HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում օգտակար են անվանել Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման տեսանկյունից օգտակար է անվանել նախօրեին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կազմակերպած հանդիպումը, որն այս ձևաչափով դարձավ հինգերորդը, օգտակար և արդյունքին միտված ենք համարում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի առաջմղման տեսանկյունից»,- ասված է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում՝ նպատակ ունենալով կոնկրետ արդյունքների հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է հանդիպման ժամանակ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հաստատման «բացառիկ նշանակությունը», «այդ համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը»։

«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգանքի հիման վրա, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման միակ ճանապարհն է»,- նշում է ադրբեջանական կողմը։

Ադրբեջանական կողմը նաև պնդում է, թե Բաքուն պատրաստ է շարունակել երկխոսությունն ու փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, որոնք նպատակամիտված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում։

Հիշեցնենք, նախօրեին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և հարգում են Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները՝ հավելելով, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն։

Միշելը հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Բրյուսելում։ Այն կկայանա հուլիս ամսին։ Թե կոնկրետ որ օրը, Միշելը չի մանրամասնել։ Բացի այդ, Միշելը նշել է, որ կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել բրյուսելյան ձևաչափով՝ «այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա»։

Սակայն մինչև բրյուսելյան հանդիպումը, կողմերը ևս մեկ հանդիպում կունենան հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ հանդիպմանը Ալիևից ու Փաշինյանից զատ, կմասնակցեն նաև Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter