
«Ինեկոբանկը» հայտնում է, թե հաճախորդի կողմից սխալ մեյլի տրամադրման հետեւանքով է քաղաքացին ստացել հաղորդագրություններ
Տեղի ունեցածը բանկի այլ հաճախորդի կողմից սխալ էլեկտրոնային հասցեի տրամադրման հետեւանք է: Հաճախորդի կողմից բանկի հետ գործարար հարաբերությունների հաստատման ժամանակ ներկայացվող տեղեկատվության ճշտությունը ապահովելու պատասխանատվությունը կրում է անմիջականորեն հաճախորդը։ Այսպես է արձագանքել «Ինեկոբանկը» «Հետքի» հոդվածին, որում գրել էինք՝ քաղաքացի Մարիամ Խաչատրյանը հայաստանյան 4 բանկից այլ մարդկանց անձնական տվյալներ պարունակող նամակներ է ստանում իր էլհասցեին՝ երբևէ այդ բանկերի հաճախորդը չլինելով։
«Ինեկոբանկից» խնդրել էինք պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ Մարիամ Խաչատրյանը ստացել է այլ անձանց հասցեագրված 177 հաղորդագրություն։
«Բանկն իրականացրել է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության գծով ներքին ուսումնասիրություն, որի արդյունքներով պարզվել է, որ վերոհիշյալ [email protected] էլեկտրոնային հասցեն Բանկի այլ հաճախորդի կողմից սխալմամբ ներկայացվել է որպես իրեն պատկանող հասցե ու գրանցվել Բանկի համակարգերում: Արդյունքում տվյալ հաճախորդի հաշիվների քաղվածքները ուղարկվել է վերոհիշյալ էլեկտրոնային հասցեին: Քաղվածքները հաճախորդներին ուղարկվում են էլեկտրոնային նամակին կից ֆայլերի տեսքով եւ պաշտպանված են գաղտնաբառով: Դրա շնորհիվ առանց գաղտնաբառի իմացության երրորդ անձը չի կարող հասանելիություն ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությանը՝ նույնիսկ եթե ստացել է տվյալ էլեկտրոնային նամակը: Միաժամանակ հայտնում ենք, որ 18/10/22թ.-ին [email protected] հասցեից Բանկը ստացել է նամակ այն մասին, որ հասցեատերը սխալմամբ ստանում է նամակներ, որոնք իրենց չպետք է ուղղվեն, քանի որ ինքը Բանկի հաճախորդ չէ։ Ի պատասխան վերոհիշյալ նամակի Բանկն իրականացրել է ներքին ուսումնասիրություն, որի արդյունքում բացահայտվել է այլ հաճախորդի մոտ գրացված նույն էլեկտրոնային հասցեն: Հաճախորդի հետ կապ հաստատելուց հետո պարզ է դարձել, որ էլ. հասցեն իր կողմից սխալ է ներկայացվել եւ իրեն չի պատկանում»,- ասվում է բանկի պատասխանում:
«Ինեկոբանկի» դեպքում, եթե հաճախորդի վերաբերյալ նրա էլհասցեին որևէ կցված ֆայլ պարունակող գրություն է ուղարկվում, ապա ֆայլին հասանելիություն ստանալու համար ստացողը պետք է մուտքագրի բանկային գաղտնաբառը, կամ ՀԾՀ համարը։
Ըստ բանկի՝ անձնական տվյալների պաշտպանության նպատակով բանկը ներդրել ու կիրառում է ոլորտի առաջատար ծրագրային լուծումները եւ տեխնոլոգիաները: Ինչպես հայտնել է «Ինեկոբանկը», միջազգային սերտիֆիկացում, ամբողջական աուդիտ եւ թեստավորումներ է անցնում ամեն տարի՝ Բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը միջազգային փորձին համապատասխան իրականացնելու համար:
Մեկնաբանել