
Հարցումների համաձայն՝ ընտրություններից առաջ Բայդենը պահպանում է առավելությունը Թրամփի նկատմամբ
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը շարունակում է պահպանել իր առավելությունը պոտենցիալ մրցակիցների՝ հանրապետականներ Դոնալդ Թրամփի և Ռոն Դեսանթիսի նկատմամբ՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այդ մասին վկայում են Reuters/Ipsos-ի կողմից իրականացված հարցման արդյունքները։
Գրանցված ընտրողների շրջանում Բայդենը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին շրջանցում է 6 տոկոսային կետով։ Համաձայն այդ հարցման՝ ընտրությունների հիպոթետիկ երկրորդ փուլում Բայդենին աջակցում է ընտրողների 44 %-ը, իսկ Թրամփին՝ 38։ Ընդորում, ըստ Reuters-ի, Բայդենն առավելությունը պահպանում է վերջին մի քանի ամիսներին։
Միևնույն ժամանակ հարցումը ցույց է տվել, որ Բայդենը կարող է բախվել որոշակի մարտահրավերների հետ, եթե ԱՄՆ հարավային սահմանին իրավիճակը վատանա։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահի վարչակազմը չեղարկեց «42-րդ բաժինը»՝ համավարակի ժամանակաշրջանի քաղաքականություն, որը բազմաթիվ միգրանտների հնարավորություն չէր տալիս ապաստան խնդրել, ինչն էլ առաջացրել է սահմանը հատելու փորձերի աճի մտավախություններ։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ սահմանի անօրինական հատման համար պատժի խստացումը և ապաստանի տրամադրման նոր գործընթացները պետք է կանխեն միգրացիայի որոշակի մասը։
Ավելի վաղ, նշվում էր, որ Morning Consult-ի հարցումների տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության փրայմերիզի պոտենցիալ ընտրողների 61 %-ն աջակցում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Գործող նախագահ Ջո Բայդենը ապրիլի 25-ին պաշտոնապես հայտարարեց նախագահի պաշտոնում իր թեկնածության վերաառաջադրման մասին։ Միևնույն ժամանակ Դեմոկրատական կուսակցության անդամների մոտ կեսը կարծում է, որ Բայդենը չպիտի վերընտրվի։
Լուսանկարը՝ Madeline Monroe/Greg Nash
Մեկնաբանել