HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը միջնորդություն ներկայացրին դատական նիստը հետաձգելու մասին։

Նրանք հայտնեցին, որ դատավորի աշխատակազմի պատճառով չեն կարողացել մինչ օրս ձեռք բերել գործի նյութերը պարունակող լազերային սկավառակները՝ չնայած վճարել են դրանց տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։ Մինասյանն ասաց, որ ապրիլի 28-ին վճարել են 14 հազար դրամ տուրք, սակայն այս նիստից 5 օր առաջ՝ մայիսի 11-ին, դատարանը հայտել է, որ վճարումն ամբողջական չի եղել, և ներկայացուցիչներն այսօր վճարել են ևս 1500 դրամ։ Փաստաբանները հայտնեցին, որ դատարանը կարող էր գոնե առաջին վճարված տուրքի չափով տրամադրել նյութեր։ Սմբատ Մինասյանը դժգոհեց նաև, որ նախորդ դատական նիստին էլ դատարանը հարգելի չէր համարել իրենց միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու, պատճենները ստանալու և նիստը հետաձգելու մասին, ինչի հետևանքով նրանք չէին կարողացել միջնորդություններ և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել։

Դատավոր Կարապետ Բադալյանը նկատեց, որ լազերային սկավառակների ձեռքբերման համար պետական տուրքի վճարի անդորրագիրն այսօրվա ամսաթվով է։ Նա հայտնեց, որ բարեխիղճ չեն գտնվել պատասխանողների ներկայացուցիչները, որ նիստից 30 րոպե առաջ են անդորրագիրը վճարել, և պնդում են, որ դատավորի աշխատակազմն է մեղավոր։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց գործում երրորդ անձ ներգրավված գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն էր։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․ օգոստոսի 1-ը։ Սակայն գործարարի կինը սահմանված ժամկետում չէր վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։

Լիլիթ Պետրոսյանն այս գործում բարեխիղճ գնորդ է։ Տոնոյանը հայտնեց, որ դատարանն արգելել է Լիլիթ Պետրոսյանին առանձնատան դիմաց վճարումները կատարել և այժմ միջնորդում են հանել այդ արգելքը։ Մեր հարցին, թե ինչու է Լիլիթ Պետրոսյանի շահագրգռվածությունը մեծ, որ վճարումը կատարի այն դեպքում, երբ կա այս դատական գործը, և վերջինիս կողմից վճարումների չկատարելը պայմանագրային պայմանավորվածության խախտում չի համարվի, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Կա պայմանագիր, որով սահմանված է ժամանակացույց՝ վճարում կատարելու, և Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նա իր կյանքը փորձում է կառուցել իր պարտավորություններին համահունչ»։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարում կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ վճարումները կատարելու թույլտվության դեպքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Լիլիթ Պետրոսյանի և Արգամ Աբրահամյանի միջև՝ վճարումները այլ հաշվեհամարի կատարելու մասին, ինչպես նաև արտերկրում գրանցված հաշիվների փոխանցելու մասին, ինչը կդժվարացնի կամ անհնար կդարձնի այդ գումարը բռնագանձելը։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արգելադրված է, և նման վտանգ չկա։ Որևէ երրորդ անձի փոխանցելու հանգամանքը ևս բացառեց փաստաբանը, քանի որ ըստ նրա՝ պայմանագրով նման դրույթ ամրագրված չէ։

Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց մյուս պատասխանողների ներկայացուցիչների դիրքորոշումները, սակայն նրանք հայտնեցին, որ միջնորդությունը չեն ստացել։ Դատարանը հայտնեց, որ բոլորին ուղարկվել է միջնորդությունը, և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ եթե դատարանի կողմից իրենց դիրքորոշման վերաբերյալ հարցումը ձևական բնույթ չի կրում, ապա դատարանը պետք է ժամանակ տա, որ ծանոթանան միջնորդությանը՝ դիրքորոշում հայտնելու համար։

Հաջորդիվ Սմբատ Մինասյանը և Լուսնթագ Բեժանյանը բացարկ հայտնեցին դատավորին։ Նրանք կասկածի տակ դրեցին դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասաց Լուսնթագ Բեժանյանը։

Բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհայտնի մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում
  • 4 ավտոմեքենա
  • 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր
  • շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ
  • ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով
  • 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: 

Կարդացե՛ք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter