
«Պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի փորձը՝ ի նպաստ մեր երկրի»․ ԱՀ նախագահը՝ Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջի մասին
Այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտի Վերածնդդի հրապարակում տեղի է ունեցել «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի պահանջն է Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել այս պահանջի վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:
Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- նշել է նախագահը։
Մեկնաբանել