HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի կոմիտեում աշխատավարձերը կբարձրանան, կլինեն հավելավճարներ ու վճարովի ծառայություններ

  • ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու համար ՀՀ քաղավիացիայի կոմիտեն օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել
  • Կոմիտեի մասնագետներն այլեւս չեն լինի քաղծառայողներ. այս պահանջը խոչընդոտ է նոր կադրերի ներգրավման համար
  • ՔԱԿ-ի մասնագիտական վարչություններում աշխատավարձերը կբարձրանան, կլինեն հավելավճարներ
  • Կոմիտեն ծառայություններ կմատուցի վճարովի հիմունքներով

Ավիացիայում ամենակարեւոր բաղադրիչը անվտանգությունն է, մասնավորապես՝ թռիչքային անվտանգությունը, որը ներառում է օդանավերի տեխնիկական պիտանիությունը, անձնակազմերի որակավորումն ու պատրաստվածությունը: Դրանք ենթակա են մշտական վերահսկողության: Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունը իրականացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ):  

Ամբողջ հարցն այն է, որ ՔԱԿ-ը սերնդափոխության ու նոր մասնագետների ներգրավման լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ցածր աշխատավարձերի ու որակավորված կադրերի պակասի պատճառով Կոմիտեն ունի մարդկային ռեսուրսների խնդիր: Վերահսկող կադրերի պակասն ու որակի մակարդակը, ի վերջո, բերել են նրան, որ հայկական քաղավիացիան հայտնվել է ԵՄ «սեւ ցուցակում»: Այսինքն՝ ԵՄ-ն Հայաստանի ՔԱԿ-ի կողմից թույլ վերահսկողության պայմաններում գտել է, որ, մասնավորապես, թռիչքային անվտանգության տեսանկյունից հայկական քաղավիացիան չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչի հետեւանքով 2020-ի հունիսին արգելել է ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքն իր օդային տարածք: 

Եվրոպական չափանիշներին համապատասխանելու եւ, ընդհանրապես, որակապես բարեփոխվելու համար ՔԱԿ-ը սկսել է փոփոխությունների գործընթաց: Առաջին քայլերն արվել են օրենսդրական մակարդակում, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունները պետք է հիմք դառնան՝ գործնական փոփոխություններ կատարելու համար:

Ինչպես արդեն գրել ենք, ԵՄ-ի պահանջներից մեկը Հայաստանի կողմից Թռիչքային անվտանգության պետական ծրագրի ընդունումն էր, ինչն արվել է 2021-ի փետրվարին:

Կստեղծվեն մասնագիտական նոր բաժիններ, աշխատողները չեն լինի քաղծառայողներ

Մի շարք էական թերություններ կան ՔԱԿ-ի ներսում: Մասնավորապես՝ մինչեւ վերջերս Կոմիտեն չուներ թռիչքների անվտանգության ապահովման եւ որակի (համապատասխանության) կառավարման համակարգեր: ՔԱԿ-ում չկար նաեւ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման առանձին ստորաբաժանում, փոխարենը մեր երկրում այդ մասնագետների վկայագրումը (սերտիֆիկացումը) կատարվում էր Կոմիտեի 3 տարբեր ստորաբաժանումների՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, ինչպես նաեւ օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչությունների կողմից, ինչը հակասում է Չիկագոյի կոնվենցիային, որը քաղավիացիայի ոլորտի միջազգային գլխավոր փաստաթուղթն է:

Սրա հիման վրա ՔԱԿ-ն առաջարկել էր փոփոխություն կատարել Կառավարության 2014 թ. որոշումներից մեկում եւ իր կազմում ստեղծել թռիչքային անվտանգության ապահովման եւ որակի կառավարման, ինչպես նաեւ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման բաժիններ, որոնց աշխատողները կլինեն քաղաքացիական աշխատանք կատարողներ:

Քաղաշխատանք կատարողների մասով շեշտադրումը հատուկ է արված, քանի որ ՔԱԿ-ում կարծում են, որ եթե նորաստեղծ բաժինների աշխատողները համարվեն քաղծառայողներ, դա լրացուցիչ խոչընդոտ կդառնա՝ երիտասարդ կամ նոր կադրեր ներգրավելու, ոլորտում եղած մասնագետներին մասնավորից դեպի պետական հատված բերելու հարցում: Այսինքն՝ եթե տվյալ աշխատանքը տեխնիկական, նեղ մասնագիտական բնույթի է, ինչու՞ պիտի անձը շահագրգռված լինի մի հատ էլ քաղծառայողի համար նախատեսված քննություն հանձնի՝ ՔԱԿ-ի այդ բաժիններում աշխատանքի ընդունվելու համար:

Սա վանում է շատերին, ինչը հասկացել են ՔԱԿ-ում ու առաջարկել Կառավարությանը ոչ թե քաղծառայողների, այլ պարզապես պայմանագրային հիմունքներով աշխատողների ներգրավել ոչ միայն նոր ստեղծվող բաժիններում, այլեւ գոյություն ունեցող մասնագիտական 2 ստորաբաժանումներում՝ ավիացիոն անվտանգության վարչությունում եւ օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչությունում:  

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, այս 2 վարչություններում թռիչքային անվտանգության ապահովման, վերահսկողություն իրականացնելու համար համապատասխան որակավորում ունեցող միայն մեկ անձ կա, ինչը նշանակում է, որ եթե տվյալ անձը դուրս գա աշխատանքից, նրա վարչության աշխատանքը կպարալիզացվի: Հատկանշական է, որ ՔԱԿ-ի մասնագիտական ստորաբաժանումներից թռիչքային գործունեության եւ թռիչքային պիտանիության վարչությունների աշխատողները չեն համարվում քաղծառայող:

Եվ ահա Կառավարությունն ընդունել է ՔԱԿ-ի օրենսդրական առաջարկները. այսուհետ ավիացիոն անվտանգության, ինչպես նաեւ օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչություններում կլինեն ոչ թե քաղծառայողներ, այլ պարզապես քաղաքացիական աշխատանք կատարողներ:

Իսկ ինչ վերաբերում է երկու նոր ստորաբաժանումների՝ թռիչքային անվտանգության ապահովման եւ որակի կառավարման, ինչպես նաեւ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման բաժինների ստեղծմանը, ապա, ՔԱԿ-ի գնահատմամբ, դրանք կլինեն հունիսի 1-ից. ներկայում այս ուղղությամբ մի շարք պետական մարմինների հետ ընթանում են փոխհամաձայնեցված աշխատանքներ։

Մասնագիտական ստորաբաժանումների վարձատրությունը կբարձրանա

Կոմիտեն առաջարկել էր նաեւ ավելացնել իր մասնագիտական ստորաբաժանումների աշխատողների վարձատրությունը: Դրանք են թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման, ինչպես նաեւ ավիացիոն անվտանգության վարչությունները, որոնց կավելանան նոր ստեղծվողները՝ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման ու թռիչքային անվտանգության ապահովման եւ որակի կառավարման բաժինները: Միանգամից ասենք, որ Կառավարությունը տվել է իր համաձայնությունը՝ լրացում կատարելով համապատասխան որոշման մեջ:

Առաջարկը բխում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներից: Ըստ այդմ՝ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման գործունեությունը պետք է կազմակերպվի պատշաճ ձեւով ու համալրվի որակավորված անձնակազմով: Պատշաճ վերահսկողություն կատարելու համար անհրաժեշտ է, որ ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները գործառնական կամ տեխնիկական ոլորտում իրենց կրթությամբ եւ փորձով չզիջեն վերահսկվող ընկերության անձնակազմին: Բացի դրանից՝ ICAO-ի ստանդարտներով շեշտվում է, որ պետական (վերահսկող) ու մասնավոր (վերահսկվող) կողմերը պետք է ունենան համարժեք աշխատանքային պայմաններ ու վարձատրություն: Տրամաբանական է, որ եթե վերահսկող պաշտոնյան ստանում է ավելի ցածր աշխատավարձ, քան կա մասնավոր ոլորտում, ապա մեծանում է պետական մարմնից դեպի մասնավոր «գաղթելու» ռիսկը եւ, իհարկե, վերահսկողության ժամանակ աճում է կոռուպցիայի՝ վերահսկվող ընկերության «գրպանին» նայելու վտանգը:

Այսպիսով՝ ՔԱԿ-ի վերոնշյալ 4 վարչությունների եւ նոր ստեղծվող 2 բաժինների մասնագետների աշխատավարձը կբարձրանա: Նկատենք, որ հիմնական աշխատավարձը ձեւավորվում է բազային աշխատավարձի (սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեի մասին օրենքով) եւ հատուկ գործակցի արտադրյալով: Կառավարությունը ՔԱԿ-ի մասնագետների համար բարձրացրել է այս գործակիցները:

Բացի հիմնական աշխատավարձից՝ այդ մասնագետները կստանան երկու տիպի առանձին հավելավճարներ, մեկը՝ կախված Կոմիտեում իրենց աշխատանքային ստաժից, մյուսը՝ կախված իրենց կոմպետենցիայից:

Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների եւ վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Ավիացիայի մասին» օրենքից, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերից բխող գործառույթների պատշաճ, լիարժեք եւ արդյունավետ իրականացման համար:

Կոմպետենցիան հավաստվում է համապատասխան վկայականով (սերտիֆիկատով), որի հիման վրա կոմպետենցիան ենթակա է հաստատման ՏԿԵ նախարարի սահմանած կարգով:

Կառավարությունը սահմանել է 9 տեսակի կոմպետենցիա՝ ըստ ավիացիոն նեղ ուղղվածությունների: Ընդ որում՝ դրանց համար նախատեսված հավելավճարները տարբեր են: ՔԱԿ-ի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր կոմպետենցիայի համար ամեն տարի պետք է մշակվի անհատական ուսուցման պլան: Պլանով նախատեսված ուսուցումներն ու վերապատրաստումներն անցնելով՝ Կոմիտեի աշխատողը քայլ առ քայլ կկարողանա հասնել լիարժեք կոմպետենտության: 

Անդրադառնալով Կոմիտեի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանն ու հավելավճարների նոր մեխանիզմին՝ ՔԱԿ-ից նշում են, որ նոր կարգավորումները թույլ կտան նախեւառաջ կանգնեցնել կառույցում առկա առանց այդ էլ քիչ մասնագետների շարունակական արտահոսքը եւ կայունացնել անկումային իրավիճակը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:

Կոմիտեի աշխատակիցների թիվը կավելանա

Քաղավիացիայի կոմիտեն աշխատողների ծանրաբեռնվածությունը գնահատելու եւ ըստ այդմ հաստիքների քանակը սահմանելու նպատակով իրականացրել է մարդկային ռեսուրսների հաշվարկ, որի համաձայն՝ ներկա 63 հաստիքի փոխարեն անհրաժեշտ է 80 հաստիք: Բայց ՔԱԿ-ը նշել է, որ տվյալ պահին պետք է 71 հաստիք. սա այն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է բարձր ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու համար:

Գործադիրն այս առաջարկի հիման վրա փոփոխություն է կատարել 2018 թ. իր որոշումներից մեկում ու ՔԱԿ-ի համար հաստիքների առավելագույն թիվ սահմանել 70-ը նախկին 63-ի փոխարեն:

ՔԱԿ-ի ծառայությունների համար պետտուրք պետք է գանձվի

Բացի վերոնշյալից՝ ՔԱԿ-ը մշակել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որով նախատեսվել է Կոմիտեի կողմից մատուցվող շուրջ 50 տեսակի ծառայություն, որոնց համար այսուհետ պետք է գանձել պետտուրք: Նախագիծը քննարկման դնելուց հետո ՔԱԿ-ը որոշել է լրամշակել ծառայությունների ցանկը, որոնք, ըստ այդմ, լինելու են 100-ից ավելի: Սա նշանակում է, որ Կոմիտեն ունենալու է արտաբյուջետային հոսքեր, ինչը լրացուցիչ ֆինանսական կայունություն կարող է հաղորդել պետական հիմնարկին:

Լուսանկարները՝ Լիանա Սայադյանի, «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter