HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Բաբայանը խոստանում է «երկիրը տանել ճիշտ ճանապարհով», եթե դառնա Արցախի պետնախարար

Այսօր՝ մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի պահանջն է՝ Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար։ Ելույթ ունենալով՝ Սամվել Բաբայանը նշեց, որ հինգ քայլ, որ պետք է անհապաղ իրականացնել Արցախում։ Սակայն անդրադարձավ դրանցից երեքին միայն։ Առաջինը պաշտպանության խնդիրն է։ Ըստ Բաբայանի՝ Արցախի պաշտպանությունը պետք է կազմակերպել պրոֆեսիոնալ բանակի միջոցով։ Երկրորդ խնդիրը ժողովրդագրական է, երրորդը՝ հասարակության խոցելի խմբերի սոցիալական հարցը։ 

«Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86․6 հազար քառ. կմ տարածք ունի, որի մեջ մտնում է նաև Արցախը։ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջան։ Մենք կարող ենք դառնալ փախստական։ Եթե մենք չունենանք պատասխանատվության զգացում` լուծելու մեր խնդիրները, մենք Արցախում չենք կարողանալու ապրել։ Երկիրը պետք է լինի զարգացող և ապագա ունենա։ Ես այստեղ եմ ձեզ ծառայելու համար։ Ես երկիրը կտանեմ ճիշտ ճանապարհով։ Եվ մեր ապագան մեր ձեռքում կլինի, և ոչ թե թշնամու»,- նշեց նա իր ելույթում։ 

Ցույցի ընթացքում հայտարարվեց հավաքի պահանջը, որը ներկայացվել է Արցախի նախագահին։ Հայտարարության տեքստը՝ ստորև․ 

Հայտարարություն 

Մենք՝ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սույն թվականի մայիսի 15-ին ընթացող հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք․ 

Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ, անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին և սպառնալիքներին անհամարժեք գործողություններին, անվստահություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ ներքաղաքական խմորումների առնչությամբ, ինչպես նաև՝ ընդունելի համարելով 2020 թվականի հանրապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահից պահանջում ենք․ 

Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել Արցախի պետական նախարարի պաշտոնում և, հիմք ընդունելով ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորությամբ։ 

Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը։

Հավաքին ներկա էր նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, որին էլ փոխանցվեց հայտարության տեքստը։ Հավաքի մասնակիցները Վերածննդի հրապարակում սպասում են նախագահի պատասխանին մինչև օրվա վերջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter