HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում հնարավոր է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ, քվեաթերթիկների 98,67 %-ի հաշվարկից հետո թեկնածուներից և որևէ մեկը չի հավաքել անհրաժեշտ 50%+1-ը ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար։ Ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտության մասին հայտարարել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա մրցակցի՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախընտրական շտաբների ներկայացուցիչները։ Երկու կողմերն էլ ենթադրում են, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։  

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 98,67 %-ի հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 49,35 %-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 45 %-ը։ Սինան Օղանն էլ, որը ներկայացնում է «ATA դաշինք»-ը, ստացել է ձայների 5,22 %-ը։

Քվեարկությունն ավարտվել էր Երևանի ժամանակով 18:00-ին, սակայն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն աջակիցներին կոչ էին արել սպասել պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Էրդողանի ձայների թիվն իջել էր 50 %-ից ներքև՝ քվեաթերթիկների 91 %-ի հաշվարկից հետո։ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վերջնական արդյունքները կհրապարակի մայիսի 19-ին։

CNBC-ն փոխանցում է, որ մրցակիցների նախընտրական շտաբների աղբյուրներն ընդունում են, որ ամբողջական հաղթանակի համար իրենք հնարավոր է չհաղթահարեն 50 %-ի շեմը։ Երկրորդ փուլը կարող է կայանալ մայիսի 28-ին։ Ընդդիմադիր 6 կուսակցության դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ «կարծես թե առաջին փուլում հաղթող չի լինի»։ «Նրանք դեռևս անում են իրենց ուժերի չափով ամեն ինչ, որ ձգձգեն գործընթացը»,- նշել է գործակալության աղբյուրը։

Ընդդիմությունը ենթադրում է, որ ընտրությունների արդյունքները հրապարակվում են որոշակի կարգով, որը արհեստականորեն բարձրացնում է Էրդողանի ձայների թիվը։ Այդուհանդերձ, ուշ գիշերը Էրդողանի և Քըլըչդարօղլուի աջակիցները հավաքվել են Անկարայում և Ստամբուլում, որպեսզի տոնեն հաղթանակը։

Էրդողանը Թուրքիայի իշխանության ղեկին է արդեն 20 տարի։ 2003-2014 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ 2014 թվականին առաջին անգամ ընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։

2016 թվականի հեղաշրջման փորձից հետո այդ երկրում նախագահի լիազորությունները խիստ ընդլայնվեցին, իսկ խորհրդարանինը՝ սահմանափակվեցին։ Քըլըչդարօղլուի նախընտրական խոստումներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին վերադարձն է և նախագահի լիազորությունների սահմանափակումը։ Ընտրություններից առաջ Թուրքիան բախվել էր տնտեսական լրջագույն ճգնաժամի։

2022 թվականին Թուրքիայում գնաճը գերազանցել էր 80 %-ը։ Տնտեսագետների կանխատեսմամբ՝ 2023 թվականի վերջին այն կկազմի ևս 46,4 %։ Գների աճի պատճառներից մեկը Էրդողանի պահանջով Թուրքիայում առանցքային տոկոսադրույքի իջեցումն էր այն պայմաններում, երբ աշխարհի մյուս երկրները, ընդհակառակը, բարձրացնում էին տոկոսադրույքները։ Reuters-ը գրում է, որ Էրդողանը էժան տոկոսադրույքները համարում է քաղաքականության մաս, որը առաջնահերթություն է տալիս տնտեսության աճին և ներդրումներին։

Ընտրություններից երեք ամիս առաջ՝ 2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավում տեղի ունեցան ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 45 000 մարդ։ Էրդողանը նշում էր, որ երկրաշարժը դարձել է 1939 թվականից ի վեր ամենահզորը։ The Washington Post-ն էլ գրում է, որ աղետը համարվում է վերջին 10-ը տարում զոհերի թվով ամենախոշոր երկրաշարժն աշխարհում։

Ընդհանուր առմամբ, այդ երկրում և դրա սահմաններից դուրս նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար տեղակայվել է 191 885 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո, ըստ Թուրքիայի ընտրական օրենսգրքի, մեկնարկել է նախագահական ընտրությունների հաշվարկը։ Ընտրելու իրավունք ուներ Թուրքիայի շուրջ 64 միլիոն քաղաքացի։

Թուրքական 81 նահանգում, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են առանց լուրջ բախումների։ Երկրում ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավանդաբար քվեարկել է Ստամբուլում այն ժամանակ, երբ նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, քվեարկել է Անկարայում։

Պարբերականները գրում են, որ քաղաքացիները հատկապես ակտիվորեն ընտրատեղամասեր են գնացել Ստամբուլում և Անկարայում։ Ընդ որում, այս ընտրություններն ունեն պատմական նշանակություն, քանի որ 2023թ․ հոկտեմբերին կլրանա Թուրքական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Իլյուստրացիան՝ Financial Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter