֆորմացիոն վակուում, քանի որ նույն այդ մեքենայի ազդեցությամբ հասարակությունը երես էր թեքել մամուլից ու հիմա չգիտեր, թե որն է իրականը, որը՝ կեղծը: Ստեղծված բարենպաստ միջավայրում սոցիալական ցանցեր, իսկ այնտեղից էլ՝ մեդիադաշտ սկսեցին նետվել տարբեր տեսակի կեղծ լուրեր հետպատերազմյան իրավիճակի մասին՝ զոհեր, գերիներ, պատանդներ, սահմանների ճշգրտում եւ այլն: Կոնկրետ նպատակներ հետապնդող այդ լուրերը գալիս էին թե՛ ներքաղաքական շրջանակներից, թե՛ թշնամու ճամբարից: Ընդ որում՝ թշնամու քարոզչամեքենան շարունակեց աշխատել նաեւ պատերազմի ակտիվ փուլից հետո՝ փորձելով ամեն րոպե լարվածության մեջ պահել հակառակորդի հասարակությանն ու շիկացնել մթնոլորտը ռազմի դաշտում պարտություն կրած երկրի ներսում: Իր հերթին տեղական իշխանական քարոզչամեքենան ակտիվ-նախաձեռնողից դարձավ պասիվ-արձագանքող՝ լավագույն դեպքում փորձելով հերքել մեծ ծավալների հասած կեղծիքները, իսկ վատագույն դեպքում՝ ձգտելով շրջանցել կամ լղոզել իրական փաստերը, որոնք եւս տեղ ունեին վերը նշված աղբյուրների կողմից շրջանառվող լուրերում:
Կառավարությունը՝ որպես իշխանություն, ինֆորմացիայի թիվ մեկ կրողն է, սակայն այսօր մեզ շրջապատող իրականության մասին ճիշտ ինֆորմացիա ստանալն այդ նույն կառավարությունից լրագրողների համար դարձել է խնդիր: Բերենք կոնկրետ օրինակ. երկու անգամ գրավոր հարցում ենք ուղարկել վարչապետի անունով, սակայն պատասխանները ստացել ենք ոչ թե օրենքով նախատեսված նվազագույն ժամկետում՝ 5 աշխատանքային օրում, այլ ավելի ուշ: Իբրեւ հիմնավորում կառավարությունը նշել է, թե անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել, ինչի համար ժամանակ է պետք: Օրենքով այս դեպքում նախատեսվում է առավելագույնը 30 աշխատանքային օր: Չնայած մեր պնդումներից ու հիշեցումներից հետո վարչապետի աշխատակազմը պատասխանել է առավելագույն հնարավոր ժամկետից ավելի շուտ, հարցադրումների մի մասը կորցրել է իր արդիականությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո իրադարձությունները զարգանում են շատ արագ, եւ լրահոսը խելահեղ տեմպ ունի: Այս դեպքում կարող է արդյունավետ լինել բանավոր տարբերակը, որն ամրագրված է օրենքով, սակայն Հայաստանում գրեթե բոլոր պետական հաստատությունները խուսափում են բանավոր հարցումներից՝ մտնելով կոմֆորտի գոտի՝ գրավոր հարցման ընթացակարգ: Մեր հարցումների պատասխանների վրա աշխատել են ՊՆ-ն, ԱԳՆ-ն, ՏԿԵՆ-ը, վարչապետի աշխատակազմը:
Բայց ստացվում է այնպես, որ այդ պատասխանները նոր հարցեր են առաջացնում: Եվ ընդհանրապես, կառավարության մանեւրումները զայրացած ու պատասխան պահանջող հասարակության առաջ այնքան հախուռն են, որ իշխանության մի մարմինը հակասում է մյուսին, նույն պաշտոնյան նույն հարցին տարբեր անգամներ տարբեր պատասխաններ է տալիս: Այսպես կառավարությունը խորացնում է իր հանդեպ եղած անվստահության փոսը:
Հիմա բերենք օրինակներ, թե ինչ ցցուն հակասություններ են եղել պետական մարմինների եւ պաշտոնյաների հայտարարություններում: Միանգամից ասենք, որ օրինակները կներկայացնենք այս եւ հաջորդող հոդվածներում:
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում հայկական կողմից գերեվարվել է ոչ թե 62, այլ 64 զինծառայող
Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողություններից հետո՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ թշնամին ունի զոհեր եւ վիրավորներ, իսկ հայկական կողմը՝ 6 վիրավոր: Նույն օրը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքեց «ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե Հադրութի շրջանում վերջին երկու օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը զոհեր ունի»։
Այս հերքումից ժամեր անց ԱԽ նիստում վարչապետը հայտարարեց. «Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է»: Թե կոնկրետ ովքեր էին «այլ տուժածները»՝ զոհե՞ր, գերինե՞ր, Նիկոլ Փաշինյանը չասաց: Բայց տեղեկատվական կենտրոնի վերոնշյալ հերքումն այսպիսով առնվազն կասկածի տակ դրվեց:
Հասարակությունը պատասխան էր պահանջում, եւ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, թե ուսումնասիրում է տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերը հայկական կողմի հնարավոր գերիների մասին:
Ապա պաշտպանական գերատեսչությունը տարօրինակ հաղորդագրություն տարածեց, թե պարզաբանումներ է սպասում ՊԲ-ից: Վերջինս էլ դեկտեմբերի 16-ին հայտնեց, թե ամսի 15-ի երեկոյան «դեռեւս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։ Այս հաղորդագրությունն ավելի շատ հարցեր առաջացրեց. գերիների, վիրավորների ու զոհերի մասին ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկար: Նույն օրը ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեսանյութի իսկությունը, որում երեւում է, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս գալիս շրջափակումից: Թշնամու նախահարձակ գործողությունից միայն 4 օր անց՝ ամսի 16-ին, ՊԲ-ն հայտարարեց, թե Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությունում «դեռեւս շարունակում են անհետ մնալ 73 մարդու մասին տեղեկությունները»: Սա առաջին անգամն էր, որ ՊԲ-ն գոնե կոնկրետ թիվ նշեց:
Դեկտեմբերի 17-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ռուս խաղաղապահների կողմից «ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են»:
Այսինքն՝ հայտարարված 73-ից 9-ի մարմինները հայտնաբերվեցին, մնացած 64-ի ճակատագիրն անհայտ էր:
Բայց հաջորդ օրը՝ ամսի 18-ին, ՊԲ-ն հայտարարեց. «Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որեւէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել եւ վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»: Հայտնի չէր, թե թշնամու տարածած տեսանյութում երեւացող հայկական զինվորական համազգեստով մարդիկ որտեղ էին գերի ընկել, արդյոք դա Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի զինվորներն էին, թե այլ տեղանքի զինծառայողներ, բայց ՊԲ-ի հերքումը, որում տեղանքի որոշակիացում չկար, առնվազն վստահություն չէր ներշնչում: Մյուս կողմից՝ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել է մոտ 60 զինծառայող:
ՊԲ-ի հերքումից 3 օր անց՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին եւ հայտնել, որ «գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Ուշադրություն դարձրեք, որ թե՛ ադրբեջանական տեսանյութում, թե՛ ՊՆ հաղորդագրությունում նշվում է 62 գերու մասին: Այսինքն՝ ՊԲ-ի նախորդ հերքումն անհիմն էր: Բայց վերը նշեցինք, որ 73 հոգուց հայտնաբերվել էր միայն 9-ի մարմինը, իսկ մնացած 64-ի ճակատագիրն անհայտ էր: Հենց այս պատճառով վարչապետին հարցրել էինք, թե Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ հայկական կողմը քանի գերի եւ զոհ ունի: Մեր հարցման մեջ ներառված հարցերի պատասխանների մի մասը վարչապետի աշխատակազմը հավաքել է ՊՆ-ից ու ԱԳՆ-ից: Նշված հարցին, ենթադրաբար, պատասխանել է ՊՆ-ն:
«Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնվել է 64 զինծառայող: Այդ մասին պաշտոնապես հայտնել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը (իրականում, ինչպես մեջբերեցինք վերեւում, ՊՆ-ն հայտնել է 62-ի մասին- հեղ.): Նրանց վերադարձի հարցը գտնվում է պետական կառույցների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Գերեվարված 64 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաեւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում (ՊՆ-ն, իր սովորության համաձայն, արտագրել է սեփական հաղորդագրության այս հատվածը՝ 62-ը դարձնելով 64- հեղ.): Նշված հատվածում հայկական կողմն ունեցել է 9 զոհ»:
ՀՀ ՊՆ-ն ասում է, թե ռուսները Խծաբերդից 3 կմ հեռավորության վրա են, ռուսների քարտեզը հերքում է
Դեկտեմբերի 13-ին կայացած ԱԽ նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունը, ինչի պայմաններում տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը, առանձին քննարկման եւ վերլուծության նյութ է: Դեկտեմբերի 16-ին վարչապետին հարցրել էինք, թե արդյոք այդ ընթացքում ռուսական կողմի հետ պարզաբանվել է հարցը. ի վերջո, ո՞րն է եղել շփման գծի այդ հատվածում խաղաղապահների բացակայությունը: «Ըստ ռուսական կողմի պարզաբանման՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունը պայմանավորված է եղել ՌԴ խաղաղապահ ուժերի սահմանափակ հնարավորություններով»,- հայտնել են կառավարությունից:
ԱԽ նույն նիստում վարչապետը հայտարարել էր, թե դեկտեմբերի 12-ին ռուս խաղաղապահների փոքր ստորաբաժանում է մոտեցել մարտական գործողությունների գոտի, իսկ ամսի 13-ին խաղաղապահների ավելի մեծ ուժեր են մտել այդ տարածք: «Առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված, եւ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա,- հայտարարեց Փաշինյանը:- Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն՝ այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, եւ հետեւաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետեւ նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, պաշտպանության բանակի վերահսկողության ներքո»:
Բայց վարչապետի այս հայտարարությունից ժամեր անց ռուսական ուժերը դուրս եկան այդ տարածքից: «Ինչու՞ են ռուսական ուժերն այնտեղից դուրս եկել: Պարզաբանում եղե՞լ է ռուսական կողմից»,- հարցրել էինք Փաշինյանին, սակայն բովանդակային պատասխան չենք ստացել, ինչից կարող ենք ենթադրել, որ ռուսները հայկական կողմին պատճառաբանություն չեն ներկայացրել: Այս ու մեկ այլ հարցի կառավարությունից տվել են մեկ ընդհանրական պատասխան (ամենայն հավանականությամբ, պատասխան կազմողը կրկին եղել է ՊՆ-ն):
Այսպես՝ ռուսական խաղաղապահ ուժերն իրենց կայքում ամենօրյա ռեժիմով թարմացվող քարտեզում դեկտեմբերի 13-ին ու 14-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը ներառել էին իրենց պատասխանատվության գոտում (տես վերեւում), սակայն ավելի ուշ ամսի 14-ի քարտեզում փոփոխություն արվեց՝ նշված հատվածը կրկին ներկայացվեց որպես Ադրբեջանին անցած տարածք (տես ստորեւ): «Արդյոք սա նշանակում է, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածն այլեւս չի վերահսկվում ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական ուժերի կողմից, եւ այնտեղ հայ զինվորական (այդ թվում՝ կամավորական) այս պահին չկա»,- դեկտեմբերի 16-ին հարցրել էինք վարչապետին:
Վերը նշված երկու հարցերի պատասխանը հետեւյալն է. «Սույն թվականի դեկտեմբերի 13-ից ՌԴ խաղաղապահ ուժերի հենակետ է ծավալված Խծաբերդ բնակավայրից մոտ 3 կմ դեպի հյուսիս՝ լեռ Գենդարադաղում»: Այս պատասխանի եւ ռուսական ուժերի թարմացվող քարտեզի միջեւ շատ մեծ հակասություն կա: Ռուսական կողմի քարտեզում կարող եք տեսնել, որ շփման գիծն ու ռուսական պատասխանատվության գոտին Արցախի հարավում դեկտեմբերի 14-ից ձգվում է Գենդարադաղ գագաթից շատ հեռու: Այդ կետից ուղիղ գծով մինչեւ Հին Շեն կամ Լիսագոր (տես ներքեւի նկարում), որոնք գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ, 15 կմ է:
Քանի որ մեր հարցումն ուղարկել էինք դեկտեմբերի 16-ին, երբ ռուսներն, ըստ ամենայնի, արդեն հետ էին քաշվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից, եւ իրավիճակն արտացոլված էր նրանց կողմից հրապարակված քարտեզում, ՊՆ-ի այս պատասխանն առնվազն տարօրինակ է:
Բերդաձորի ենթաշրջանում հայկական կողմը գերի կամ զոհ չի ունեցել
Ինչպես հայտնի է, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում հաջողություն գրանցելուց հետո ադրբեջանցիներն առաջացել էին մինչեւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր՝ Հին Շեն ու Մեծ Շեն: Ն. Փաշինյանին հարցրել էինք, թե արդյոք ենթաշրջանում հայկական զինուժի կողմից գերիներ եւ/կամ զոհեր են եղել, ինչին ստացել ենք բացասական պատասխան:
Նկատել էինք նաեւ, որ ենթաշրջանում ադրբեջանական ուժերի հայտնվելը չի համապատասխանում եռակողմ հայտարարության որեւէ կետի, քանի որ այդ հատվածը պետք է լինի խաղաղապահ զորակազմի հսկողության տակ: Ըստ այդմ՝ ի՞նչ աշխատանք է տարվում ռուսական ուժերի հետ այս ուղղությամբ: Այս հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը բերել է «Ազատություն» ռադիոկայանին տված նրա հարցազրույցից (16.12.2020) մի հատված, որում Փաշինյանն ասել է, թե «իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է, եւ այդ հատվածում իրավիճակը հանգուցալուծվում է: Եվ կա հետեւյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է լինեն ո՛չ ադրբեջանական եւ ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ, եւ ամբողջությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»:
Առաջին լուսանկարը՝ արխիվից
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել