HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին»,- գրել է պաշտպանը։

Նա նաև հայտնել է, որ դատավճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։ Նա 2020 թվականի փետրվարի 10-ից կալանավորված էր։ 

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում։

Այս գործով անցնում են նաև Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, «Երևան շին» ՓԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանն ու ևս 5 անձ։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին, և 2020 թվականի փետրվարի 27-ին ազատվել այդ պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter